18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տե՛ր իմ, Քեզ վրա ես հույս դրեցի եւ պիտի չամաչեմ

Տե՛ր իմ, Քե՛զ վրա ես հույս դրեցի և հո՛ւր հավիտյան պիտի չամաչեմ, Քո արդարությամբ եկ ու փրկի՛ր ինձ, Քո արդարությա՛մբ ապրեցրո՜ւ, Աստվա՛ծ: Խոնարհեցրո՜ւ ականջդ ձայնիս, շտապի՜ր հոգիս կենդանի պահել: Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, պահապա՜նս եղիր, ապահո՛վ տունն իմ՝ ի՛նձ ապրեցնելու, Դու իմ զորավի՛գ և ապավե՛նն իմ, առաջնորդեցի՛ր, սնուցեցի՛ր ինձ՝ հանո՛ւն Քո Անվան, և պիտի հանե՛ս այս որոգայթից, որ լարվե՛ց իմ դեմ: Դո՛ւ ես պաշտպանն իմ, Քո՛ Ձեռքն եմ լման հանձնել իմ հոգին: Քո Ճշմարտությամբ Դո՛ւ փրկեցիր ինձ՝ ատելով նրանց, որ ունայնախո՛հ երկյուղներ ունեն:

Հույսս Քո՛ վրա դրեցի, Աստվա՛ծ, և պիտի ցնծա՜մ և ուրա՛խ լինեմ փրկության կյանքով Քո ինձ պարգևած: Աստվա՛ծ, նայեցի՛ր խոնարհությանն իմ և ազատեցի՛ր ինձ իմ վշտերից և չմատնեցի՛ր ինձ ճնշողներիս, այլ փրկելով ինձ՝ ոտքս դրեցիր խո՜ր անդորրի մեջ Քո արդարության: Ողորմի՛ր կրկին՝ նեղվա՛ծ եմ ահա, և անտանելի ճընշըված եմ այն մտածմունքներից, որ սի՛րտ են մաշում, և խռովքներ են իմ աչքերի մեջ, ալեկոծվո՛ւմ է հոգիս անընդհատ իմ որովայնում: Եվ այս ցավերից կյանքն իմ պակասե՛ց, և տարիներն իմ հոգո՛ց հանելու մեջ կրճատվեցին:

Խիստ տկարացա՛, զորությունս ընկա՛վ, խռովքի՛ մեջ են ոսկորներս ողջ: Հարևաններս նախատո՛ւմ են ինձ ավելի՛ ուժգին, քան թե իմ բոլո՛ր թշնամիները մեկ ու միասին. դրացիներից ու ծանոթներից ահն ու երկյուղը չո՛րս կողմս են պատել: Ովքեր տեսան ինձ, շտապ շո՛ւռ եկան ու փախա՛ն հեռու: Մոռացվեցի՛ ես իբրև մի մեռյալ և դարձա որպես կորուսյա՛լ անոթ: Լսում էի ես բամբասանքները բազմությունների, որ խռնվե՛լ էին, վրա՛ տվել ինձ՝ խորհուրդ խորհելով իմ հոգի՛ն առնել, բայց իմ ո՛ղջ հույսը Քե՛զ վրա էր, Տե՜ր: Դո՛ւ Ես Աստվա՜ծն իմ և Տե՛րն իմ, Դո՜ւ Ես, ժառանգությունս Քո՛ Ձեռքն է միայն:

Թշնամիներիցս ե՛կ ու փրկի՜ր ինձ, հալածիչներիցս ե՛կ ու ազատի՜ր: Ցո՛ւյց տուր երեսդ Քո ծառային, Տե՛ր, և ապրեցրո՛ւ ինձ Քո՛ ողորմությամբ. ինձ մի՛ թող մնամ այս ամոթի մեջ, քանի որ արդեն աղաչե՜լ եմ Քեզ: Թող ամբարիշտներն իրե՛նք ամաչեն և իջնե՛ն դժոխք, և թող համրանա՛ն շրթունքները նենգ, որովհետև որ արդարի մասին, տարածում էին անիրավ խոսքեր, և բամբասելո՛վ ամբարտավանում: Բայց ինչ անո՜ւշ է ողորմությանդ քաղցրությունն, ո՛վ Տեր, վերապահեցիր այն երկյուղածներիդ, բոլո՜ր նրանց, որ հո՛ւյս ունեցան Քեզ, և նրանց Ի՛նքդ բարերարեցիր աչքերի առջև մարդկանց զավակաց:

Ամբարիշտների խռովքի դիմաց գոտեպնդեցի՛ր հուսացողներիդ՝ ծածկելով դեմքիդ շնորհի լույսով: Եվ թաքցրեցի՛ր նրանց խորանում Քո ազնվասուրբ՝ պահելո՛վ նրանց և պահպանելո՛վ՝ հակառակաբան չա՛ր լեզուներից: Օրհնյա՜լ է Տերը, ողորմությունն Իր սքանչելի՜ է՝ որպես մի ամո՛ւր, անխորտա՛կ քաղաք: Եվ ես զարմացած տեսա՛, ասացի՝ ընկա՛ Քո Աչքից և Երեսներիդ Շնորհի Լույսից:

Բայց այս ամենից հետո լսեցի՛ր ձայնն իմ աղոթքի՝ Քեզ աղերսական աղաղակնե՛րս հաշվի առնելով: Սիրեցե՛ք Նրան, ո՜վ բոլոր սրբեր, որովհետև Նա ճշմարտությո՛ւնն է փնտրում աներկբա և հատուցում է պատժապարտությամբ առավե՛լ նրանց, ովքեր ավելի՛ են ամբարտավան: Քաջալերվեցե՛ք. և թող զորանա՛ն սրտերդ, եղբա՛յրք, քաջալերվեցե՛ք՝ ովքերդ Տիրոջ վրա հո՛ւյս դրիք:

Փոխադրությունը գրաբարից` Մաքսիմ Ոսկանյանի

Սաղմոսների գրքից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ