19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

Ազգային ժողովի դահլիճում տխուր է, ժպիտ չկա, իսկ դա նշանակում է՝ հաճույք չենք ստանում մեր աշխատանքից

images
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխության սահմանումը պետք է տալ, քանի որ այդ հասկացության ընկալման տարբերություններ կան:
 
«Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը: Հենց այստեղ է հեղափոխությունը», – Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Վարազդատ Կարապետյանը՝ կարծիք հայտնելով կառավարության ծրագրի նախագծի մասին:
 
Պատգամավորի խոսքով՝ իշխանության ընդդիմախոսները պետք է ցույց տան լրացուցիչ ճանապարհներ՝ օգնելու ինչպե՞ս, ինչ ոլորտներում է հնարավոր մարդու ստեղծարար ուժը աշխատեցնել: 
 
«Պետք է ցույց տալ ինչպես անել, որ մարդիկ ավելի լավ, ավելի շատ աշխատեն մեր երկրում, զգան իրենց այդ աշխատանքի մեջ, սիրեն այդ աշխատանքը, մենք էլ՝ մեր աշխատանքը, վերջիվերջո, որովհետև մեր դահլիճում տխուր է անցնում օրը, եթե նկատել եք: Ժպիտ չկա, դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում: Մենք մեր աշխատանքից պետք է սկսենք հաճույք ստանալ:
 
Իհարկե, այստեղ լուսամուտներ չկան, բայց պետք է սկսենք կոտրել այս իրավիճակը ու դուրս գանք այս իրավիճակից», – ժպտալով հայտարարեց Վարազդատ Կարապետյանը:
 
Նրա այս ելույթը առաջացրեց դահլիճում նստած վարչապետի ծիծաղը: 
 
Կարապետյանը շարունակեց փիլիսոփայական մոտեցմամբ բացատրել կառավարության ծրագիրը, ասաց՝ պետք է ժպիտով խոսել ժողովրդի հետ, ժպիտով ներկայացնել ծրագրի էությունը:
 
Անդրադառնալով հայտարարություններին, թե այս կառավարության ծրագիրը նման է նախորդ կառավարությունների ծրագրին, Կարապետյանն ասաց, որ տարբերություններ կան ու նշեց դրանցից մեկը. «Մենք հայտարարում ենք՝ ինչ նպատակով պետք է աշխատենք, այսինքն՝ ում համար է այս ամենը և ինչպես պետք է դա անենք: Հիմնական նպատակը մարդն է, որի համար էլ արվում է այս ամենը, իսկ ինչպես անելը հետևյալն է՝ ազատ ու առանց կոռուպցիայի դաշտ ստեղծելը»:
 
Իշխանական պատգամավորի խոսքով՝ եթե ուզում ենք, որ երկիրը զարգանա, ապա չպետք է թույլ տալ, որ լավատեսության պաշարը թուլանա, նվազի:

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ