Սա խորը, համակարգային պատերազմ է՝ ազգային սրբությունների դեմ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տևական ժամանակ է, ինչ խորհում եմ՝ ինչո՞ւ է Նիկոլն այս աստիճան ոգևորված, քափ ու քրտինքով գրոհում եկեղեցու վրա ու թիրախավորում Հայրապետին։ Թերևս շատերս չենք խորամուխ եղել, թե իրականում ինչ է փորձում անել այս ապապետական աղետը, երբ Վեհափառ հորը կոչում է ավազանի անունով, և նրան մեղադրում ամեն տեսակ մտացածին մեղքերի ու գործարքների մեջ։
Իրականում այստեղ տեղի է ունենում ոչ թե անձի դեմ ուղղված արշավ, այլ ամբողջ եկեղեցու գլխիվայր շրջում։ Նիկոլը, այս պահվածքով, ոչ միայն հարձակվում է Կաթողիկոսի վրա, այլ փաստացի ամբողջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանում է սահմաններից դուրս՝ բոլորիս զրկելով հոգևոր պատկանելությունից ու ինքնությունից։
Եթե Նիկոլի մտասևեռված ծրագիրն իրականություն դառնա, ապա ստացվում է, որ եկեղեցու ողջ բարձր դասը՝ եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, վարդապետները, քահանաներն ու մնացած հոգևորականները, որոնց օծել է Վեհափառը, այլևս չունեն հոգևոր լիազորություն և համարվում են պարզապես շարքային քաղաքացիներ։ Իսկ եթե նրանց ձեռամբ կատարվածն անվավեր է, ապա մկրտված բոլոր անձինք համարվում են չմկրտված, տեղի ունեցած պսակադրությունները՝ անվավեր, իսկ թաղման կարգերը՝ զրկված հոգևոր նշանակությունից։ Այսինքն՝ ամբողջ քրիստոնեական ծիսակարգային շղթան այդպիսով դառնում է ոչինչ։
Այլ կերպ ասած՝ այս պատուհասը նպատակ ունի ոչ միայն կազմաքանդել եկեղեցական ինստիտուտը, այլ ամբողջությամբ ոչնչացնել մեր ազգային էությունն ու ինքնությունը, մեր հոգևոր հենքը, մեր կապն առ Աստված։ Նիկոլի նպատակը մեզ պարզապես ֆիզիկապես ոչնչացնելը չէ, մենք նրան պետք ենք զուտ հարկ վճարելու, ծառայելու, խոնարհվելու համար։ Բայց մենք նրան պետք ենք որպես հոգեպես լքված, ինքնությունից զրկված, արժեքազուրկ զանգված, որի վրա կարելի է ցնդաբանություններ քարոզել, մետամորֆոզներ իրականացնել ու այդ ամենն անել՝ առանց դիմադրության։
Տեսեք, ՔՊ «սաստավի» մեծ մասը, իհարկե, անաստված է, բայց վստահ եմ՝ նրանց մեջ կան նաև հավատացյալ քրիստոնյաներ։ Հենց նրանք պիտի հասկանան, որ եթե այս սատանայական ծրագիրը կյանքի կոչվի, ապա իրենք էլ են դառնում զրո, որովհետև իրենք էլ են ներսում այդ հոգևոր շղթայի մի մասնիկը։
Հատուկ ընդգծեմ՝ ի տարբերություն աշխարհի շատ եկեղեցիների, Հայ Առաքելական Եկեղեցին երբեք միայն կրոնական կառույց չի եղել, այն եղել է ազգային ինստիտուտ, հայ ժողովրդի ճակատագրի ուղեկիցն ու կերտիչը։ Հայ եկեղեցին մեր պատմության կենդանի մարմինն է, որտեղ կոդավորված են մեր բարոյական նորմերը, ազգային կենսակերպը, տեսլականն ու դիմադրության ուժը։
Նիկոլը ցանկանում է ոչնչացնել ոչ թե եկեղեցին՝ որպես աղոթքի տուն, այլ եկեղեցին՝ որպես ազգային հենասյուն։ Նա քանդում է ամեն բան, ինչ ունի արժեքային, հոգևոր, ինքնության նշանակություն։ Նա քանդում է մարդուն՝ որպես գաղափար, որպես կրող ինչ-որ հավիտենական բաների։ Դա սարսափելի է։ Ավելի սարսափելի, քան դուք պատկերացնում եք։
Եթե ուզեք պատկերավոր ասեմ՝ բոլոր օծված գերեզմանները, բոլոր մկրտությունները, մեղքերի թողություն տալու կարգերը, հիվանդների համար մատուցված պատարագները դառնում են փուչիկ։ Եվ ամենակարևորը՝ 2015-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը ևս դառնում է ոչինչ, դառնում է ֆեյք որովհետև, ըստ Նիկոլի տրամաբանության՝ այդ սրբադասումն արել է մեկը, ով ընդամենը շարքային մարդ, այսինքն՝ ոչ ոք։
Սա այլ ձևակերպմամբ հենց հոգևոր սպանդ է, սովորական հակակրոնական քարոզ չէ։
Սա խորը, համակարգային պատերազմ է՝ ազգային սրբությունների դեմ»։