Այնպես չէ, որ Թուրքիայում ասում են` վայ Ադրբեջանն ինչ լավ երկիր է. թուրք հրապարակախոս
Ազգությամբ թուրք գրող-հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը, ով վերջերս Հայաստանում էր, կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան առաջին հերթին պիտի մտածի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին, պատմական անցյալի ու իրենց իսկ նկատմամբ հարգանքը ամբողջ աշխարհի կողմից մեծացնելու համար: «Մյուս հարցերը կարող են դիվանագիտութան միջոցով լուծվել: Ադրբեջանի հետ հարաբերությունները չպիտի լինեն առաջնային Հայաստանի հետ հարաբերությունների փոխարեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրք հրապարակախոսը:
Վերջինիս ներկայացմամբ` այնպես չէ, որ Թուրքիայում յուրաքանչյուր ոք սիրում է Ադրբեջանը կամ ասում է` վայ, Ադրբեջանը շատ լավ երկիր է: «Ոչ, դա այդպես չէ, հավատացեք ինձ, որ նույնիսկ շատ լրագրողներ Լեռնային Ղարաբաղի մասին չգիտեն: Եվ եթե հիմա թուրքական իշխանությունները որոշեն այդ կոնֆլիկտի հարցում սատարել Հայաստանին Ադրբեջանի փոխարեն, ոչ մի ազգայնամոլ չի ասի ոչ: Ես հավատում եմ սրան, որովհետև ոչ ոք հետաքրքված չէ դրանով: Ադրբեջանի հետ հարաբերությունները տնտեսական ուղղվածության են միայն: Իսկ ինձ համար առաջին քայլը պիտի լինի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը»,-պատմեց Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը:
Թուրք լրագրողն ասում է նաև, որ Անկարայում մի քանի պաշտոնական գործիչներ գիտակցում են, որ Կիպրոսն ու Ադրբեջանն ունեն լավ հարաբերություններ: «Իսկ տնտեսապես Կիպրոսը մեծ խնդիր է Թուրքիայի համար: Ադրբեջանին օժանդակելն այդքան էլ տրամաբանական չէ: Բացի այդ Թուրքիայում ոչ մեկը չի մտահոգվում այս մասին, Ադրբեջանի մասին: Նրանք թուրքեր չեն: Երբեմն Թուրքիան էլ է խուսափում Ադրբեջանից, այսինքն` չի աջակցում նրան, ինչպես եղավ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ: Սա նշանակում է, որ դա էլ է հնարավոր: Հույս ունեմ, որ դիվանագիտական հարաբերություններ մեր ու ձեր երկրների միջև, այնուամենայնիվ, կհաստատվեն: Մենք բոլորս պայքարում ենք դրա համար»,-եզրափակեց նա: