26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շատակեր պաշտոնյային՝ խոզի դիմակ, անօրեն իշխանավորին` ավանակի

Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը և Ոստան ավանդական երգի, պարի համույթի ղեկավար, ազգագրագետ Գայանե Աբելյան-Բադալյանը:
Թեման՝ Բուն Բարեկենդանի տոն, որի ժամանակ թագավորը ենթարկվում էր ծառաներին, սկեսուրը՝ հարսներին, ինչպես էին նշում հայերը իրենց ամենամեծ դիմակահանդեսը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց տոնի խորհուրդը, սովորությունները և բարեկենդանյան ծիսական երգերից, հայտնում է hayacq.com-ը:
Տ. Զարեհ քահանա Աշուրյանն, անդրադառնալով Բուն Բարեկենդանի տոնին, նշեց, որ այն Մեծ Պահքին նախորդող կիրակին է և Պահքի ոսկե շղթայի սկիզբն է. «Տոնը նաեւ այն մասին է, թե ինչպես էին մեր նախամայրն ու նախահայրը վայելում դրախտում Աստծո ներկայությունը։ Այս տոնի մեջ կա հիշեցում առաջին պահքի մասին, որ Աստված Եւային ու Ադամին ասաց` ամեն ծառի պտղից կարող են օգտվել, բացի բարու-չարի ծառից։ Սակայն Ադամն ու Եվան կերան այդ ծառի պտղից ու արդյունքում կորցրին անմահությունն ու արտաքսվեցին դրախտից։ Պահքի կիրակիները 7-ն են, որոնք ունեն իրենց անունները։ Բուն Բարեկենդանի օրը կազմակերպում ենք ժողովրդական խաղեր ու ավանդույթներ։ Երթ ենք անելու սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ, որի ընթացքում անակնկալներ են սպասվում։ Սրանով մենք մեր ազգայինն ենք շեշտում, քրիստոնեականը, եւ ոչ ասում, ասենք` հելոինին։ Պահքի շրջանը կոչվում է նաեւ սգի շրջան` քո անձնական մեղքերի քավման ժամանակաշրջան»։
 
 
Գայանե Աբելյան-Բադալյանն իր հերթին նշեց, որ իրենք ամեն ինչ անում են վերականգնելու մեր ավանդույթները, ծեսերն ու տոները. «Բարեկենդանը սկսել է Սուրբ Սարգսից և տևում է մինչեւ Պահք ընկած ժամանակահատվածը։ Այս տոնը հիմնականում եղել է բողոքական տոն` բաղկացած փոքր թատերական ներկայացումներից, որ անվերջ խաղացել են հրապարակներում, բակերում։ Ներկայացումների ժամանակ պատկերել են իրենց կյանքի սոցիալական անհավասարությունները։ Օրինակ` ներկայացվել է սուտ ամուսնություն, որը բողոք էր իրենց ծնողներին, որ առանց զույգերի շփման, միմյանց ճանաչելու, ամուսնացրել են։ Ներկայացումները լինում էին դիմակներով. օրինակ` շատակեր պաշտոնյային խոզի դիմակով են պատկերել, անօրեն իշխանավորին` ավանակի դիմակով։ Բարեկենդանին շատ են կերել կաթնային, յուղային կերակուրներ, որ հաջորդ օրն անցնեն Պահքի։ 1915թ. Տոնի նշումն ավարտվել է` մեր ժողովուրդն էլ չի ուրախացել։ Ի դեպ, Բարեկենդանին շատ ձվածեղ են կերել` ասելով` «սրանով փակում ենք մեր բերանը 50 օր, իսկ ներկած, եփած ձվով կբացենք»։
 
Գայանե Աբելյան-Բադալյանի խոսքով` մենք տխուր, դժբախտ ազգ չենք եղել, ուղղակի մենք մեր անցյալն ու արմատները պետք է իմանանք. «Բարեկենդանը նաեւ ասում են արձկման օրեր. եթե մինչ այդ օրը հարսը զուսպ է եղել, այդ օրը սկսում է նմանակել սկեսուրին, ծառաներն իրենց տերերին չեն ենթարկվում։ Նշանաբանը Բարեկենդանի եղել է` «խելքներս գլխներիցս տարել են»։
Բանախոսները չբացառեցին, որ պահքը մեը օրերին դիետայի է վերածվել։ «Սատանան էլ ոչ ուտում, ոչ խմում է, սակայն միայն մեղքեր է անում։ Դրա համար ամեն ինչ պետք է համընթաց արվի` ուտելն ու հոգեւոր ինքնամաքրումը»,- նշեց Տ. Զարեհ քահանա Աշուրյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ