26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր դիրքավորում

Ինչու՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Արցախի ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը սահմանել էր իր համար հանդիպման այլ ձևաչափ՝ հանդիպելով Արցախի պաշտպանության նախարարի հետ: Ըստ երևույթին՝ Ռուսաստանը այս հարցին խանդով է վերաբերվել, քանի որ ՀԿ-ների, ընդհանրապես՝ քաղաքացիական հասարակության սեկտորի հետ աշխատանքների մասին արտահայտվել էին ԱՄՆ դեսպան Հեֆերնն ու եվրոպացի տարբեր պաշտոնյաներ, ինչպես, օրինակ՝ Ֆյուլեն:

Ճիշտ է, նրանք նշել էին Հայաստանի քաղաքացիական հասարակության մասին, սակայն շատ լավ հասկանում են, որ այդ իմաստով (ինչպես նաև՝ շատ այլ իմաստներով՝ բացի իրավական-քաղաքական-դիվանագիտական բաղադրիչից) Արցախն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն և նույնիսկ տարանջատելն անիմաստ է:

Հնարավոր է արցախյան հասարակությանը գայթակղել եվրոպական մոտեցումներով, ոգևորել նրան դեպի եվրոպական կողմնորոշում, որը կարող է ազդել նաև հայաստանյան հասարակական կարծիքի վրա: Ինչպես արևմտյան տեսաբաններն են նշում, կարևորը փիառային կոմունիկացիայի մեջ այն չէ, որ աշխատես ամբողջ հասարակության հետ, կարևորը ինչ-որ կոմունիկացիոն ալիքների հետ աշխատելն է, որը կզբաղվի մնացյալով:

Սա լրացուցիչ հարթակ է, որն Արևմուտքն օգտագործում է սեփական դիրքավորման համար: Ահա թե ինչու, Պոպովը գնաց այլ հարթակներ որոնելու, ի վերջո, Ռուսաստանն այստեղ ունի առավելություն, որը նրան ընձեռում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, Ադրբեջանի վրա ազդեցոււթյան միջոցները, վերջապես՝ ողջ կոնֆլիկտի գործընթացի վրա ավելի առարկայական ազդեցության մեխանիզմները՝ կախված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններից:

Այդ հանդիպումով ռուսաստանցի համանախագահն ընդգծեց սեփական գերազանցությունն իր գործընկերների նկատմամբ՝ ցույց տալով, թե ով է իրականում վերահսկում հակամարտության կարգավորման կամ ստատուս-քվոյի պահպանման գործընթացը: Ասվածի օգտին է խոսում փաստը, որ Պոպովը ընդգծեց բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը, որը ոչ այլ ինչ էր, քան հենց Արցախում արցախցիներին համոզելը, թե բանակցություններում նրանց երկրի մասնակցության շահագրգիռ կողմը Մոսկվան է: 

Այլ բան է, որ այդ հայտարարությունն ընդամենը պոպուլիստական բնույթ է կրում ներկա քաղաքական կոնյունկտուրայի ֆոնին, որով ինչ-ինչ դիվիդենտներ, այնուամենայնիվ, Ռուսաստանը կշահի համանախագահ մյուս երկրների նկատմամբ, որովհետև Բաքվում անպայման կարձագանքեն, ինչին կհետևի ռուսաստանցի մեկ այլ պաշտոնյայի (գուցե, ավելի բարձրաստիճան) արձագանքը հերքման տեսքով կամ որ Պոպովի խոսքերը լավ չեն մեկնաբանվել և այլն:

Փաստորեն, այսպիսով, օբյեկտիվորեն կստեղծվի իրական միջնորդի իմիտացիա, որը ինֆորմացիոն-քարոզչական ինչ-ինչ հարցեր հնարավոր է, որ լուծի Կրեմլի օգտին: Իսկ այցն ինքնին շատ դրական է ԼՂՀ սուբյեկտայնության ընդգծման առումով, հատկապես հանդիպումները քաղաքացիական հասարակության սեկտորի և պաշտպանության նախարարի հետ ավելի են ընդգծում ԼՂՀ՝ որպես պետության կայացածության փաստական հանգամանքը, որ այնտեղի հասարակության կարծիքը վերջապես հաշվի է առնվում, ինչը պետության ճանաչման լավագույն նախապայմանն է, եթե բացառենք զուտ քաղաքական մոտիվացիան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ