20 Հուլիսի, Saturday, 2019

Դարձյալ կրքեր “Խոսրովի անտառի” տնօրենի թափուր պաշտոնի շուրջ

image_13447

Ինչպես հայտնի է, 2012թ. դեկտեմբերի 10-ին գրավոր դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին` պահանջելով այս շաբաթվա ընթացքում հայտարարել “Խոսրովի անտառ պետական արգելոց” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը. http://hetq.am/arm/news/21418/khndrum-en-ays-shabatva-yntacqum-haytararel-nor-mrcuyt-khosrovi-argeloci-tnoreni-tapur-pashtoni-hamar.html

 

       Սակայն, ի զարմանս մեզ, ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը հաջորդ օրը` 11.12.2012թ., հրապարակեց իր հ. 335-Ա հրամանը, համաձայն որի քաղաքացի Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: Նշանակումը կատարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

 

Իսկ դեկտեմբերի 14-ին ի պատասխան մեր դիմումի ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ մեր բարձրացված հարցերը կարգավորվում են ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածով, “Անհատական տվյալների մասին” ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ. հ. 224-Ն որոշմամբ և ՀՀ բնապահպանության նախարարի 29.09.2005թ. հ. 291-Ն հրամանով:

 

ՀՀ բնապահպանության նախարարությունը լիարժեք չի պատասխանել մեր դիմումին, այդպես էլ անհայտ է մնացել, թե ՀՀ բնապահպանության նախարարությունը երբ է պատրաստվում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարել:

 

Բացի այդ, մեր կողմից բարձրացված հարցերը բացարձակ չեն առնչվում մարդու անհատական կամ անձնական տվյալների բացահայտմանը, այլ տվյալ մրցույթն ավելի թափանցիկ և արդար անցկացնելու համար, առաջարկել ենք հայտարարության տեքստում հստակեցնել նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները և ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

 

Այսպիսով, նախևառաջ մենք դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարի կողմից ժամանակավոր պաշոնակատար նշանակելու քայլը և մեր դիմումին նման անիմաստ պատասխան տրամադրելը:

 

Երկրորդ՝ շարունակում ենք պնդել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորության շրջանակում, անհապաղ հայտարարի “Խոսրովի անտառ պետական արգելոց” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և չփորձի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, լռեցնել քաղաքացիական նախաձեռնություններին և հետաձգել այս առանձնահատուկ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման մարմնի ղեկավարի ընտրության գործընթացը:

 

Մենք թույլ չենք տա, որպեսզի կրկնվի ՀՀ բնապահպանության նախարարության “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի” տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի ծածկադմփոցը և տարիներով “յոլա գնալ” ժամանակավոր պաշտոնակատարով:

 

Միևնույն ժամանակ, դիմում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին և հայցում անմիջական աջակցությունը՝ բնապահպանական ոլորտում Հրաչյա Հովակիմյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննություն իրականացնելու գործում: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարկել է Հ. Հովակիմյանի աշխատանքային վայրերի ու տարիների մասին տեղեկություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ. http://www.mnp.am/?aid=1221

 

“Թռչկան” և “Խոսրով” քաղաքացիական նախաձեռնություններ

 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ