5,4 անգամ ավելի ծախսը ոչինչ չի ասում բանակի իրական վիճակի մասին․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՊՆ նախարարի երեկվա հայտարարությունը, թե իր օրոք բանակի սպառազինության վրա 5,4 անգամ ավելի ծախս է արվել, մաքուր մանիպուլյացիա է՝ մի քանի շերտով։
Առաջին՝ չի ասվում ամենակարևորը, թե
ի՞նչ տեսակների ու ինչ քանակության ու ծավալի մասին է խոսքը: Հաշվի առնելով կոնֆիդենցիալ հանգամանքը այն կարող էր ասվել անգամներով կամ տոկոսներով: Քանի որ պարզից էլ պարզ է, որ «ավելի շատ փող ծախսելը» դեռևս չի նշանակում «ավելի շատ կամ ավելի լավ զինվել»։
Նախորդ 20 տարիների ընթացքում ձեռք բերված սպառազինության ծավալները այնպիսին էին, որ անգամ 44օրյա պատերազմից հետո ամբողջությամբ չեն սպառվել։
Երկրորդը գների գործոնն է: Ինչ նկատի ունեմ..
Նախ և առաջ տարբեր ժամանակահատվածներում նույն կամ համանման սպառազինությունը ձեռք է բերվել տարբեր գներով։ Այսօրվա պայմաններում նույն արդյունքի համար կարող է ծախսվել մի քանի անգամ ավելի գումար։ Այսինքն՝ թվերը համեմատելն առանց գնային կոնտեքստի՝ մարդկանց մոլորեցնելու դասական մեթոդ է։
Շատերն են համամիտ, որ բանակը չի չափվում ծախսված գումարով, այլ ուշադրություն է գրավում այն, թե այդ գումարով ինչ խնդիր ես լուծել, կամ որքանով է ծախսածդ գումարը եղել արդյունավետ: Սպառազինության ընտրությունը համապատասխանե՞լ է արդյոք իրական սպառնալիքներին, ռազմաքաղաքական իրավիճակին և բանակի օպերատիվ կարիքներին։ Եթե ոչ՝ այդ ծախսերը պարզապես թվեր են։
Եվ հետո՝ այս իշխանությունները սեփական հայտարարած «խաղաղության օրակարգի» շրջանակում փաստացի սահմանափակված են ռազմական զարգացման հարցում։ Որովհետև ցանկացած լուրջ վերազինում կարող է դառնալ Ադրբեջանի կողմից քննադատության առարկա։
Այսպիսով՝ 5,4 անգամ ավելի ծախսը ոչինչ չի ասում բանակի իրական վիճակի մասին»։











































