26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինն իր վրա պատասխանատվություն չվերցրեց. 168 Ժամ

 Հարցազրույց Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան, վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ

-Պարոն Վասաձե, ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում իրավիճակը և, Ձեր կարծիքով, ի՞նչ հունով կընթանան զարգացումները, արդյոք հանգուցալուծումը կլինի էվոլյուցիոն ճանապարհո՞վ, թե՜՞ հեղափոխական սցենար­ներն էլ անհավանական չեն: Եվ ի՞նչ զուգա­հեռներ կարող եք անցկացնել հայաստանյան իրադարձությունների հետ:

 -Չի կարելի ասել, որ Վրաստանում բողոքի ակցիաներն այսօր ակտիվ շարունակվում են: Բայց մարդիկ ոտքի են ելել այն անարդարու­թյան դեմ, որ առկա է երկրում, և, կարելի է ասել, որ բողոքի ակցիաները գտնվում են ծխացող կրակի վիճակում: Բայց ասել, որ դրանք զանգվածային ակցիաներ են, ոչ:

Հայկական և վրացական «հեղափոխու­թյունների» միջև զուգահեռներ տանելը դժ­վար է: Կարելի է միայն ասել, որ և այս, և Հա­յաստանի իրադարձությունների պատճառը մարդկանց դժգոհությունը և փոփոխություն­ների պահանջն է եղել:

– Վրաստանի կառավարող կուսակցությու­նը վարչապետի թեկնածու է առաջադրել Մա­մուկա Բախտաձեին: Քաղաքագետները կար­ծում են, որ դա միայն կամրացնի երկրում Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը: Դուք ինչ­պե՞ս եք գնահատում իրավիճակը:

-Ես համամիտ եմ քաղաքագետների հետ, որ սա կամրապնդի Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը մեր երկրում, որովհետև Մամուկա Բախտաձեն Իվանիշվիլիի շատ մտե­րիմ ընկերն է, բայց ամեն դեպքում նրա ազ­դեցությունն առանց այդ էլ շատ լուրջ էր: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում իշխանության ներսում տարբեր խմբավորումների մեջ պայքարը ստիպել է Բիձինա Իվանիշվիլիին վերադառնալ հրապարակային քաղա­քականություն և, ընդհանուր առմամբ, դրա արդյունքում, բնականաբար, գերադասել է նշանակել անձնավորության, որը մտերիմ ու հավատարիմ է իրեն: Ահա այսպիսին է իրադրությունը Վրաստանում:

 -Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում Դուք հայտարարել էիք, որ Հայաստանում և Վրաստանում քաղաքականությամբ առավե­լապես զբաղվում են վարչապետները: Հայ- վրացական հարաբերությունների վրա ինչ­պե՞ս կազդի երկու երկրներում վարչապետների փոփոխությունը, ու ի՞նչ տպավորություն ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից:

– Հայաստանն ու Վրաստանը խորհրդարա­նական կառավարման երկրներ են, և այն, որ վարչապետներն են զբաղվում ակտիվ քաղա­քականությամբ, քաղաքագիտական փաստ է: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ես չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլի­նեն հայ-վրացական հարաբերություններում, որովհետև դրանք արդեն բավականին լավ են զարգանում, մենք բարի հարևաններ ենք, և Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան դա ևս մեկ անգամ հաստատեց: Դրա համար խոսել ինչ- որ թռիչքային փոփոխությունների մասին մենք չենք կարող: Միաժամանակ, փառք Աստծո, որևէ վատթարացում նույնպես չի լի­նելու: Այսինքն՝ հայ-վրացական հարաբերու­թյունները կշարունակեն զարգանալ հան­գիստ էվոլյուցիոն ճանապարհով:

 -Վերջին շրջանում Արցախում և Նա­խիջևանում իրադրության լարվածության ավելացում կա: Դուք ինչպե՞ս եք գնահատում անվտանգությունը տարածաշրջանում:

– Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում վերջին իրադարձությունների վերա­բերյալ կարող եմ նշել, որ, բնականաբար, այն, որ ամբողջ տարածաշրջանն է մտել քաղաքական լարվածության մեջ, դա չի կա­րող չազդել ընդհանուր զարգացումների վրա: Ավելին, կարծում եմ, որ այսօր Հայաս­տանն ու Վրաստանը գտնվում են պատե­րազմական իրադրությունում, և եթե խաղա­ղություն ձեռք չբերվի ու պատերազմը շա­րունակվի, ապա ոչ միայն նմանատիպ, այլ նաև՝ հակամարտության ավելի լարված փուլեր կարող են սկսվել: Ավելին, ես կասեի՝ դա անխուսափելի կլինի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո Փաշինյանն ասել է, որ դա եղել է միայն ծանոթության արարողություն, այլ խոսակցություն չի եղել: Ձեր կարծիքով՝ Ալիևն ինչպե՞ս է ընկալում Հայաստանում իշխանության փոփոխու­թյունն ու Փաշինյանի հայտարարությունը, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Եվ Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

-Իսկապես, Վլադիմիր Պուտինը միայն ծանոթացրել է Փաշինյանին Ալիևի հետ և իր վրա պատասխանատվություն չվերցրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի համար: Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները չէին կարող բանակցային սեղանի շուրջ նստել: Թեև դա ևս անխուսափելի է վաղ թե ուշ, և լավ կլիներ, որ բոլորը դա հասկանային:

Ալիևը, իհարկե, գիտակցում է, որ Հայաս­տանում իշխանություն է փոխվել, և այն ամե­նը, որ հետևել է դրան: Բայց պարզ է նաև, որ Ադրբեջանը երբեք չի գնա նրան, որ Ստեփանակերտը նստի բանակցային սեղանի շուրջ: Դա անհնար է՝ ելնելով նրանից, թե ինչպիսին է այսօր ադրբեջանական կողմի դիրքորոշու­մը: Կարծում եմ՝ դուք էլ դա լավ գիտեք, և հարցը, ըստ էության, հռետորական է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ