27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խնայեք ձեզ․ հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոգեկան առողջության համաշխարհային օրն այս տարի նշվում է «Հոգեբանական առաջին օգնություն» կարգախոսով, որը հասարակության առողջության պահպանման և վերականգնման բաղկացուցիչ մասն է: Հոգեբանական առաջին օգնությունը համալիր աջակցության համակարգ է, որը նպատակ ունի օգնել բոլորին, ովքեր սոցիալական, հոգեբանական և ֆիզիկական առողջության ոլորտներում աջակցության կարիք ունեն:
Հոգեկան առողջությունը սահմանվում է որպես գոյության ձև, առավել հարաբերական, քան բացարձակ, որը ենթադրում է միաժամանակ հաջողություն աշխատանքի, սիրո և ստեղծագործելու բնագավառներում:
Հոգեկան առողջությունը ենթադրում է հոգեբանական բարեկեցության դրական զգացումներ, սեփական արժանապատվության զգացում, համոզվածություն սեփական անձի և այլ մարդկանց արժեքի վերաբերյալ, ներդաշնակ ներաշխարհ, կենսական դժվարությունների հետ վարվելու և գիտակցաբար ռիսկի դիմելու կարողություն, փոխադարձ բավարարող միջանձնային հարաբերություններ հաստատելու կարողություն, ինչպես նաև ապրած սթրեսից կամ շոկից հետո ինքնուրույն ապաքինման կարողություն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առանձնացրել է հոգեկան առողջությունը (ՀԱ) բնորոշող հետևյալ չափանիշները`
ա) Սեփական ‎ֆիզիկական և հոգեկան Ես-ի միասնության մշտական գիտակցում,
բ) Հաստատուն ապրումներ միանման իրավիճակներում,
գ) Սեփական հոգեկան գործունեությունը, նրա արդյունքները և ինքն իրեն համապատասխան գնահատելու կարողություն (ինքնաքննադատություն),
դ) Հոգեկան հակազդեցությունների համապատասխանությունն արտաքին ազդակների և իրավիճակների ուժին,
ե) Սեփական գործունեության պլանավորման և իրականացման ունակություն:
Հոգեպես առողջ մարդիկ՝
1. Կարող են հանգիստ վերաբերվել հիասթափությանը և գիտեն` ինչպես ընդունել որոշ սահմանափակումներ, որոնք պարտադրվում են անկախ մեր կամքից,
2. Հիմնականում երջանիկ են և ակտիվ, կյանքին նայում են լավատեսորեն,
3. Գիտակցում են իրենց զգացմունքներն ու մտքերը,
4. Հանգիստ աշխատում են այլ մարդկանց շրջապատում,
5. Գիտեն` ինչպես ընդունել քննադատությունն իրենց հասցեին և չեն հուսահատվում, եթե չի հաջողվում հասնել նպատակին,
6. Չեն վախենում խնդիրներից և պատրաստ են նոր դժվարությունների,
7. Ամբողջ եռանդով տրվում են իրենց գործին և իրենց առջև դնում իրական նպատակներ:
Իհարկե, սա հոգեպես առողջ մարդու իդեալական պատկերն է: Ինչպես ֆիզիկական առողջությունը, հոգեկան առողջությունը ևս ունենում է տատանումներ, և ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը կարելի է բարելավել:

Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ