27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հսկայական անդունդ կա հայ ու համաշխարհային նորաձևության միջև. ոճաբանն անհանգստացած է

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանին անհանգստացնում է հայաստանյան ու համաշխարհային նորաձևության միջև եղած անդունդը: «Մի շրջան կար, երբ բացվեցին մոլերը, mass fashion-ի բրենդները ներկայացան Հայաստան, և որոշ կերպով դրսի տենդենցները հասանելի դարձան Հայաստանի համար, բայց արևմտյան նորաձևության հետագա զարգացումները մի քիչ հեռացրեցին տեղական հագնվելու ոճը համաշխարհային ընդհանուր ուղղություններից ու ընթացքներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ բլոգերի` դա պայմանավորված է նրանով, որ հայերը միշտ սիրում են լինել կոկիկ, գեղեցիկ հարդարված, ամեն ինչը ճիշտ, իսկ դրսում այսօր ավելի նորաձև է. ««Հարուստ թափառականի»` թափթված ոճն է իշխում դրսում: Այդ նորաձևության կրողներն այնպիսի տպավորություն են թողնում, որ  հենց նոր անկողնուց են վերկացել և այդպես դուրս եկել տնից, բայց շատ գեղեցիկ են արդեն ու էլեգանտ, մի փոքր թափթփված, ինչ-որ տեղ թերություններով հագուստներ են կրում, չափը ավելի մեծ, քան ընդունված է կամ քեզ վրա է լինում, այլ կերպ ասած` մի թերություն պիտի լինի քո look-ում, որ համարվես նորաձև դրսում»:

Բացի այս ըստ Մարիաննա Քաբաբյանի` Հայաստանում ոչ մի կերպ չեն գիտակցում, որ մինիմալիզմն է նորաձևության իշխողը. «Հայերը սիրում են ամեն ինչ կրել ճոխ զարդեր, զարդանախշեր, հագուստ, ամեն ինչը պետք է լինի շատ, իսկ այսօր ամբողջ աշխարհում տենդենց կա կրել ամենահասարակ, պարզ հագուստը: Մարդիկ կրում են ավելի սաֆարի` տափաստանային գույների հագուստ, դրա հետևից գնացել են շատերը: Դրա հիմնադիրներից է Քայնի Ուեսթը, նրա ու նրա կնոջ` Քիմ Քարդաշյանի ընտանիքն աշխարհի նորաձևության համար մեկ թելադրողներից են, ու նրանք էլ այդ թափթված, կիսահագնված ոճն են թելադրում»:

Նորաձևության բլոգերի ներկայացմամբ այդ ոճի դեպքում կարելի է կրել օրինակ` սպորտային տաբատ և երեկոյան կոշիկներն, ինչն այստեղ այդքան էլ չի ընդունվում: Սա, նրա համոզմամբ, խոսում է ազգային մենթալիտետի մասին: Հայերն էլ հաճախ սկսում են կրել իրենց սիրած երգչուհու ոճին պատկանող հագուստներից.

«Որևէ մի աստղ կրում է մի հագուստ, ու բոլոր աղջիկներն սկսում են նախընտրել այդ տեսակի հագուստ: Սա լավ է, թե վատ, չգիտեմ, բայց խնդիրն այն է, որ այսօր կա մի մեծ անդունդ համաշխարհային ընթանցքների միջև, որ մենք հետևում ենք և այն իրականության, որում ապրում ենք: Հայ աղջիկները ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել Վիկտորյա Բեքհեմի 2014 թվականի գարուն-ամառ հավաքածուի զգեստների ձևվածքից, որը հոգնեցրել է, ու արտերկրում ոչ ոք չի կրում, իսկ հայ դիզայներների հավաքուծում նկատում ենք, որովհետև պահանջարկը շատ մեծ է:

Խոսքը ներքևը լայնացող զգեստների մասին է»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը կոչ է անում հետ չմնալ աշխարհից, հետևել տենդենցներին իհարկե համադրելով սեփական ոճին բնորոշ էլեմենտներ ու տարրերի հետ: «Մի փոքր ուշադիր պիտի լինել, թե որ տենդենցներն են նորաձև ընդհանուր աշխարհում մարդու հագնվելու ոճում, որովհետև այսօր հասարակ մահկանացուն է թելադրում դիզայներին` ինչ է պետք ստեղծել: 100 տարի առաջ Կոկո Շանելն ինքնասպան կլիներ, որ նրան ասեինք, որ մի օր է գալու, երբ փողոցի հասարակ մահկանացուն է թելադրելու դիզայներին ինչ ստեղծել:

Շատ կցանկանայի, որ հայ աղջիկներն էլ ստեղծեին յուրովի մի ոճ, որը կտարածվեր համաշխարհային նորաձևություն, ոչ թե ստեղծեին նորաձևություն, որը կրկնօրինակվեր ու կլիներ ժամանակավրեպ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ