20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Էլ ուժ չունեմ. խարդախության «զոհ» դարձած կինը ահազանգում է

Henaran.am-ի խմբագրություն էր այցելել հուզված մի կին, ով նշեց, որ անարդարության զոհ է դարձել: Նարինե Ասատրյանը մանրամասնեց.«Էլ ուժ չունեմ պայքարելու, որովհետև առողջությունս այլևս չի ներում»:

Նարինե Ասատրյանը այնքան հուզված էր, որ դժվարությամբ էր խոսում իր հետ կատարվածի մասին:

Հասկանալու համար իրավիճակը հարցում ուղարկեցինք նրա շահերի պաշտպան Արտավազդ Պետրոսյանին:

Ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ:
«Դատարանները դրսևորել են  ակնհայտ անհարգալից վերաբերմունք արդարադատության  հանդեպ:

Կ. Ե-ի, Ա. Ե-ի,  Վ. Ե-ի,   Է. Ե-ի մի կողմից և Ն. Ա-ի միջև   կնքվել է «Բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր», ինչի համաձայն Ն.Ա-ն փոխառությամբ Կ. Ե-ին, Ա. Ե-ին,  Վ. Ե-ին և   Է. Ե-ին է հանձնել 5.475.000 ՀՀ դրամ, ինչի դիմաց վերջիններս Ն. Ա-ին են գրավադրել սեփականության իրավունքով իրենց պատկանող X հասցեում գտնվող բնակարանը:

11.08.2011թ. Կ. Ե-ն, Ա. Ե-ն,  Վ. Ե-ն և  Է. Ե-ն դիմել են դատարան  ընդդեմ Ն. Ա-ի`  անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) ու փոխառության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, պատճառաբանելով, որ վերը նշված պայմանագրով սահմանված գումարից ստացել են միայն 3.300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը Ն. Ա-ն խոստացել է իրենց հանձնել «որոշ ժամանակ անց», ինչը դեռևս չի կատարվել, և, Ն. Ա-ն անհարկի ձգձգում է մնացած գումարի հանձնումը:

Դատարանը հաստատված համարելով, որ

«անշարժ գույքի գրավի դիմաց կողմերի միջև կնքվել է փոխառության պայամանագիր, և որպես փոխառությամբ վերցված գումարի վերադարձելության երաշխիք Երևանի X հասցեի բնակարանը համասեփականատերերի կողմից գրավ է դրվել Ն. Ա-ին, ինչի հիման վրա էլ Ն. Ա-ն հայցվորներին հանձնել է 5.475.000 դրամ».

«Ինչ վերաբերվում է հայցվորների այն պնդմանը, որ ստացել են միմիայն 3.300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը Ն. Ա-ն խոստացել է իրենց հանձնել «որոշ ժամանակ անց», դատարանը գտավ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայնª գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաuտերը, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորները դատարանին չեն ներկայացրել որևէ ապացույց վերը նշվածի կապակցությամբ:

Ավելին, հայցվորները զրկված չեն եղել իրենց կողմից վկայակոչած հանգամանքը (Պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ չստանալու մասին), նախատեսեին վիճարկվող պայմանագրի որևէ կետով կամ հավելվածի տեսքով, որի առկայության դեպքում Դատարանն այն կգնահատեր որպես պահանջի հիմնավորմանն ուղղված վերաբերելի ապացույց, ինչը սակայն, սույն գործով առկա չէ:

 

Արդյունքում  դատարանի  վճռով հայցվորների հայցը մերժվել է: Նշված վճիռը հայցվորների կողմից բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարան:

 «Անդրադառնալով Պայմանագրով նախատեսված գումարն ամբողջությամբ չստանալու մասին բողոքաբերների փաստարկներին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

Գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերներն որևէ ապացույց չեն ներկայացրել ի հավաստումն Պայմանագրով նախատեսվածից ավելի պակաս քանակով գումար ստանալու մասին իրենց փաստարկին: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը Վճռի «Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» մասում իրավացիորեն նշել է, որ Հայցվորները Դատարանին չեն ներկայացրել որևէ ապացույց նշվածի կապակցությամբ: Ավելին, Դատարանը նշել է, որ նրանք զրկված չեն եղել իրենց կողմից վկայակոչված հանգամանքը վիճարկվող պայմանագրի որևէ կետով կամ հավելվածի տեսքով նախատեսելուց, որի առկայության դեպքում Դատարանն այն կգնահատեր որպես պահանջի հիմնավորմանն ուղղված վերաբերելի ապացույց, ինչը սակայն, սույն գործով առկա չէ…»:

 

Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի նշված հիմքը հիմնավորված չի համարում.

 Անդրադառնալով Պայմանագիրը խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու Բողոքաբերների փաստարկներին` Վերաքննիչ դատարանը հանգեց հետևյալին.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`…..:

Բողոքաբերներն ի հիմնավորում Պայմանագիրը խաբեության ներքո կնքված լինելու փաստի միայն վկայակոչել են Ա. Մ-ի կողմից խարդախությամբ 4 247 400 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ հարուցված լինելու փաստը: Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Պայմանագրի կողմեր են հանդիսանում Ն. Ա-ն և Հայցվորները, իսկ Ա. Մ-ի նկատմամբ խարդախության հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը վերաբերելի չէ սույն գործին և չի հիմնավորում գործին մասնակցող անձանց միջև Պայմանագիրը խաբեությամբ կնքված լինելու Բողոքաբերների փաստարկը:

…. Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Դատարանն իրավացիորեն հաստատել է կողմերի միջև անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրի կնքված և դրանով սահմանված պայմանները պարտավորությունների պայմաններին համապատասխան կատարված լինելու փաստերը:

Այսպիսով, վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները հիմնավորված չհամարելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը, իրականացնելով գործով ներկայացված ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, և օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերապահված լիազորությունիցª Վերաքննիչ դատարանը վերոգրյալով լրացուցիչ պատճառաբանում է Դատարանի կայացրած դատական ակտը»:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանի  որոշմամբ հայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է:  ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի  որոշումը հայցվորների կողմից բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանի  որոշմամբ հայցվորների վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել` նույն հիմնավորմամբ:

Կրկին դիմելով դատարան հայցվորները մասնավորապես վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը /քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք/, փաստել են, որ  թիվ X քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախադատելի են դատավճռով հաստատված ներքոհիշյալ գործողություններն ու դրանք կատարած անձինք:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ X քրեական գործով կայացված դատավճռով Ա. Մ-ին  մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ վերջինս միջնորդել է Վ., Ա., Կ.  և Է. Ե-յաններին բնակարանի գրավի /հիփոթեքի/ և փոխառության պայմանագիր կնքել Ն. Ա-ի հետ, որից հետո պայմանագրով նախատեսված և Ն. Ա-ի կողմից տրված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Ե-ին, իսկ մնացած 7.700 ԱՄՆ դոլարը խաբեությամբ և Ա. Ե-ի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանիցª վերջինիս պատճառելով 2.871.484 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի, 882-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի պահանջները, հայցվորները  խնդրել են 12.03.2011թ-ին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարել չկնքված:

Արդյունքում, դատարանը վճռել է <12.03.2011թ-ին համահայցվորների և պատասխանող Ն. Ա-ի միջև կնքված բնակարանի գրավի /հիփոթեքի/ և փոխառության խառը պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարել չկնքված: …..>:

Վճիռը Ն. Ա-ի  կողմից բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարան: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի  որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:              ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի  որոշումը Ն. Ա-ի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան /ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել/:

Համաձայն  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջի`

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  51-րդ հոդվածի  1-ին մասի, 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի, 53-րդ հոդվածի  պահանջների` 

  1. Գործի հանգամանքները, որոնք, oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաuտատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաuտատվել այլ ապացույցներով:
  2. Նախկինում քննված` քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում:
  3. Քրեական գործով oրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաuտերով, ըuտ որոնց հաuտատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
  4. Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
  5. Դատարանի համար որևէ ապացույց նախապեu հաuտատվածի ուժ չունի, բացառությամբ uույն oրենuգրքի 52 հոդվածով նախատեuված դեպքերի.

Նշված նորմերի խախտման արդյունքում դատարանները թույլ են տվել Ն. Ա-ի   արդար դատաքննության իրավունքի ակնհայտ խախտում, քանի որ դատարանի`  օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ հաստատվել էր այն փաստը, որ հայցվորները ստացել են փոխառության գումարն ամբողջությամբ, մինչդեռ, այս դեպքում` անտեսելով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերը,  դատարաններն, իրավունք չունենալով,  հաստատված են համարել ճիշտ հակառակ փաստեր:

Արդյունքում ստացվում է, որ նույն վեճի  առարկայի վերաբերյալ առկա են թվով երկու դատական ակտեր, որոնցից մեկով հաստատված է, որ գումարն ամբողջությամբ հանձնվել է փոխառուներին, իսկ մյուսով անհիմն կերպով, անտեսելով օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայությունը, հաստատվել է, որ գումարն ամբողջությամբ չի հանձնվել փոխառուներին:

Դատական պրակտիկայում սա համարվում  է աննախադեպ երևույթ, քանի որ նույն անձանց մասնակցությամբ և նույն խնդրի վերաբերյալ դատարաններն իրավունք չունեն կայացնելու միմյանց հակասող դատական ակտեր:

Փաստորեն,  վերոնշյալ նորմերի պահանջներն ակնհայտորեն անտեսելով, դատարաններն, իրավունք չունենալով,  հաստատված են համարել օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերին միանգամայն հակառակ փաստեր, դրանով իսկ թույլ տալով  ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների ակնհայտ խախտում /3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է/, ինչի հետևանքով օրինական ուժի մետ գտնվող  վճռի առկայության պարագայում օգտագործել են պատասխանողի արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույց:

Հետևաբար, դատարաններն անտեսել են, որ արդեն իսկ  կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պարագայում, որով ուղղակիորեն կարգավորվել և պարզվել է կողմերի միջև  վիճելի իրավահարաբերությունը և դրան տրվել է իրավական լուծում պարտադիր էր թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանի, և,  թե ցանկացած դատարանի համար:

Փաստորեն, դատարաններն օրենքի ուժով ուղղակիորեն պարտավոր լինելով կատարել նշված դատական ակտի պահանջները, կայացրել են նշված վճռին  ակնհայտորեն հակառակ և դրան ակնհայտորեն հակասող դատական ակտեր, ինչի արդյունքում  ակնհայտորեն դրսևորել են անհարգալից վերաբերմունք օրինական ուժի մեջ մտած դատական  ակտի հանդեպ, կասկածի տակ դնելով դատական ակտի օրինականությունը, ինչի իրավունքը չունեին:

Հետևաբար, քաղաքացիական գործով պարտադիր կատարման ենթակա դատական ակտի առկայությունն անտեսելով, դատարանները հիմք են ընդունել քրեական գործով հաստատված հանգամանքներ, որոնք յուրովի և սուբյեկտիվ կերպով մեկնաբանելով համարել են նախադատելի, անտեսելով, որ քրեական գործով հաստատված հանգամանքները անգամ օրինական ուժի մեջ մտած  վճռի բացակայության դեպքում չէին կարող  համարվել  նախադատելի:

Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պարագայում դատարաններն իրավունք չունեին նշված վճռին հակասող որևէ փաստ հաստատելու կամ որևէ հանգամանք համարելու նախադատելի, քանի որ նշված վճռով արդեն իսկ հաստատված հանգամանքները դատարաններին ուղղակիորեն պարտավորեցնում էին կատարելու դրա պահանջները:

Ըստ էության, քրեական գործով հաստատված հանգամանքները կարող էին հիմք հանդիսանալ ոչ թե հայցը բավարարելու համար, այլ, բացառապես քրեական գործով կայացրած դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ օրինական ուժի մեջ մտած  վճռը եռամսյա ժամկետում նոր երևան եկած հանգամանքների հիմքով բողոքարկելու համար, և, վճիռը բեկանվելու և այլ վճիռ կայացվելու դեպքում /հայցվորները փորձել են դա անել, ինչն արդյունք չի տվել/, ինչի /այլ վճռի/ բացակայության պարագայում կողմերի միջև կնքված <Բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրի> հետ կապված   հայցվորների ցանկացած պահանջ ենթակա էր մերժման.

ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ.  թիվ ՍԴԱՈ-3 որոշման մեջ  նշվել է.

<Սահմանադրական դատարանը բազմիցս է նշել, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության անբաժանելի տարրեր>:

Մինչդեռ, սույն պարագայում խաթարվել են իրավական պետության անբաժանելի տարրեր հանդիսացող թե իրավական որոշակիության, թե իրավական անվտանգության և թե Ն.Ա-ի մոտ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները, քանի որ օրինական ուժի մեջ գտնվող վճռի պահանջները բացառապես անտեսելով, դատարանների կողմից ստեղծվել է թե իրավական անորոշության, թե իրավական անվտանգության և թե օրինական ակնկալիքների խախտման վտանգ:

Այսինքն, որպես իրավական պետությունª Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություն երաշխավորել իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մաս է հանդիսանում օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ վճռի պահանջների կատարումը, ինչը կոչված է ապահովելու ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռությունը. նշված հավասարակշռությունն ապահովվում է միջամտության համաչափությամբ, ինչը սակայն, այս  դեպքում բացակայում է:

Եվրոպական դատարանն իր նախադեպերից մեկում նշել է. <Պետությունը կարող է (…) կրել պատասխանատվություն, առաջին հոդվածի տեսանկյունից, մասնավոր անձանց միջև կնքված գործարքներից բխող սեփականության իրավունքի իրականացմանը միջամտելու համար>.

սույն պարագայում դատարանները դրսևորել են  օրենքով արգելված`  մասնավոր անձանց իրավահարաբերություններին կամայականորեն միջամտելու անթույլատրելի վարքագիծ, քանի որ անտեսելով օրինական ուժի մեջ գտնվող վճռի առկայությունը և դրա պահանջների պարտադիր լինելու հանգամանքը, կայացրել են նշված վճռի պահանջներին ակնհայտորեն հակասող և հակառակը սահմանող դատական ակտեր:

Փաստորեն, դատարանների   միջամտությունը եղել է  անթույլատրելի, քանի որ, այն նախատեսված չէ օրենքով, չի բխում  հանրային շահից, հետևաբար, ժողովրդավարական հասարակությունում նման միջամտությունն անթույլատրելի է:

Մանրամասն կերպով անդրադառնալով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքներին, վերաքննիչ դատարանն այնուամենայնիվ,  փաստել է.

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ  քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներից սույն քաղաքացիական գործի համար նախադատելի են հետևյալ գործողությունները.

  1. Կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն:
  2. Ն. Ա-ի կողմից տրվել է 11.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:
  3. Նշված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլար գումարը ամբաստանյալ Ա. Մ-ն տվել է Ա. Ե-ին:
  4. Մնացած 7.700 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ և Ա.Ե-ի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտավկել է:

Մինչդեռ, վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կիրառելու նշված նորմերի պահանջները, քանի որ ինչպես հիմնավորվեց`  դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած  պարտադիր կատարման ենթակա վճռով ուղղակիորեն հաստատված են ճիշտ հակառակ այն փաստերը, որ հայցվորներն ստացել են պայմանագրում նշված չափով գումար, իսկ հայցվորների այն փաստարկը, որ իրենք ստացել են ավելի պակաս չափով գումար, որևէ ապացույցով չի հիմնավորվում, որպիսի փաստերը սույն գործով կրկին ապացուցման կարիք չունեին:

Ընդ որում վերաքննիչ դատարանն անգամ անտեսել է քրեական գործով այն հաստատված փաստերը, որ

ա.          ոչ թե Ն. Ա-ն, այլ հայցվորներից Կ. Ե-ն է քրեական գործով հանդես եկել որպես տուժող, և

բ.           Կ. Ե-ից գումարի հափշտակությունը կատարվել է Ա. Մ-ի կողմից,

ինչը հաշվի առնելու դեպքում  ակնհայտորեն կպարզվեր այն հանգամանքը, որ եթե  դրամական հարցում /գումարը սահմանվածից պակաս քանակով ստանալու/ անգամ վեճ լինելու դեպքում, այդ ենթադրյալ վիճելի իրավահարաբերությունն առկա է եղել ոչ թե Ն. Ա-ի և հայցվորների, այլ հայցվորների և քրեական գործով դատապարտյալ Ա. Մ-ի միջև, որպիսի փաստը  Ն. Ա-ի հետ որևէ առնչություն չունի:

Բացի այդ, գործի լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն անցկացնելու և ապացույցները նշված սկզբունքներին համապատասխան կերպով հետազոտելու դեպքում վերաքննիչ դատարանը կպարզեր, որ  օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն,  հայցվորները փաստելով, որ պայմանագրով սահմանված գումարից ստացել են միյան 3.300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը Ն. Ա-ն խոստացել է իրենց հանձնել <որոշ ժամանակ անց>, իսկ մյուս գործով փաստել են /նաև հաստատվել է քրեական գործով/, որ գումարն իրենցից հափշտակվել է Ա. Մ-ի կողմից, որպիսի հակասությունը ևս օբյեկտիվորեն վկայում է այն մասին, որ

ա.          Ն.Ա-ի կողմից գումարի հանձնումն իրականացվել է,

բ.           ենթադրյալ  վիճելի իրավահարաբերությունն առկա է ոչ թե հայցվորների և պատասխանողի, այլ հայցվորների և Ա. Մ-ի միջև, և, թե ինչպիսի գույքային իրավահարաբերությունների մեջ են գտնվել վերջիններս միմյանց հետ, այն Ն. Ա-ի հետ որևէ առնչություն չունի,

գ.           քրեական գործով որպես տուժող հանդես է եկել հայցվորներից Կ. Ե-ն, ինչը ևս ապացուցում է, որ վիճելի իրավահարաբերությունն առկա է եղել հայցվորների և Ա. Մ-ի միջև, և վերջիններիս միջև գոյություն են ունեցել այնպիսի գույքային իրավահարաբերություններ, որոնք քաղաքացիական գործով պարզվելուց հետո անգամ, դատարանները չեն պարզել, որ պատասխանողի կողմից գումարի վճարումն ամբողջությամբ կատարվել է` անգամ անկախ օրինական ուժի մեջ մտած  վճռի առկայությունից:

Դատարաններն ակնհայտորեն անտեսել են  օրինական ուժի մեջ մտած վճռով  ուղղակիորեն արդեն իսկ հաստատված այն հանգամանքները, որ

ա.          հայցվորների` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրում սահմանված գումարից ավելի պակաս չափով գումար ստացած լինելու փաստը չի հիմնավորվել,

բ.           Ա. Մ-ի կողմից խարդախությամբ 4.247.400 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի մասով արդեն իսկ նշվել է, որ <Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Պայմանագրի կողմեր են հանդիսանում Ն. Ա-ն և Հայցվորները, իսկ Ա. Մ-ի նկատմամբ խարդախության հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը վերաբերելի չէ>,

գ.           այսինքն` անգամ նշված հանգամանքները օրինական ուժի մեջ մտած վճռով ուղղակիորեն հաստատված լինելու փաստը դատարաններին չի կաշկանդել  ճիշտ հակառակ փաստեր հաստատված համարելու հարցում,

որպիսի հանգամանքը հանգեցերել է ոչ միայն ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն, այլև դատական ակտի հանդեպ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելուն, ինչը հանգեցրել է  կատարյալ կամայականության և իրավական անորոշության, քանի որ  դատարանները թույլ են տվել ակնհայտ դատական սխալ, այն է` կրկին անգամ քննության առարկա են դարձրել և հաստատել են նույն այն փաստերը, որոնց վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` որով նշված /նույն/ փաստերը չեն հաստատվել:

Այսինքն` դատարանների կողմից թույլ է տվել ոչ միայն բազմաթիվ նորմերի խախտում, այլև ակնհայտ անհարգալից վերաբերմունք դատական համակարգի և արդարադատության հանդեպ, ինչպես նաև խախտվել է Ն. Ա-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտին վստահելու իրավունքը:

Փաստորեն, դատարանները մի դեպքում վկայակոչելով օրինական ուժի մեջ մտած  վճռով հաստատված փաստերը, իսկ մյուս դեպքում նշված վճռի առկայությամբ պայմանավորված` իրավունք չունենալով, սակայն, նախադատելի համարելով քրեական գործի փաստերը, ոչ միայն չեն հիմնավորել թե ինչու պարտադիր կատարման ենթակա օրինական ուժի մեջ մտած  վճռի պահանջները կիրառելի չեն, և,  ինչու են կիրառելի նշված  վճռի առկայությամբ պայմանավորված նախադատելի չհամարվող քրեական գործով հաստատված հանգամանքերն, այն դեպքում` երբ վճիռը չի բեկանվել և հակառակ դատական ակտ կայացված չի եղել, ինչպես նաև նշված գործով քննարկված և հաստատված նույն փաստերը ևս քննության առարկա են դարձել նշված  գործով և դրանք չեն հաստատվել.

Ստացվում է, որ դատարանները կրկին անգամ  քննության առարկա դարձնելով օրնական ուժի մեջ մտած  վճռով հաստատված նույն փաստերը, հաստատել են օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերին ճիշտ հակառակ փաստեր, ինչն աննախադեպ երևույթ է դատական պրակտիկայում:

Փաստաբան

Արտավազդ Պետրոսյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ