19 Մայիսի, Կիրակի, 2019

Մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք անում

image_750x_5cbef0607a150

Քաղաքապետարանը հիմա էլ ընկել է շրջիկ առևտրի կետերի հետևից։ Դրանք այն ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ թրեյլերներով շարժական առևտրի կետերն են, որոնցից կարելի է սուրճ, թեյ, հյութեր և բուտերբրոդներ գնել։

Երևանում 47 այդպիսի առևտրի կետ կա, որոնց մի մասի հոսանքն արդեն մի քանի օր է՝ քաղաքապետարանի պահանջով անջատել է ՀԷՑ-ը։
Շարժական սրճարանների միության հիմնադիրներ Արեն Մելիքյանն ու Հրաչ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց դժգոհությունը հայտնեցին  քաղաքապետարանի ու ՀԷՑ-ի կայացրած որոշումից, քանի որ ուրբաթ օրվանից իրենք հոսանք չունեն և գործունեություն չեն ծավալում։

«Ապրիլի 19-ից տեղի է ունեցել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության կողմից ուղղորդված արշավ՝ ՀԷՑ-ի ուղեկցությամբ, ուղղորդվել են դեպի բոլոր շրջիկ առևտրի կետերը և հոսանքազրկվել են դրանք։ Նշեմ, որ շրջիկ առևտրի կետերից որոշներն ունեցել են ՀԷՑ-ից տրված պայմանագրեր ու թույլտվություններ՝ նշված հոսանքալարման պայմաններով, և թե հոսանքի որ վահաններից են օգտվելու, այսինքն՝ ամբողջությամբ անվտանգ է եղել։ Բայց առանց որևիցե պատճառաբանության անջատել են հոսանքները, ու որևէ որոշում չի ներկայացվել»,- ասաց Արեն Մելիքյանը։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո սնկի պես աճեցին այս շրջիկ առևտրի կետերը, որոնց համար որևէ թույլտվություն չէր պահանջվում քաղաքապետարանից, ու մի մասը կարող է և որոշակի նորմերի խախտմամբ էլ սկսել իր գործունեությունը։ Ուստի իրենք կողմ են, որ կարգավորումներ մտցվեն, բայց ոչ այս ձևով, որ գան և միանգամից հոսանքազրկեն։

Ըստ Արեն Մելիքյանի՝ իրենք հանդիպում են ունեցել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ, և նա ասել է, որ ինքն ուղղակիորեն դիմել է ՀԷՑ-ին, որ անօրինական լարանցումները հեռացվեն՝ չնշելով, թե որ լարանցումները։ «Սակայն բոլորս էլ տեսել ենք, որ այդ արշավն ուղղորդված էր շրջիկ առևտրի կետերի դեմ։ Բայց եթե ոչ անվտանգ լարանցումների մասին է խոսքը, ապա պետք է ապամոնտաժվեն բոլորը, ինչի է թիրախավորված։ Եթե թիրախավորված է, ուրեմն սա մեկ ենթատեքստ ունի՝ ուզում են փակուղի տանել շրջիկ առևտրով զբաղվող բիզնեսմեններին»,-ասաց նա։

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքը, որը գրվել է 2004 թվականի նոյեմբերի 24-ին, այնտեղ հստակ նշված են «Շրջիկ առևտրի կետ» և «Շրջիկ առևտրի կետից իրականացվող առևտուր» հասկացությունները։ Եվ, հետևաբար, դրանք համարվում են մանրածախ առևտրի տեսակ։ Եվ էնտեղ ոչ մի հոդվածում չկա նշված, թե շրջիկ առևտրի կետը որ կառույցից պետք է թույլտվություն վերցնի։ Հիմա քաղաքապետարանը նախագիծ է մշակել, որ նշված օրենքում փոփոխություն և լրացում կատարվի, և դրանք առնչվում են զուտ վերահսկող կամ կարգավորող մարմին մտցնելու հետ կապված»,-թույլտվության վերաբերյալ  հարցին ի պատասխան՝ ասաց Հրաչ Դավթյանը։

Արեն Մելիքյանն էլ հիշեցրեց, որ իրենք բոլորն էլ մասնակցել են հեղափոխությանը, և լսել են այն խոստումները, որ հեղափոխությունից հետո աջակցելու են փոքր ու միջին բզինեսին, բայց հիմա եկել ու փակում են իրենց բիզնեսը։ Նա նաև նշեց, որ իրենք դեռ 2018-ի սեպտեմբերից բարձրաձայնում են այս կարգավորումների մասին, որ սնկի պես չաճեին այս շարժական կետերը, բայց ոչ ոք իրենց չէր լսում, և հիմա եկել ու հոսանքազրկում են իրենց ՝ առանց կարգավորումները մտցնելու։ Ուստի իրենց խնդրանքն ու պահանջն այն է, որ հնարավորինս շուտ արտահերթ նիստով կառավարությունում քննարկվի նախագիծն ու օրենքի ուժ ստանա, որպեսզի էլ ավելի չշատանան այս շրջիկ կետերն ու ավելի մեծ խնդրի առաջ չկանգնեն։ Իսկ հիմա, ըստ նրա, արդար մոտեցում չի ցուցաբերվում իրենց հանդեպ՝ հոսանքազրկելով իրեց շրջիկ կետերը։

«Մենք՝ այս շրջիկ առևտրով զբաղվողներս, բնականաբար, փոքր բզինեսով զբաղվողներ ենք, և մեզ պետք չի խառնել նախկին կառավարության հետ, մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք անում, մենք հեղափոխության մասնակից ենք, մենք ձեզ ենք քվե տվել, որ դուք մեր շահերը պաշտպանեք, զարգացնեք մեր բիզնեսը, ինչը խոստացել էին, ի դեպ։ Բայց կատարվում է հակառակ պրացեսը։ Հիմա մենք խնդրում ու պահանջում ենք, որ խոստումները կատարեն»,-ասաց Արեն Մելիքյանը։

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ