28 Նոյեմբերի, Saturday, 2020
KFC

Ինչու՞ ենք դժվարանում հավատալ Աստծուն

d6f0ec59bd5f9804221aca74be9d0b59

Հավատքը մեր կյանքի ամենակարևոր իրողությունն է: Յուրաքանչյուրս էլ առիթ ունենում ենք մտածելու՝ արդյո՞ք ամուր ու հաստատուն ենք մեր հավատքի մեջ և որքանո՞վ է մեր հավատքը կենդանի: Այս հարցերի պատասխանները որոնելիս կանգնում ենք մեկ այլ հարցի առաջ. ի՞նչ է հավատքը. միջո՞ց, թե՞ նպատակ:
Բարդ հարց է: Ստիպված ենք մեկ այլ հարցի պատասխան ևս փնտրել. ինչու՞ ենք դժվարանում հավատալ Աստծուն:

Այս հարցերի պատասխանները գտնելը կենսական խնդիր չէ. առանց դրանց էլ կարելի է հոգևոր կյանքով ապրել, բայց եթե ցանկանում ենք մեր հոգևոր կյանքում փոփոխություններ և սրբագրումներ կատարել, ապա վաղ թե ուշ պետք է փորձենք այդ հարցերի պատասխաները փնտրել: Խնդիրն, անպայման, հստակ պատասխաններ գտնելը չէ, գուցե չստացվի, սակայն այդ հարցերի պատասխանների փնտրտուքն անրդեն կարող է մեզ ընտրություն կատարելու հնարավորություն և ուղղություն ցույց տալ:

Աստծուն շատերս ենք հավատում, բայց հաճախ պատահում է այնպես, որ թերանում ենք հոգևոր կյանքում: Ավելին, կան նաև մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հավատք չունեն և մերժում են Աստծո գոյությունը: Պետք է ընդգծել, որ այդ նրա՛նց համար Աստված գոյություն չունի. սա ավելի ազնիվ մոտեցում է: Անհավատության մեջ էլ կարելի է ազնիվ կամ անազնիվ լինել: Ազնիվ չէ կուրորեն հերքել այն, ինչն ակնհայտ է այլ մարդկանց համար: Գրեթե նույնն է, երբ կույրը փորձի ապացուցել, որ լույս գոյություն չունի: Եթե մարդն անհավատ է, ու չի տեսնում Աստծուն չի նշանակում, որ Աստված գոյություն չունի: Մենք բոլորս Աստծո զավակներն ենք, պարզապես մեզնից ոմանք ընդունում են դա, իսկ մյուսները՝ ոչ:

Ինչու՞ ենք մենք դժվարանում հավատալ Աստծուն, այս հարցի պատասխանը գտնելու համար մենք պետք է նախ հասկանանք՝ ի՞նչ է հավատքը: Պատասխանները կարող են տարբեր լինել. մեկի համար հավատքը փրկություն է, մյուսի համար՝ Աստծո հետ ներդաշնակ ապրելու միջոց, կամ՝ երջանկության հասնելու ճանապարհ և այլն:
Շատերի համար էլ հավատքը միջոց է երջանիկ ու նյութապես ապահով ապրելու համար, բայց, ըստ էության, սա հավատքի նկատմամբ էգոիստ մոտեցում է: Մենք պետք է հավատանք Աստծուն ոչ թե մեր անձնական շահերի համար, այլ որովհետև Աստված գոյություն ունի, Նա կա ու սիրում է մեզ: Աստված ամեն ինչ է ամեն ինչի մեջ:

Հավատքը դավանանքի ընտրություն չէ, այլ՝ հնարավորություն ճիշտ ընտրություն կատարելու: Հավատքն ու կրոնը միևնույն բաները չեն: Հոգևոր կյանքի արտաքին դրսևորումները կապված են կրոնի հետ, իսկ ներքին դրսևորումները՝ հավատքի հետ: Կրոնը հավատքի սոցիալական ու մշակութային դրսևորումն է: Կրոնի մեջ առկա է մարդկային գործոնը. այստեղ ամեն ինչ արտահայտվում է ծեսերի միջոցով: Հավատքը ներքին դրսևորում է. մարդն ինքն իր մեջ բացահայտում է Աստծուն և հաղորդակից լինում աստվածային հայտնություններին: Այս դեպքում մարդու մեջ գործում են Սուրբ Հոգու շնորհները և մարդկային ոչինչ չկա:

Մենք հավատում ու վստահում ենք Տիրոջը, որովհետև Նա գոյություն ունի մեր կյանքում: Մարդկանց պարագայում էլ նույնն է. մարդիկ կան, որոնց մենք առանձնակի կերպով ենք վստահում ու հավատում, որովհետև նրանք մեր կյանքում կան, գոյություն ունեն: Ինչպես՝ կարող ենք շրջապատված լինել շատ մարդկանցով, բայց նրանք մեզ համար գոյություն չունենան:

Հավատքի կյանքում կարևոր է ապրել աստվածային պատվիրաններով ու առաքինություններով, այս դեպքում է, որ հավատքը կենդանի դրսևորում է ստանում: Մարդը կարող է անգիր իմանալ ամբողջ Աստվածաշունչը, բայց քրիստոնյա չլինել և կարող է Աստվածաշնչից մեկ-երկու պատմություն իմանալ, սակայն հաստատուն լինել իր հավատքի մեջ: Իհարկե, խոսքն անգրագետ կամ կույր հավատացյալ լինելու մասին չէ: Պարզապես կարևոր է սեփական հոգևոր փորձառությունը:

Հավատացյալ մարդը նայում է իր հոգու մեջ և այնտեղ հանդիպում է Աստծուն: Թեև մեզնից շատերը վախենում են հանդիպելԱստծուն և մեր կյանքը վերածվում է փախուստի: Աստված չի հետապնդում մեզ, չի պարտադրում: Հետևաբար փախչելն անիմաստ է: Աստված մեզ ազատություն է պարգևել, որպեսզի վերադառնանք դեպի հայրական տուն՝ վերագտնելու աստվածային սերը, Աստծո ներկայությունը:
Տեր Եսայի քհն. Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ