19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել․ Նիկոլ Փաշինյան

B1DB6D20-1953-44B4-868D-7FC8C03DD47D

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե որեւէ բան փոխվել է, ապա միայն դեպի դրականը։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, դեռեւս վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ ինքը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որեւէ արմատական փոփոխություն չի լինելու։ «Մենք լիովին պահպանում ենք այդ գիծը։ Կարեւոր է հասկանալ՝ որտեղի՞ց այդպիսի անվստահություն։ Մի շարք հայտնի հեղափոխություններից հետո, որոնք ընդունված է անվանել «գունավոր», այդ երկրներում հայտնվել են հակառուսական տրամադրություններ։ Մեզ համար շատ կարեւոր է արձանագրել, եւ ես այդ մասին բազմիցս ասել եմ, որ մեր հեղափոխության մեջ չի եղել ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ, չի եղել ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն, չի եղել ոչ մի արտաքին ուժ, որը կներգրավվեր հեղափոխության գործընթացում։ Դա շատ կարեւոր է։ Սակայն պետք է իմանալ, որո որոշ ռուսական շրջանակներում գոյություն ունեն որոշակի կասկածներ, թե որքանով են իրականությանը համապատասխանում իմ հայտարարություններն այն մասին, որ չի եղել մեր հեղափոխության մեջ ներգրավված ոչ մի արտաքին ուժ։ Ես բազմիցս ասել եմ եւ կրկին ուզում եմ ասել, որ դա ինձ համար, մեր բոլորիս համար ոչ միայն քաղաքական հարց է։ Դա նաեւ իմ անձնական արժանապատվության հարցն է։

Իհարկե, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է։ Ընդ որում, Հայաստանը շատ կարեւոր երկիր է Ռուսաստանի Դաշնության համար։ Ռուսաստանում կան փորձագետներ, մասնագետներ եւ քաղաքական գործիչներ, որոնք պետք է կանխատեսեին Հայաստանի իրադարձությունները, պետք է իմանային, որ հնարավոր է հեղափոխություն, հնարավոր է իշխանության փոփոխություն։ Սակայն իրադարձությունների վերլուծություն, ամենայն հավանականությամբ, չի արվել, մինչեւ վերջին օրը նրանք վստահեցնում էին, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, որ Սերժ Սարգսյանն առանց խնդիրների կդառնա վարչապետ եւ կշարունակի կառավարումը․․․ Այժմ նրանց պետք են բացատրություններ, այդ պատճառով հայտնվում են «վկայություններ» այն մասին, որ հեղափոխության հետեւում իբր եղել են արտաքին ինչ-որ ուժեր։

Ես ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ Հայաստանում չի եղել գունավոր հեղափոխություն։ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի ազգային թավշյա հեղափոխություն։ Եւ դա հազվագյուտ երեւույթ է համաշխարհային պատմության մեջ, եւ մենք դրանով հպարտանում ենք։

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե որեւէ բան փոխվել է, ապա միայն դեպի դրականը։ Ինչպես եւ խոստացել էի, մեր հարաբերություններում չկան որեւէ մութ անկյուններ։ Մեր դիրքորոշումը աշխատանքային զրույցներում, աշխատանքային շփումներում էլ չի տարբերվում հրապարակայինից, եւ դա մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու շատ լավ հնարավորություն է։ Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Սակայն անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ մենք ունենք նաեւ ներքաղաքական օրակարգ, որը, բնականաբար, չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի հետ, որովհետեւ յուրաքանչյուր երկիր ունի իր ներքաղաքական օրակարգը, եւ դա որեւէ կերպ չի ազդում այլ երկրների հետ մեր հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա։

Իհարկե, կան նրբություններ։ Օրինակ, մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ առավել ակտիվ են դարձել։ Սակայն մեր ռուսաստանցի գործընկերները տեղեկացված են այդ մասին։ Մենք, ինչպես խոստացել ենք, թափանցիկ ենք մնում ռուսաստանցի գործընկերների հետ մեր հարաբերություններում։ Եւ իմ պատասխանն է՝ այո, Ռուսաստանը մեզ համար ռազմավարական դաշնակից է»,-ասել է Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ