01 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքական բանավեճի կուլտուրան պլինտուսից ցածր մակարդակի իջեցրեց. Շարմազանով

Без названия (7)

lragir.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

Պարոն Շարմազանով, Լոռիում ինչպե՞ս է ընթանում Ձեր քարոզարշավը։  Նիկոլ Փաշինյանը Լոռիում կոչ արեց ձայն չտալ ՀՀԿ-ին։ Չեք կարծո՞ւմ, որ ձայն չեք ստանա։

Ես Լոռիում եմ, քարոզարշավն այստեղ նորմալ է անցնում։

Ես կարծում եմ՝ մարդիկ պետք է կոչեր հնչեցնեն, թե ինչու մարդիկ պետք է իրենց ձայն տան, ոչ թե ինչու պետք է ուրիշին ձայն չտան։ Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը եկել է Ալավերդի ու ասել՝ ՀՀԿ-ին ձայն մի տվեք, կարծում եմ՝ վարչապետին բավականին տխուր անակնկալ է սպասվում, որովհետ իր նման 100 հոգի էլ լինի, ՀՀԿ-ին և ինձ ձայն են տալու, որովհետև մարդիկ ունեն թասիբ, ունեն նամուս, գնահատում են իրականացրած աշխատանքը։ Ինչքան ձայն կստանա ՀՀԿ-ն, կորոշի ժողովուրդը։ Բայց չի կարելի գալ Ալավերդի ու հայտարարել՝ ձայն մի տվեք ՀՀԿ-ին։ Յուրաքանչյուր քաղաքական թիմ պետք է իրականացնի իր ծրագիրը։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է ժողովրդին ցույց տա, թե ինչու պետք է իրեն ընտրեն, ոչ թե ինչու պետք է ուրիշին չընտրեն։

Ինչ վերաբերում է վարչապետի տխրահռչակ հայտարարությանը, թե Ալավերդին ՀՀԿ-ի հենակետներից մեկն է, քանի որ նաև Շարմազանովն է ալավերդցի և հույս է հայտնել, որ ոչ մի ալավերդվի ՀՀԿ-ին, նաև Շարմազանովին ձայն չի տա, ես կասեմ՝ պարոն վարչապետ, յա, իրո՞ք։ Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Այսինքն՝ քեզ ի՞նչ է թվում՝ ալավերդցիք թասիբ չունեն, նամուս չունեն, մարդու իրականացրած աշխատանքը չեն գնահատում։ Էդուարդ Շարմազանովը, իր ծնողները, իր եղբայրը, իր ընտանիքը էստեղ են։ Ես 43 տարի կապ ունեմ Ալավերդու հետ։ Ոչ ես, ոչ ինձ հետ կապված որևէ մարդ որևէ լկտի պահվածք, ոչ մի օրենքի խախտում չի արել։ Բացի ժողովրդին ձեռք բռնելուց՝ մենք ուրիշ բան չենք արել։ Եթե գնայիր Երևանի քուչեքում ասեիր, որտեղ ինձ չեն ճանաչում, դա ուրիշ բան, բայց  գաս Ալավերդիում ասես՝ հույս ունեմ, որ ՀՀԿ-ին ձայն չեք տա, ախր դու վաղը գնալու ես, ժողովրդի խնդիրներով էլի ես եմ զբաղվելու։ 5 տարին մեկ գալիս եք ընտրարշավին խոսում եք, թողնում գնում, ժողովրդին էլ խաբում եք։ Եթե ինքը նման հայտարարություն է անում, որը հարիր չէ քաղաքական գործչին, ես էլ ասեմ, որ առնվազն մի քանի հազար ձայն ՀՀԿ-ն Ալավերդիում ստանալու է։

Նշեցիք Փաշինյանը գնալու է, բայց նա հայտարարել է, որ սա անցումային խորհրդարան չի լինելու, գործելու է իր ողջ ժամկետով, այսինքն՝ ոչ մի տեղ չի գնում վարչապետը։ Ինչո՞ւ եք կարծում, որ նա գնացող է։

Գնալն էլ, գալն էլ հարաբերական է։ Ոչ ինքը, ոչ որևէ մեկը հավերժ չեն։ Փաշինյանի ասածն ինձ համար վերջին ճշմարտություն չէ։ Ես չեմ ասում խորհրդարանն անցումային է լինելու կամ չի լինելու, խոսքը դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ քաղաքական գործիչը, մանավանդ պետության ղեկավարը, պետք է լինի բարձր մակարդակի, այլ ոչ թե  քաղաքական բանավեճն իջեցնի քուչի տղու մակարդակի։ Կփռեմ ասֆալտին, էս կանեմ, էն կանեմ։ Եկել էիր Ալավերդի, աղետի գոտուց խոսեիր, կոնկրետ գործողություններից խոսեիր, քո տնտեսական ծրագիրը ներկայացնեիր, մարդկանց ասեիր՝ ինչ պետք է անես, որ աշխատատեղեր բացվեն։ Եկել է Ալավերդի, ասում է՝ հույս ունեմ ՀՀԿ-ին ձայն չեք տա։ Դա նույնն է, որ երբ ինքն ընդդիմություն էր, գնայի Իջևան և ասեի՝ հույս ունեմ, ոչ ոք Փաշինյանին ձայն չի տա։ Բա մարդիկ ինձ վրա չէին ծիծաղի՞։ Չէ՞ որ Փաշինյանն այնտեղ ծնողներ ունի, բարեկամներ ունի, որ իրեն էին ձայն տալու։

Շարմազանովը ալավերդցիներին բացի լավից ոչ մի վատ բան չի արել։ Իմ քաղաքական կենսագրությունը մաքուր է, ոչ որևէ մեկի բիզնեսին փայ եմ մտել, ոչ բիզնես եմ արել, ոչ բիզնես եմ խլել։ Ես Ալավերդիում բացի իմ հայրական տնից ոչ մի բան չունեմ, նույնիսկ գարաժ չունեմ։ Ալավերդցիք դա գիտեն ու դու եկել ես տենց բան ես ասում։ Լավ, ինքն իր ասածից գո՞հ է։ Տնաշեն, գոնե ասա՝ քիչ ձայն կտաք, գոնե ասա՝ մեզ ավելի շատ ձայն կտաք։ Դու երկրի վարչապետ ես, քո խոսքի արժեքը պետք է իմանաս։ Հիմա եթե ՀՀԿ-ն ձայն հավաքեց Ալավերդիում, ինքը դրա տակից ո՞նց է դուրս գալու։ Հայաստանի բոլոր քաղաքներում էլ ՀՀԿ-ին ձայն են տալու։ Ի՞նչ ես տվել ՀՀԿ-ին ու չես առել, գնա քո քարոզարշավն արա։ Ես բոլորին կոռեկտ և ծրագրային քարոզարշավ եմ մաղթում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է հանրությանը ներկայացնենք մեր ծրագրերը։ Ես հրապարակային հանդիպումներ եմ ունենում, դռնեդուռ եմ անցնում, փողոցներում եմ քայլում։ Հենց նոր ավարտեցի զբոսանքը Վանաձորի փողոցներում, շատ ազատ, հանգիստ։

Չե՞ք կարծում, որ Փաշինյանի հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ հասարակության մոտ, քանի որ նա ունի մեծ վստահություն։

Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա, որ Ալավերդիում ՀՀԿ-ն պետք է ձայն չհավաքի՞։ Ես էլ պատասխանում եմ, որ Լոռու մարզի ցուցանիշները ՀՀԿ-ի համար լինելու են լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Ես չեմ ասում՝ իրենց հաղթելու եմ, ես իրենց հետ մրցման չեմ էլ մտել։ Ես իմ գործն եմ արել, 11 տարի ծառայել եմ հանրապետությանը։ Երբ ինքը իմ արածի 1 տոկոսը կանի, նոր թող խոսի։ Երբ ինձ նման մի քանի երկրում Ցեղասպանություն կճանաչի, երբ ապրիլյան պատերազմում ինձ նման արտասահմանից պատգամավոր կբերի Ղարաբաղ առաջին գիծ, երբ Արցախի քվեարկության ժամանակ 7 երկրներից բարեկամության խմբի պատգամավորները կողմ կքվեարկեն հանուն Ղարաբաղի, այն ժամանակ թող խոսի։

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքական բանավեճի կուլտուրան պլինտուսից ցածր մակարդակի իջեցրեց և մինչ օրս ոչ մի ծրագրից չի խոսում։ Սպանեց թողեց՝ ասֆալտին փռենք, վզից բռնենք շպրտենք։ Սենց ինչքա՞ն կարելի է, սա  վարչապետի բառապաշար չի։ Դուք հաղթել եք, եկել եք  իշխանության, ձեր ծրագրերը ներկայացրեք։ Դուք ժողովրդին հաշվետվություն տվեք, թե այս 7 ամսում ինչ եք արել և ինչ եք նախատեսում անել, և ինչպես եք անելու։ Իսկ թե ում կընտրի ժողովուրդը, դա կորոշի հենց ժողովուրդը։ Դեկտեմբերին կյանքը չի ավարտվելու, ոչ շատ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել, ոչ էլ քիչ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել։ Ես արձանագրում եմ, որ այսօր չկա քաղաքական բանավեճ ու դա կատարվում է Փաշինյանի կողմից։ Ինքը 7 ամսվա սուտը, խաբեությունը փորձում է կոծկել ինչ-որ թիրախ ընտրելով։ Վարչապետ մարդ ես, ծրագրից խոսիր։ Բա գա Սպիտակ ու աղետի գուտուց չխոսի՞։ Թող մինչև դեկտեմբերի 9-ը Ալավերդու գործարանը գործարկի։ 600 մարդ անգործ է մնացել, եկել ժողովրդի գլխին լոլո է կարդում։ Ասում է վատագույն դեպքում Թեղուտում կաշխատեն, ի՞նչ Թեղուտ, դուք չինացիների հետ ի՞նչ կապ ունեք։ Չինացիների հետ մեր կառավարությունն է բանակցել, ես շատ լավ տեղյակ եմ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր պետական մակարդակով։ Իշխանափոխությունից հետո բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ասում է՝ նոր գործարան կբացենք. Ներդրումների նմա՞ն, որ 100 մլն-ից 8 մլն դարձավ, կարմիր գծերի նմա՞ն, որ ասեցիք կհանենք, ու չեք հանում, աշխատատեղերի նմա՞ն, որ ոչինչ չեք անում, ԵՏՄ-ից դուրս գալու նմա՞ն, որ ասում էիք դուրս ենք գալու ԵՏՄ-ից, բա ինչի՞ դուրս չեք գալիս։ Փաշինյանի գոռգոռոցն այնքան շատ է, որ մնացածի որևէ քաղաքական ծրագիր լսելի չէ։ Առավոտ գոռում է, երեկոյան գոռում է, ինչի՞ ես գոռում, այ ցավդ տանեմ։ Ո՞վ է հետևիցդ ընկել։  Քաղաքականության մեջ կա չգրված օրենք, հայհոյում է, կոպտում է, ոչ կոռեկտ բառապաշար օգտագործում է նա, ով ասելիք չունի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ