27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ պետք է երեխային եկեղեցի տանել

Յուրաքանչյուր ծնողի նվիրական նպատակն իր երեխային առաքինի, ազնիվ, բարի ու խելացի մարդ դարձնելն է: Իսկ ո՞րն է այս ամենին հասնելու ճանապարհը: «Ծնողներ կան` երեխայի դաստիարակության մեջ չափազանց կարևորում են փողի դերը, ցանկանում են, որ նա փողի մեջ մեծանա, և արդեն ենթադրելի է, թե նա ինչ տեսակ զավակ պիտի լինի, և ծնողը վաղ թե ուշ կրելու է իր զավակի պտուղը. նա տառապանք է կրելու, քանի որ իր երեխան չի կարող պիտանի մարդ լինել»,- կարծում է Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Դանիել քահանա Բաղումյանը:

Ըստ մանկավարժ-դաստիարակ Ալիսա Սաղաթելյանի` երեխայի մեջ համամարդկային արժեքներ սերմանելու հարցում մեծ դեր ունեն հոգևոր դաստիարակությունը, եկեղեցին: Նախ` պարզենք, թե ինչ է կատարվում փոքրիկի ներաշխարհում: Երեխայի մոտ գիտակցության նշույլները սկսում են զարգանալ ծնված օրվանից:  2,5-ից 3 տարեկանում նա կարողանում է տարբերակել ես-ը ոչ ես-ից, իրեն առանձնացնել շրջապատից:

«Նա առաջին անգամ հարց է տալիս` ես որտեղից եմ ծնվել, և չգիտես ինչու խաբում են իրեն, մինչդեռ պետք է փոքրիկին` իր հասկացողությանը համապատասխան ձևով, ճիշտ մատուցել, վերջիվերջո, նա մեծանալու է և առնչվելու այդ հարցին»,- ասում է «Այգ» հոգեբանական ծառայությունների հոգեբան-հոգեթերապևտ Մարինե Ավետիսյանը:

Փոքրիկի միջավայրում կան կառույցներ, որոնք իրենց հետքն են թողնում նրա հոգեբանության վրա: Տարբեր երեխաների մոտ տարբեր են ընկալումները` կախված տարիքային առանձնահատկություններից, ընտանիքից, միջավայրից, իրենց ներքին հոգեկան կառուցվածքից: Եկեղեցին միջավայրի կառույցներից մեկն է, որ նույնպես իր ազդեցությունն է թողնում երեխայի վրա: Այստեղ հանգում ենք Աստծուն` փոքրիկին ճիշտ ներկայացնելու խնդրին:

Մարինե Ավետիսյանը նշում է, որ սխալ է այն մոտեցումը, երբ պապիկի դերում են ներկայացնում Աստծուն:

«Պետք է այնպես բացատրել, որպեսզի հետագայում երեխան ծուղակը չընկնի: Եթե հենց փոքր տարիքից ճիշտ մատուցվեն Աստծո, հավատի վերաբերյալ մոտեցումները, և երեխան, երբ իր զարգացման ընթացքում հասնի այն տարիքին, որ պետք է իր մեջ ընտրություն կատարի` հավատալ-չհավատալ, արդեն պատրաստ կլինի որոշելու` որն է իր համար ընկալելին և ճիշտը»,- ասում է հոգեբանը:

Նա խորհուրդ է տալիս Աստծուն ներկայացնել որպես սիրո, բարության, ներման մարմնացում, հոգևոր հենման կետ: Իսկ ի՞նչ է եկեղեցին տալիս երեխային: Նախ` չկա որոշակի տարիք` փոքրիկին եկեղեցի տանելու համար: «Կան երեխաներ, որ նոր են դպրոց հաճախում, բայց գալիս են եկեղեցի, լսում են Պատարագը, երգում: Եթե երեխան արդեն իսկ իր բերանով թոթովում է հայոց այբուբենը, մեկտեղ պիտի իմանա նաև «Տերունական աղոթք»-ը:

Եթե երեխան եկեղեցու մեջ մեծանա, մենք կունենանք աստվածավախ անձնավորություններ, որոնք նվիրված կլինեն իրենց հայրենիքին, եկեղեցուն, իրենց ընտանիքին: Երեխան որքան մոտ լինի Աստծուն, այնքան մենք դրանից միմիայն կշահենք: Երբ փոքրիկը մեծանում է եկեղեցու մեջ, դա ամենամեծ երջանկությունն ու ուրախությունն է: Եվ եթե այսօր ասում ենք, որ ուզում ենք ունենալ լավ քաղաքացի, նաև պետք է ունենանք ճշմարիտ, բարեպաշտ հավատացյալ, իսկ մենք դրան հասնում ենք եկեղեցու կամարների ներսում»,- ասում է տեր Դանիելը:«Երբ մեր երեխաները դպրոց չեն գնում, փոքր են, «Տեր ողորմեա»-ն երգելիս հավատքով հասկանում են: Փոքրուց պետք է երեխային եկեղեցի տանել, դա օրհնություն է:

Պարտադիր չէ, որ բալիկը հասկանա` ուր է եկել: Շատ փոքրիկներ կան, որ մանկապարտեզի հասակի են, բայց երբ ծնողի հետ գալիս են, մոմ են ցանկանում վառել, անկախ իրենցից, նրանց մեջ արդեն ձևավորվում է մարդը, հավատացյալը»,- ասում է տեր Դանիելը: Իսկ երբ երեխան դպրոց է հաճախում, նա արդեն սկսում է շատ բան գիտակցել, սովորել, իմաստնանալ: Պատահական չէ, որ երբ լսում ես եկեղեցու փոքրիկներին, նրանց մաքուր, անարատ ձայնի թոթովանքը, տեղափոխվում ես այլ` մաքուր ու վերերկրային մի աշխարհ:

Եթե մարդն Աստծուն մոտ լինի, Աստծո ներկայության մեջ և Աստված իրենց ընտանիքի մեջ, դա ամենաօրհնաբեր, պտղաբեր ընտանիքը կլինի: Քահանայի վկայությամբ` եթե փոքրիկ աղջնակը գալիս է եկեղեցի, ինչպես Աստվածամայրը երեք տարեկանում ընծայվեց տաճարին, նա հետագայում լավ մայր կլինի, ընտանիք կունենա, լավ երեխաներ կդաստիարակի:

Բնավ պարտադիր չէ շարունակել ուսումը հոգևոր ուղղությամբ. մարդուն` որպես ճշմարիտ քրիստոնյայի, անհրաժեշտ է Աստծո տան, Աստծո ներկայության մեջ մեծանալը: Տեր Դանիելը խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին` երեխաներին եկեղեցի բերել, «քանի որ իրենք լավ մարդիկ կմեծանան: Եթե մարդը ճանաչում է Աստծուն, սիրում, Տիրոջն ունի իր հոգու մեջ, կատարողն է Աստծո խոսքի, չի կարող վատ մարդ լինել: Հավատացեք, որ նրանք լավագույն քաղաքացիները կմեծանան` նվիրված ծնողներին, ընտանիքին ու հայրենիքին»:

Աղբյուր` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2011 Թ., Հունիս Ա, Թիվ 11 հեղինակ` Մարիամ Ավետիսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ