26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից

«Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը 12)
Այս խոսքերը մարդեղացյալ Աստվածորդին ուղղեց անհավատ հրեաներին, ովքեր իրենց հոգու կուրության հետևանքով չէին կարողանում ճանաչել Քրիստոս Մեսիայի հայտնությունն իրենց մեջ:

Կատարվել էր այն, ինչ դարեր ի վեր կանխագուշակել էին մարգարեները. Օրենքի և մարգարեների կանխաճառությունը, թե՝ Աստված պիտի երևա մարմնով և շրջի մարդկանց մեջ, այլևս իրողություն էր: Աստծո Միածին Որդին՝ աշխարհի Փրկիչը, մարդացել և մարմնացել էր մեղավոր ադամորդու, համայն աշխարհի փրկության համար:

Նա էր Արդարության Արեգակը և Իմանալի Լույսը, որ Իր անճառելի մարդեղացմամբ և փրկագործության վեհ խորհրդով լուսավորեց մարդկանց խավար մտքերն ու խորհուրդները, և ինչպես մարգարեն է ասում, «Խավարի մեջ նստած ժողովուրդը տեսավ Մեծ Լույսը» (տես Եսայի Թ 2):

Նա իր լուսավոր և փրկաբեր ուսուցումներով, հրաշագործ բժշկումներով դեպի երկինք ուղղեց մոլորյալ մարդկության ընթացքը, բժշկեց ցավերից ոչ միայն նրանց անցավոր մարմինները, այլև մեղքերով հիվանդ նրանց անմահ ու աստվածակերպ հոգիները, քանզի անհավատությունից բերեց հավատի լույսի, անգիտությունից՝ ճշմարիտ գիտության, մեղքերից՝ արդարության՝ մեզ պարգևելով արևի պես պայծառ Նոր Օրենքի Լույսը:

Արդեն իսկ Իր երկրավոր առաքելության ընթացքում, տեսնելով մարդկանց խստասրտությունն ու անհավատությունը, ասաց. «Եթե չհավատաք, որ Ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհ. Ը 24), նաև՝ «Նա, ով մեղք է գործում, մեղքին ծառա է» (Հովհ. Ը 34), ուստի չի կարող նշմարել փրկաբեր լույսը և գնալ դեպի այն, քանզի այդպիսի մեկի միտքը մթագնված է մեղքերով, որովհետև երբ մարդու հոգևոր աչքը կուրանում է, երբ հոգու լույսը հանգչում է, խավարի իշխանն է դառնում տիրակալը մարդու ներաշխարհի:

Հովհաննու Ավետարանում Աշխարհի Լույսն այս մասին հստակ ասում է. «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին. որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան» (Հովհ. Գ 19, 20): Ուրեմն մեղքն է հեռացնում մարդուն աստվածային կենարար Լույսից, քանի որ լույսը բացահայտում է կեղծիքն ու անօրենությունը: «Իսկ նա, ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին» (Հովհ. Գ 21):

Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու հոգին բնականորեն ձգտում է դեպի բարին, աստվածայինը, լույսը…: Սակայն այս մեղավոր աշխարհում խիստ դժվար է Տիրոջ ուղենշած փրկաբեր ճանապարհից չշեղվել ու չընկնել մեղքերի հորձանուտը, խավարի ու չարիքի աշխարհը: Շատեր, հաճույք գտնելով անիրավության ու մեղքի մեջ, կամովին անձնատուր են լինում անառակության և ամեն տեսակ պիղծ գործերի՝ մերժելով Տիրոջ փրկության հրավերը, նախընտրելով լույսը խավարից, մեղքը՝ արդարությունից, սուտը՝ ճշմարտից: Բայց Սուրբ Գիրքը հորդորում է հեռու վանել մեզնից «հին մարդուն» իր նախկին կենցաղով և գործերով, նորոգվել մտքով և հոգով և հագնել «նոր մարդը», որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ (տես Եփես. Դ 22-25, Կողոս. Գ 9, 10):

Քրիստոսով ամեն բան նոր եղավ, անհնարինը՝ հնարավոր: Մեղքի և անօրենության ճանապարհից ետ դառնալու, փրկության լուսավոր ուղին ընտրելու համար Տիրոջ օգնականության կարիքն ունենք: Պետք է ամուր կամք դրսևորենք և մարդասեր Աստծու օգնությամբ փորձենք ոտքի կանգնել, քայլել դեպի Ճշմարիտ Լույսը, դեպի Քրիստոս, Ով մշտապես ուղղում է յուրաքանչյուրիս Իր մարդասիրական հորդորը.

«Ով իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»: Քրիստոս մարդացավ և աշխարհ եկավ մեզ ազատագրելու մեղքի և խավարի, սատանայի իշխանությունից, և ոչ միայն ազատագրելու. Նա մեզ արժանացրեց որդիության բարձրագույն պատվին, եթե հավատանք Իր անվանը, ինչպես Ինքն իսկ ասաց. «Ովքեր նրանց ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք Իր անվանը կհավատան» (Հովհ. Ա 12): Ո՜վ հրաշք. հավիտենական Աստված, համայնի Արարիչը որդեգրություն շնորհեց միայն Իր պատկերակցին՝ մարդուն: Միայն մարդն է, որ իշխանություն ունի Աստծուն Հայր անվանել:

Եվ, ինչպես սուրբ Եղիշեն է ասում իր «Հայր մեր» աղոթքի մեկնության մեջ, «Այս ասելու իշխանություն չունեն հրեշտակները, թեպետև հզոր են և հոգևոր, սակայն սպասավորներ են և ոչ՝ որդիներ»: Եվ զգուշացնում է մարդուն. Ո՛վ մարդ, զգուշացիր քո անձի համար, տես, թե ինչպիսի պատվով մեծարվեցիր՝ մինչև իսկ Աստծուն քեզ Հայր անվանելու իշխանություն ստացար…»:

Հետևաբար պարտավոր ենք Հոր կամքի համաձայն ընթանալ այս կյանքում, որպես Աստծո որդիներ, իսկ եթե որդի ենք, ապա և ժառանգ ենք Աստծո արքայության՝ ըստ սուրբ Պողոս առաքյալի (տես Հռոմ. Ը 16, 17):

Բայց արքայությանն արժանի լինելու համար պարտ է այս կյանքում ապրել ինչպես Աստծո սիրելի զավակներ, ինչպես «լուսո որդիներ», իսկ «լույսի որդի» լինելու համար պետք է հավատալ Լույսին, ինչպես մեր Լույս Աստված է ասում. «Հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհ. ԺԲ 36): Սուրբ առաքյալը հորդորում է.

«Թեպետ մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ, …և խավարի անպտուղ գործերին մասնակից մի եղեք» (Եփես. Ե 8-11): Տեսնում ենք, որ նույնիսկ Աստծո ստեղծած զարմանահրաշ աշխարհում, բնության մեջ իսկ ամեն բան ձգտում է դեպի լույսը. փոքրիկ բույսերն ու հաստաբուն ծառերը, թռչուններն ու թևավոր միջատները ձգտում են դեպի լույսը, դեպի կենսատու արևը՝ այդ կերպ իսկ անբարբառ խոստովանելով Լույսի Աղբյուրի գոյության անժխտելի փաստը:

… Բնության մեջ օրինակները բազում են…ոչ բանական աշխարհը սովորեցնում է մեզ՝ բանականներիս, ձգտել աստվածային կենարար Լույսին, փարվել կյանքի Աղբյուրին, առանց Որի ունայն ու խավար կլինի մեր երկրային գոյությունը և տառապալից՝ հավիտենական գոյությունը:

«Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա: Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք Նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում»,-զգուշացնում է սիրո Ավետարանիչ սուրբ Հովհաննես առաքյալը: «Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և Նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (Ա Հովհ. Ա 5-8):

Քայլենք Լույսի մեջ, Ճշմարիտ Լույսի և աշխարհի Փրկչի ոտնահետքերով, Նրա ուղենշած փրկաբեր ճանապարհով, որի վախճանը հավիտենական կյանք և անմահություն է՝ լուսավոր ու բերկրությամբ լի երկնային արքայության մեջ, ուր կա կյանք առանց մահի, անմահություն՝ առանց ծերության, լույս՝ առանց խավարի, ուրախություն՝ առանց տրտմության, ուր չկա գիշեր, քանզի Աստծո փառքն է լուսավորում այն ամեն ժամ (տես Հայտն. ԻԱ 23-27):

Խնդրենք գթած և բազումողորմ Աստծուն, որ Իր ողորմության և լույսի շողը կաթեցնի մեր խավար ու մեղքերով սևացած հոգիներից ու մտքերից ներս, լուսավորի մեր սրտերն աստվածգիտության լույսով, մարդասիրաբար առաջնորդի մեզ փրկության փշոտ, բայց և լուսավոր ճանապարհով, տա մեզ զորեղ հավատ և ամուր կամք՝ դիմակայելու փրկության ճանապարհին խոչընդոտ հանդիսացող տարաբնույթ փորձություններին ու դժվարություններին:

Սաղմոսերգուի հետ քաջաբար կրկնենք. «Տերն իմ Լույսն է ու Կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ես ումի՞ց դողամ» (Սաղմ. ԻԶ 1): Միշտ բաց պահենք մեր հոգիների աչքերը՝ դրանք հառելով մեր Ճշմարիտ Լույս Քրիստոսին, ՈՒմ վայել է փա՜ռք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Անժելա Խաչատրյան 

qahana.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ