15 Օգոստոսի, Saturday, 2020
KFC

Ո՞վ կհաղթի ՝ սպիտակներ, սեւեր, մուգ լուրջեր. 168 Ժամ

timthumb

(*լուրջ՝ սկզբնական իմաստով՝ նշանակում է՝ կապույտ, ընդհանրապես մուգ գույն; վրացերենում՝ փոխառած լինելով հայերենից, ցայսօր պահպանում է այդ իմաստը՝ մուգ կապույտ վրացերեն կլինի՝ մուգի լուրջի)

Պատմության մեջ որևէ հետհեղափոխական ռեակցիոն շարժում կարծես չի հաղթել, եթե դրա հաղթանակում վճռորոշ դեր չի ունեցել արտաքին ուղղակի աջակցությունը: (Միանգամից զգուշացնենք, որ մենք երբեք չենք օգտագործում այս կամ այն քաղաքական եզրը՝ հեղափոխություն, ռեակցիա, դեմոկրատիա, դիկտատուրա և այլն, որպես ինքնին լավ կամ ինքնին վատ: Դրանք տեխնիկական բառեր են, այս կամ այն չափով՝ պայմանական, և չունեն ինքնին դրական կամ բացասական արժեք):

Ռեակցիոն հակահեղափոխական շարժումները, այսինքն՝ այնպիսիք, որոնց նպատակը եղել է հնի բառացի վերադարձը, ասացինք, որպես կանոն, կամ ձախողվել են, կամ հաջողվել են միմիայն որպես բացառություն՝ արտաքին աջակցությամբ: Եվ նույնիսկ այդ դեպքերում էլ վերադարձը բառացի չի եղել: Օրինակ, Բուրբոնները վերականգնվեցին ֆրանսիական գահին անգլիական, ռուսական և գերմանական սվինների միացյալ օգնությամբ, բայց նախահեղափոխական Ֆրանսիան այլևս երբեք բառացիորեն չվերադարձավ՝ որքան էլ գեղեցիկ էր Դե Մեստրի և մյուսների ռեակցիոն ռոմանտիկան: Միայն սովետական դասագրքերում էր ռեակցիան միանշանակ բացասական երևույթ: Իրականում հնարավոր չէ ժխտել դրա որոշակի գեղագիտական հմայքը՝ սպիտակգվարդիականների, ֆրանսիական միապետականների, իսպանական կարլիստների և այլոց: Բայց գուցե հենց դրանով էլ դրանք այդքան գեղագիտական հմայք ունեն, որ քաղաքականապես անարդյունավետ լինելով՝ վերածվում են ավելի բարձր արվեստի, քան քաղաքական ծրագրի:

Պնդումս, իհարկե, չունե բացարձակ քաղաքական ճշմարտության արժեք, այլ ընդամենը պատմական մի ընդհանրացում է: Պատմության մեջ մի երևույթը կարող է 100 անգամ կրկնվել մոտավորապես նույն օրինաչափությամբ, բայց 101-ը լինի բացառություն, քանի որ պատմությունը, որպես մարդու ստեղծած աշխարհ, անհամեմատ ավելի բարդ և անկանխատեսելի կառուցվածք ունի, քան բնագիտության առարկա զուտ ֆիզիկական՝ «անհոգի» աշխարհը: Բայց որքան էլ խոսքը բացարձակ օրինաչափության մասին չէ, սակայն, այստեղ կա որոշակի տրամաբանություն:

Յունգերը՝ որպես ուսուցիչ

Հինը պատահականորեն չի ընկնում: Նա ընկնում է, երբ սպառում է իր լինելիության կամքը, երբ այլևայլ պատճառներով թույլ է նրա դիմադրողականությունը՝ վերևից թե ներքևից, կազմակերպված թե ինքնաբուխ: Երբ փլուզվեց Սովետական Միությունը, չնայած նրան, որ փլուզումից մի քանի ամիս առաջ տասնյակ միլիոններ մասնակցել էին Միության պահպանման հանրաքվեին և կողմ էին քվեարկել պահպանմանը, ձևի համար մեկը չգտնվեց, որ ի բողոք ՍՍՀՄ անհետացման՝ ոչ թե կյանքը զոհաբերի, այլ՝ մի հատ ստից պիկետ անի: Երբ 17-ի փետրվարին ռուսական ցարը հրաժարվեց գահից, ոչ մի «սամուրայ» խարակիրի չարեց հանուն կայսեր:

Հետոյի դիմադրությունն արդեն հաշիվ չէ՝ դա արդեն հետոյինն է, կարևորը հենց այդ պահերն են: Պատմությունը, որքան էլ դաժան, գրեթե միշտ արդար է: Պարզապես պետք է հասկանալ նրա արդարության կերպը: Նա արդար չէ բարոյական իմաստով, այլ նրա արդարությունն ուժի և թուլության արդարությունն է: Պարտությունն ապացուցում է անկենսունակությունը: Գերմանացի խոշոր մտածող Էրնստ Յունգերը, որը, ցավոք, Հայաստանում գրեթե անծանոթ է, բայց որը մի օր կարող է դառնալ հայկական ազգային հեղափոխության գաղափարախոսական ուղենիշներից մեկը, և որի համար, ինչպես Առաջին աշխարհամարտի բովով անցած բազմաթիվ գերմանացի երիտասարդների համար, 1918-ի նոյեմբերյան հեղափոխությունը Գերմանիայում «հարված էր թիկունքից», մի խումբ դավաճանների սրիկայություն, որի դեմ պայքարը Յունգերի և մյուսների կյանքի իմաստ էր, այդքանով հանդերձ՝ գրում էր, որ «պատմության որոշումները չեն բողոքարկվում դատարաններում», և որ հեղափոխության դեմ ռեակցիան անարդյունավետ և անիմաստ գործիք է, և որ կամ հեղափոխությունը պետք է ինքը վերաճի իրական հեղափոխության (որը Յունգերի համար ազգային հեղափոխությունն էր), կամ էլ դրա դեմ կարող է գործուն լինել միայն հենց հեղափոխական գործողությունը, մի նոր հեղափոխությունը:

Իհարկե, այստեղ խոսքը ոչ թե «հեղափոխության»՝ որպես տեխնոլոգիայի մասին է՝ ինչպես վերցնել իշխանությունը և այն, այլ ավելի խորքային իմաստի՝ հանրության որակական վերակառուցման մասին է: Մոտավորապես նույնն Իսպանիայում գրում էր Խոսե Անտոնիո Պրիմո դե Րիվերան՝ հայկական ազգային հեղափոխության մյուս հնարավոր ուսուցիչներից մեկը, որը լինելով իսպանական հեղափոխության երդվյալ թշնամի՝ միաժամանակ ամենից շատ խորշում էր անգույն, առօրյա պահպանողական ռեակցիայից, «հին, բարի ժամանակների» կարոտախտից, հեղափոխության նկատմամբ դասական պահպանողականների անզգամությունից:

Հանգած հրաբուխների լուսաբացն ու մայրամուտը

Այսօրվա իրավիճակը Հայաստանում ունի առնվազն մեկ դրական կողմ: Այն բացում է նորի հնարավորություն բոլորի համար, այլ ոչ միայն՝ հեղափոխության կողմնակիցների, կամ, վերջին օրերի մոդայիկ լեզվով ասած՝ «սպիտակների» համար: Ճիշտն ասած, Հայաստանում նոր իրավիճակ հասունանում էր դեռ 18-ից առաջ: Արդեն 16-ի պատերազմը միանգամայն նոր մարտահրավերների առջև դրեց մեր հանրությանը, և առնվազն այդ կետից ի վեր ծավալվեցին գործընթացներ, որոնք ի վերջո իրավիճակի նորությունը վերածեցին նաև ակնհայտ փաստի 18-ին:

Ի դեպ, ի տարբերություն արտաքին դրսևորումների՝ իրավիճակի ներքին կառուցվածքը շատ չի փոխվել: 16-ից ի վեր կարելի է նշմարել նույն արտաքին կապերով դավադրության թելը Հայաստանի դեմ, որի գիծն անփոփոխ է: Բայց սրա մասին՝ ոչ այս անգամ:

Այժմ հնարավորություն է տրված քաղաքական նոր սերնդին: Այդ նոր սերունդը վաղուց արդեն «ջահել» չէ: Նախորդ քաղաքական սերունդն իր 30-40 տարեկանում իրացրեց իր հեղափոխությունը՝ Ղարաբաղյան շարժումը, եկավ իշխանության և իր ներուժի և հնարավորությունների սահմաններում կառուցեց երկիր, որն ուներ բազմաթիվ ակնհայտ թերություններ, բայց նաև իր քաշային կարգի մեջ ամենևին էլ ամենաթույլը չէր: Ի դեպ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցնում է, թե որտե՞ղ և ո՞ւմ է մի լավ բան տվել որևէ հեղափոխություն, պետք է հարցի պատասխանը փնտրելիս՝ սկսի նախ իրենից: Իրեն, օրինակ, հեղափոխությունը դարձրել է Հայաստանի երկրորդ նախագահ և ընդհանապես համահայկական քաղաքական դեմք:

Որովհետև, եթե հեղափոխություն չէր Ղարաբաղյան շարժումը, որի արդյունքում էլ Քոչարյանն ու իր նման շատ-շատերը գավառական փոքր պաշտոնյաներից կամ մտավորականներից ու ծառայողներից վերածվեցին քաղաքական առաջին կարգի ֆիգուրների, ապա էլ ի՞նչն է այս աշխարհում հեղափոխություն: Սա Քոչարյանի մեղքը չէ միայն: Հայաստանում մարդիկ այնքան օտարված են սեփական իսկ փորձից, այնքան են սովոր մտածել միայն փոխառյալ ստորոգումներով (կատեգորիաներով), հայկական քաղաքական գիտակցությունն այնքան անհարազատ է ինքն իրեն, որ նույնիսկ սեփական կյանքը, սեփական անձնական փորձն ի զորու չէ վերածել գիտակցության փաստի: Մարդը կարող է լինել հեղափոխության մասնակից, հեղափոխության արդյունքով դիրք ստանձնած, բայց այն աստիճան չգիտակցի դա, որ որպես հեղափոխության օրինակ բերի ոչ թե՝ իր սեփական փորձը, այլ՝ հիշի Թունիսն ու Սոմալին: Շեղվեցինք:

Դևըչկի բիվայուտ ռազնիյե՝ չորնիյե, բելիյե, կրասնիյե

Ամեն կենսաբանական սերունդ չի, իհարկե, նաև պատմական առաքելություն և քաղաքական դեր ունենում: Մեծ մասը չեն ունենում: Մյուս մասը հնարավորություն էլ չի ունենում: Մի մասն էլ հավակնում է, փորձում է, բայց պարզվում է, որ իրական ներուժ չունի: Ամեն նոր չի, որ հնից լավն է: Ամեն երիտասարդություն չէ, որ նախընտրելի է: Այժմ այն պահն է, երբ Հայաստանի պատմությունը մարտահրավեր է նետում՝ արդյո՞ք Ղարաբաղյան շարժման վետերանների սերնդին ի զորու է փոխարինել վաղուց արդեն կենսաբանորեն հասունացած, բայց քաղաքականապես ցայսօր միայն երկրորդական դերեր ստանձնած՝ «մանուկների» նոր սերունդը/սերունդները:

Ու այստեղ կապ չունի՝ հեղափոխության կողմի՞ց, թե՞ հեղափոխության դեմ, սև՞, թե՞ սպիտակ, կարմի՞ր, թե՞ կապույտ: Այստեղ կապ ունի ինքնուրույնությունը, համարձակությունը, սահմանների ընդլայնման՝ իրապես, այլ ոչ թե՝ ըստ ձևի նորի առաջարկելու կարողությունը: Կրկնեմ կարևորը՝ սա հավասարապես վերաբերում է «հեղափոխականներին» թե «հակահեղափոխականներին», սևերին թե սպիտակներին: Ես ընդհանրապես չեմ հասկանում՝ մարդիկ ինչո՞ւ են նեղվում «սև» լինելուց: Դա անհամարձակության, կներեք, «թսիկության» նշան է: Վախենալուն սև լինելը չէ, այլ անգույնն է: Ո՞վ ասաց, որ սևերով խաղալը՝ շախմատում, մաֆիայում, հաճախ ավելի նախընտրելի չէ ու ավելի հետաքրքիր չէ, քան սպիտակներով խաղալը: Ո՞վ ասաց, որ ծովահենների սև դրոշը չունի իր ձգողականությունը, իր գեղեցկությունը, իր հպարտությունը:

Հակադրվողն ինչո՞ւ է վախենում իր հակադրումից: Ինչպե՞ս է պատկերացնում գորշ կամ «գույնզգույն» լինելով՝ իր խաղը: Ինչպե՞ս կարող է նեղացկոտը, նվնվացողը, «վույ աման հես ա կախելու են»-ը հաջողության հասնի այս կյանքում: Եթե իրոք հավատում եք, որ կախելու են, պատրաստեք ձեր հակակախաղանը, իսկ եթե չունեք, ուրեմն՝ «ես Արամն եմ քաջ Արամ»՝ ոչ մի փափլիկ դար չի կարող արժեզրկել հանուն սեփական ճշմարտության ընդհուպ մինչև վերջին զոհողություն անելու կամքը և դրա զորությունը: Բա ձեր պապերի ջանը քա՞ր էր, երբ կախաղաններն իսկական էին, այլ ոչ թե այսօրվա պես՝ զուտ այլաբանական:

Հայաստանի վերանորոգումը պետք է լինի բոլորի գործը՝ սպիտակների՝ իրենց ստեղծագործությամբ, սևերի՝ նրանց ընդդիմությամբ, եթե կուզեք՝ պես-պես գունավորներինն էլ հետը: Կարևորը՝ ամեն մեկը լինի իրական, կենդանի՝ իրապես ասելիք ու իրապես անելիք ունեցող:

Դեպի Բարձրագույն լիգա

Ինքնուրույնություն՝ սա թիվ մեկ պայմանն է: Ցայսօր «նոր» սերունդը եղել է հիմնականում սպասարկուի, ծառայողի դերում՝ հանուն ավագների շահերի, կամ լավագույն դեպքում՝ երկրորդ լիգայի խաղացող: 18 թվին Նիկոլը բոլորին Բարձրագույն Լիգայում խաղալու հնարավորություն տվեց, այդ թվում՝ նրանց, ով կնախընտրի «հականիկոլ» խաղալ: Պետք է, ուրեմն, նախ ձեռք բերել բարձրագույն լիգայի խաղացողի հոգեբանություն: Այլևս պետք է դնել սեփական նպատակները, խաղալ սեփական խաղը:

Երկրորդը համարձակությունն է: Պետք է չվախենալ դուրս գալ գծված սահմաններից՝ մտքերում, խոսքում, գործում: Ժամանակը նպաստավոր է դրա համար: 30 տարի ընթացող նույն վեճերը նույն բանի շուրջ, ի վերջո, միշտ էլ կորցնում են իրենց կենսունակությունը, վերածվում են ծեսի՝ առանց որևէ բովանդակության: Հազարմեկերորդ անգամ կրկնելու փոխարեն անցյալի կաղապարված տեսակետները՝ անկախ նրանից, թե դրանք փաստարկ են հոգո՞ւտ, թե՞ ընդդեմ ինչ-որ բանի, պետք է ընդլայնել սահմանները, նոր դիտակետեր գտնել, որոնք միշտ էլ կան: Առանց այս համարձակության՝ չի կարող լինել քաղաքական հաջողություն: Այստեղից պետք է գա իրապես նորը: Եվ մրցակցության ու պայքարի մեջ՝ սպիտակների ու սևերի, թե կարմիրների ու կապույտների, կհաղթի առավել համարձակություն ունեցողը:

Քաղաքականությունն իրավիճակայինի արվեստ է: Երբ իրավիճակը՝ առանց հաճախ մեր կարծիքը հարցնելու, արմատապես փոխվում է, մեկ օրում կարող են անկարևոր դառնալ բոլոր նախկին դիրքերը, գնահատականները, կապերը, տեսակետները: Եղածը հետ չի գալիս: Նոր իրավիճակում միանգամից փոխվում են գնահատականները, դիրքերը, կապերը և մնացածը: Իրավիճակայինն օպորտունիզմ չէ, հարմարվողականություն չէ: Խոսքն իրավիճակին ոչ թե կրավորական կերպով հարմարվելու, հոսանքին հետևելու, այլ իրավիճակի մեջ ներգործուն լինելու մասին է, ակտիվ հարմարվելու և հարմարեցնելու մասին է: Այդ դեպքում հնարավոր է դառնում նաև փոխել իրավիճակը, աջակցել նրա այն միտմանը, այն ուղղությանը, որը նախընտրելի է համարվում: Իսկ բաց իրավիճակում, որպիսին այսօրվանն է, միտումները մի քանիսն են ու տանում են տարբեր տեղեր: Էլ չասած, որ նման իրավիճակներում նույնիսկ մենակը, բայց վճռականը կարող է ստեղծել իր միտումն ու տանել դա առաջ:

Հեղափոխության նպատա՞կը: Դա ակնհայտ է՝ կա և եղել է հայկական մեկ քաղաքական նպատակ՝ Հայոց թագավորության վերականգնումը: Սպիտակ թե սև՝ արժե ապրել և մեռնել միայն սրա համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ