25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված քեզ էլ է հրավիրել, պատրա՞ստ ես

Այսօրվա ընթերցվածքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկն է, որ անվանվում է «Մեծ խնջույքի առակը» կամ «Հարսանիքի հրավիրվածների առակը» և հանդիպում ենք միայն Ղուկասի (14:16-24) և Մատթեոսի (22:1-10) ավետարաններում: Առակում պատմվում է այն մասին, որ մի թագավոր մեծ խնջույք է կազմակերպում ու երբ իր ծառաներին ուղարկում է հրավիրվածներին կանչելու՝ նրանք զանազան պատճառաբանություններ գտնելով՝ հրաժարվում են արքայի հրավերից, ոմանք էլ նույնիսկ սպանում են ուղարկված ծառաներին: Եվ այնժամ բարկանում է արքան ու ծառաներին պատվիրում ճաշկերույթի հրավիրել բոլոր այն մարդկանց, ովքեր կհանդիպեն նրանց ճանապարհին՝ լինեն աղքատ, թե հարուստ, չար, թե բարի, հիվանդ կամ առողջ: Եվ ծառաներն, անսալով տիրոջ հրամանին, հրավիրում են բոլորին իրենց տիրոջ տուն:

Ահա՛, այսպիսին էր Տիրոջ պատմած առակի բովանդակությունը, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ ու քույրեր, բայց պիտի նշեմ, որ Աստծո Որդին ոչ միայն այս առակում, այլ բազմիցս է անդրադարձել այս թեմային՝ հույժ կարևորելով այն: Ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս առակում նկարագրվում է Երկնային Արքայի՝ Ամենակալ Աստծո մտադրությունն Իր արարածների նկատմամբ:

Վստահ եմ ամենքիդ համար էլ պարզ է, որ առաջին հրավիրվածները հրեա ժողովուրդն էր, ով Աստծո ընտրյալ ազգ էր համարվում և Աստծո Մեսիային ընդունելով՝ պետք է օրինակ հանդիսանար մյուս բոլոր ազգերի համար ու նրանց էլ իր հետ Տիրոջ ճանապարհով տաներ: Սակայն, ինչպես պատմվում է առակում ու հետագայում ցույց է տալիս պատմությունը՝ նրանք մերժեցին Երկնային Արքայի հրավերը՝ չընդունելով Նրա Որդուն, ավելին՝ տանջելով ու խաչի վրա անարգ մահվան դատապարտելով: Հետագայում հալածվեցին ու չարչարանքների ենթարկվեցին նաև Տիրոջ մյուս ծառաները՝ առաքյալներն ու նրանց հետևորդները, ովքեր լծվել էին իրենց Տիրոջ հրավերը բոլորին հասցնելու գործին: Սակայն պետք է կանգ առնեմ այստեղ ու ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ Արքան հրավիրեց բոլորին:

Այո՛, սիրելինե՛ր, բոլորին: Այսինքն խոսքը ոչ միայն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ժամանակաշրջանի մասին է, այլ՝ արդի է բոլոր ժամանակներում և վերաբերվում է այժմ այստեղ գտնվող մարդկանցից յուրաքանչյուրին: Ամենախնամ Տերը պատրաստել է Իր Արքայությունը, հրավիրել է ու շարունակում է հրավիրել մեզանից յուրաքանչյուրին և սպասում է, թե ինչ պատասխան կտանք Իրեն:

Չէ՞ որ, երբ ամեն օր հնչում են եկեղեցու զանգերը՝ կանչելով մեզ Սուրբ Պատարագի կամ ամենօրյա ծառայության՝ հնչում է նաև Տիրոջ հրավերը՝ մի կողմ թողնելու աշխարհիկ հոգսերն ու գործերը և Աստծո տուն գնալու: Բազումողորմ Աստված բազմաթիվ ու զանազան կերպերով է մեզ հրավեր ուղարկում, թակում մեր սրտերի դռները: Քանի անգամ է Նա արթնացրել մեր խիղճը, քանի անգամ է սթափեցրել մեզ, որ ուշքի գանք, հասկանանք, որ սխալ ճանապարհի վրա ենք և ի՞նչ պատասխան ենք մենք Նրան տվել:

Ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, սիրելի՛ հավատացյալներ, ու կտեսնենք, թե քանի-քանի պատճառներ ենք պատրաստ հորինել՝ միայն թե մերժենք Տիրոջ հրավերն ու սին արդարացումներ փնտրենք մեզ համար: Երկնային Արքան, ողջ տիեզերքի Արարիչը, Ամենակարողն ու Ամենակալը մեզ Իր տուն է հրավիրում, իսկ մենք ասում ենք. «Սպասի՛ր, Տե՛ր, հիմա ժամանակ չունենք: Գործերը կավարտենք, հետո կգանք, անձնական կյանքը կդասավորենք, հետո կգանք, առողջական կամ ֆինանսական վիճակն ուղղենք, հետո կգանք, հետո կաղոթենք, հետո կփառաբանենք Քեզ» և «հետո»-ների այս շարքը կարող ենք անվերջ թվարկել, միայն թե չհետևենք Տիրոջ ձայնին: Եվ այսպես շարունակելով՝ մի օր կտեսնենք, որ մեր կյանքն անցավ մի ակնթարթի պես ու մենք այդպես էլ պատրաստ չեղանք Տիրոջ խնջույքին մասնակցելու:

Հիսուս Քրիստոս ասում է. «Նախ Աստծո Արքայությունը խնդրեցեք» (Մտթ. 6:33), իսկ մենք մշտապես մոռանում ենք այդ կարևորագույն, կենսական արժեք ունեցող «նախ» բառի մասին, որին սակայն պետք է սևեռված լիներ մեր ողջ ուշադրությունը: Եվ տրտմելով՝ Տերն ասում է. «կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ» (Մտթ. 22:14): Ցավոք սրտի քիչ են նրանք, ովքեր լսում են Տիրոջ ձայնն ու հետևում նրան:

Քիչ են Աստծո խնջույքի հրավերն ընդունածները: Եվ դա մեծ ցավ է Ամենակալի համար, քանի որ Նա երկիր իջավ, մարմնացավ, Իր սուրբ արյունը թափեց, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը փրկվի ու Աստծո Արքայությանն արժանանա: Ամենախնամ Տերը շարունակում է սիրել մեզ և յուրաքանչյուր պահի կոչ է անում սթափվել, ուշքի գալ, չվնասել ինքներս մեզ, քանի որ Տիրոջ պատվիրանները հենց մեր իսկ օգտի համար են տրվել: Մեզ վտանգներից, սխալներից ու կործանումից ետ պահելու ու հավիտենական երանության ճանապարհի վրա կանգնեցնելու համար:

Իսկ մենք ժամանակավոր երկրային ուրախությունները կամ հոգսերով զբաղվելը գերադասում ենք Արարչի նվիրած հավիտենական երանությունից: Հիմա ձեզանից ոմանք միգուցե չհամաձայնեն ինձ հետ՝ ասելով, որ իրենք մշտապես եկեղեցի են գալիս ու աղոթում են Աստծուն, բայց եթե խորքում նայեն իրենց մղումներին, իրենց հոգին ազնվությամբ ուսումնասիրեն, ապա ի՞նչ կտեսնեն: Աղոթքներում հիմնականում ինչ-որ բան ենք ուզում Աստծուց, գանգատվում ենք մեր դժվարություններից, եկեղեցի ենք մտնում նախանձի, չարության, ատելության, հպարտության և այլ տարատեսակ թույներով թունավորված հոգիներով, Աստծո առջև ենք կանգնում՝ առանց զղջման ու ապաշխարության…

Այստեղ պետք է կրկին կանգ առնեմ, սիրելի՛ հավատացյալներ, ու հիշեցնեմ Հիսուս Քրիստոսի այն խոսքերը, թե «յուրաքանչյուրին կհատուցվի ըստ իր գործերի» (Մտթ. 16:26), այսինքն, եթե Տիրոջ ձայնը հասել է ձեզ, մտել եք Նրա Եկեղեցի, ստացել եք որոշակի գիտելիքներ, ապա Տերը մեզանից ըստ մեր գիտեցածի է հարցնելու: Երբ մահվանից հետո կանգնենք Նրա առջև, ապա ասելու է մեզ. «Դու գիտեիր սրա մասին, սակայն չարեցիր» ու մենք ոչինչ չենք ունենա պատասխանելու: Եվ վա՜յ մեզ, եթե մարգարեի հետևյալ խոսքերը մեզ էլ վերաբերվեն. «Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից» (Եսայի 29:13):

Ուղղափառ եկեղեցու Սուրբ Հայրերից մեկի մասին պատմում են, որ երբ ներկա է գտնվել ճեմարանի քննություններից մեկի ժամանակ, ապա ուսանողներից մեկին հարցրել է. «Ասա ինձ, ինչպե՞ս ես մտադիր փրկվել»: Ուսանողը պատասխանել է. «Մտադիր եմ իմ խոնարհությամբ փրկվել»: Հոգևորականը խստությամբ նայել է նրան ու ասել.

«Պատասխանդ իր մեջ արդեն հպարտություն է պարունակում: Ի՞նչ է, կարծում ես արդեն այնպիսի խոնարհություն ես ձեռք բերել, որ կարող է փրկե՞լ քեզ: Ես ընդհանրապես այդպիսի խոնարհություն չեմ տեսնում քո մեջ»: Այնուհետև երկրորդին է հարցրել, թե նա ինչպես է պատրաստվում փրկվել: Ուսանողը պատասխանել է. «Ձեր աղոթքներով, Սրբազան Հայր»: Այս անգամ վրդովվել է Աստծո սպասավորն՝ ասելով. «Այսքան երիտասարդ ես, բայց արդեն սովորել ես կեղծավորություն անել, իսկ հետո ի՞նչ է լինելու քո վիճակը»: Եվ միայն երրորդ ուսանողն է, որ նույն հարցին պատասխանել է, թե Քրիստոս Փրկչի չարչարանքներն են ի զորու իրեն փրկել, որին էլ Սուրբ Հայրը պատասխանել է. «Ահա՛ միակ ճշմարիտ պատասխանը: Եվ այլ պատասխան չի էլ կարող լինել»:

Այսքանով ասված է ամեն բան, սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս: Աստծո Միածին Որդին, իր փրկչական սուրբ արյունով, ազատագրեց մեզ մեղքի գերությունից, փրկագնեց մահվան ճիրաններից ու հավիտենական կյանքի ճանապարհը բացեց մեր առջև: Եվ մեզ մնում է միայն չմերժել Նրա հրավերը, ընդառաջ գնալ Նրա անգին զոհաբերությանն ու մեր ապրած կյանքերով ցույց տալ այն երախտագիտությունը, որ պետք է զգանք Տիրոջ հանդեպ:

Մեր ապրած կյանքերով ցույց տանք, որ հասկացել ենք ճշմարիտ քրիստոնյա լինելու իրական իմաստը, այն է՝ մշտական ինքնազոհաբերության գնալու մեր պատրաստակամությունը: Մենք պետք է զոհաբերական սեր ունենանք թե՛ առ Աստված և թե՛ առ մարդիկ: Երբ ասում ենք զոհաբերական սեր ունենալ առ Աստված, նշանակում է վճռականություն ունենալ ավելի շուտ մեռնելու, քան Աստծո առաջ մեղք գործելու: Եվ երբ առ մարդիկ ունեցած զոհաբերական սիրո մասին ենք խոսում, ապա ներման գաղափարին ենք հանգում: Դա նշանակում է ներել քեզ վիրավորողին ու աղոթել նրա փրկության համար: Իրական խոնարհություն դրսևորել: Եկեղեցու Սուրբ Հայրերն ասում են, որ ճշմարիտ խոնարհ մարդը Խաչյալ Քրիստոսից հեռու կանգնած չի լինում…

Արդ, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, այսօրվա Սուրբ Պատարագի ավարտից հետո, երբ դուրս գանք եկեղեցուց, լրջորեն մտածենք այն մասին, որ Տերը մեզ էլ է հրավիրել: Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ հրավերն ընդունելու: Արդյո՞ք պատրաստ ենք մեղքից ու աշխարհի աղտոտությունից հրաժարվելու ու արժանի լինելու Երկնային Թագավորի խնջույքին մասնակցելու:

Եվ եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ ու մեր պատասխանը «ոչ, արժանի չեմ» լինի, ապա չհուսահատվենք, սիրելիներ: Իմաստությամբ օգտագործենք այն ժամանակը, որ Սիրող Հոր կողմից հատկացվել է մեզ՝ ազնվորեն քննելու ու վերաիմաստավորելու մեր կյանքերը: Լցվենք վճռականությամբ՝ ամեն գնով մեղքից հրաժարվելու, զինվենք համբերությամբ՝ Տիրոջ օգնությունն ու ողորմածությունն աղերսելու մեր աղոթքների մեջ ու խոնարհության զգեստները հագնենք՝ իրապես զղջալու, ապաշխարելու և յուրաքանչյուր պարագայում փառավորելու՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ