28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրապարակվել է Պաշտպանի արտահերթ զեկույցը /տեսանյութ/

Հունիսի 12-ին տեղի ունեցավ «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Այն լույս է տեսել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։

1993 թվականին Հայաստանը, վավերացնելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորություն է ստանձնել համապատասխանեցնելու իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այս փաստաթղթի պահանջներին։

Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Երեխաների իրավունքների կոմիտեի՝ 2013 թվականի ամփոփիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկությունները։ Ուստի, զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը, որի շրջանակում ուսումնասիրվել են կոմիտեի երեք ամփոփիչ դիտարկումները, վեր են հանվել դրանցում ներկայացված առաջարկությունները և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են Պաշտպանի գնահատականները և առաջարկությունները։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով երկրին ուղղված Երեխաների իրավունքների կոմիտեի առաջարկություններին և դրանք հիմնականում չեն կատարվել կամ կատարվել են մասնակի։ Ավելին, Կոնվենցիայի վերաբերյալ հասարակությունը պատշաճ իրազեկված չէ: Այդ մասին են վկայում նաև մեր բազմաթիվ հանդիպումները Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտների հետ»,- ասաց Արման Թաթոյանը։

«Խորհրդանշական է, որ Հայաստանի հերթական զեկույցը ներկայացվելու է մյուս տարի, երբ աշխարհը կտոնի Կոնվենցիայի 30-ամյակը: Սա հնարավորություն է ընձեռում  անդրադառնալ այն մեծ առաջընթացին, որ գրանցվել է երեխայի իրավունքների ոլորտում, միևնույն ժամանակ` հիշելով մեր հետագա անելիքների մասին», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Նշենք, որ զեկույցը կազմելիս նախևառաջ ուսումնասիրվել են Կոմիտեի՝ Կոնվենցիայի և կից արձանագրությունների առումով երկու ամփոփիչ դիտարկումերը, ՀՀ կառավարության նախկին զեկույցները, ոլորտի իրավասու պետական մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների զեկույցները, այդ թվում՝ նաև այլընտրանքային զեկույցներ։

Դրանից բացի, անցկացվել են հարցազրույցներ ոլորտի անկախ փորձագետների, երեխաների իրավունքների ոլորտի պետական ու համայնքային մարմինների աշխատակիցների, ոչ պետական մարմինների աշխատակիցների, փաստաբանների, դատավորների հետ։ Ուսումնասիրվել են բազմաթիվ դատական ակտեր, խնամակալության ու հոգաբարձության մարմինների եզրակացություններ ու համայնքային մարմինների կողմից ընդունված վարչական ակտեր։ Առանձին ուշադրություն է դարձվել ԶԼՄ-ների հաղորդումներին, սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումերին։ Պետական իրավասու մարմիններ ուղարկված հարցումների արդյունքում ստացվել են բազմաթիվ տվյալներ, որոնք նույնպես ներառվել են զեկույցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին։ Այս զեկույցը կազմվել է Պաշտպանի այդ գործառույթի շրջանակում և մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ է։

 

             

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ