23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

– Սրբազա՛ն, քանի օր է՝ Տավուշում բողոքի ակցիաներ են, բողոքողների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, և ի դեմս նրա թիրախավորվել է Եկեղեցին, ռուսական գործակալ լինելու համար են մեղադրում Սրբազանին, Եկեղեցուն մեղադրում պատերազմ հրահրելու համար։ Ինչո՞ւ է թիրախավորվել Եկեղեցին։

– Միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը, բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել։ Ոչ մի այլ ուժ չկա, գոյություն չունի, ամեն ինչ կազմալուծված, փչացած, ապականված, ապահայկականացված վիճակում է, բա ի՛նչ անեն, Եկեղեցուց բացի՝ այլ ուժ մնացե՞լ է։ Դրա համար իրենց բոլոր ուժերը պետք է կենտրոնացնեն Եկեղեցուն ու եկեղեցականին վարկաբեկելու վրա ու, ինչպես միշտ, պետք է ձախողվեն։

– Վարկաբեկո՞ւմն են ընտրել իբրև պայքարի միջոց, ինչպես ասում եք։

– Բա ուրիշ ի՞նչ կարող են անել․ ի՞նչ, ֆիզիկական հաշվեհարդա՞ր պետք է տեսնեն, պետք է ձերբակալե՞ն։

– Բացառո՞ւմ եք դրանք։

– Չեմ բացառում, բայց գիտեն, որ դա վատթարացնելու է իրենց վիճակը, ոչ թե մեր։ Հոգևորականը բանտից կվախենա՞, եթե հոգևորականը բանտից, աքսորից, մահից վախեցավ, ուրեմն հոգևորական չէ։

– Իսկ ինչո՞ւ են Եկեղեցուն կապում հենց Ռուսաստանի հետ։

– Դե իրենք պետք է ամենամեծ հիմարությունը գործեն, գործում են։ Ես չգիտեմ՝ վերջին անգամ ռուս պաշտոնյա երբ եմ տեսել ընդհանրապես, բայց ես էլ եմ համարվում Կրեմլի գործակալ։ Կրեմլում համարվում եմ ռուսաֆոբ, իսկ սրանց մոտ՝ Կրեմլի գործակալ։ Ծիծաղելի է ուղղակի։

– «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը». այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար։ Իշխանության ներկայացուցիչները սա «պատմական իրողություն», «հույսի առկայծող ճանապարհ» են որակում։ Ձեր գնահատականն եմ խնդրում, Սրբազա՛ն։

– Թող գնա այդ սյան մոտ ծաղիկ դնի, որովհետև դրանով ինքը ցանկանում է սկսել Հայաստանի գերեզմանափորության գործընթացը, եթե շարունակի ավարտին հասցնել՝ դա կլինի գերեզմանափորության ավարտը։ Դա կլիներ պատմական իրադարձություն, եթե տեղադրվեր Ակնայում, Հորադիզում, Օմարի լեռնանցքում, այդ ժամանակ կլիներ պատմական իրադարձություն, իսկ հիմա դա ընդամենը խայտառակություն է, ողորմելիության դրսևորում, ու ողորմելին իրեն հետևող ողորմելիներին ուզում է ցույց տալ, թե ինքն ինչ-որ մի ձեռքբերում է ունեցել։ Այդքան բան, ողորմելիության հուշարձան, այսօրվա Հայաստանի կառավարության ողորմելիության հուշարձանն է դա։

– Ի՞նչ զարգացումներ սպասենք։

– Եթե իրենք շարունակեն այս սյուները տեղադրել, դա նշանակելու է Հայաստանի վախճանը, իսկ եթե ժողովուրդը ոտքի կանգնի ու թույլ չտա այս նահանջի շարունակությունը, ապա ինչ-որ հույս կա, որ Հայաստանը կգտնի գոնե իր արժանապատվությունը։ Պարտվելու մեջ էլ պետք է արժանապատվություն լինի, ոչ թե խայտառակություն, սա նույնիսկ պարտվել չգիտի, ոչ միայն հաղթել չգիտի՝ պարտվել չգիտի։ Արժանապատիվ պարտվել անգամ չգիտի, ինքը սողալը հաղթանակ է հասկանում, իսկ այդ մարդուն ի՞նչ ասես, ի՞նչ բացատրես։

– Սրբազա՛ն, իսկ հանրությունը ոտքի կկանգնի՞, թե՞ չէ։

– Այս հարցում իմ վատատեսությունը միշտ կա, բայց նաև միշտ հույս ունեմ, որ հրաշք կարող է լինել։

– Մարդկանց առաջնորդող ուժ Եկեղեցին կարո՞ղ է հիմա հանդիսանալ։

– Առաջնորդում ենք, էլի, սրանից ավելի ի՞նչ անենք։ Երբ որ եկեղեցին պարզ ընդդիմանում է այս բոլոր գործընթացներին, ոչ թե ընդդիմադիր է, հրապարակավ ընդդիմանում է այս կառավարությանը, դրանից ավելի ի՞նչ պետք է անի, որ առաջնորդած լինի։

Ընդամենը միանալ է պետք, չէ՞, թող միանան, իրենց փրկության համար է։ Եկեղեցին, հազար անգամ ասացի, այստեղ մասնավոր շահ ու շահադիտական նպատակ չունի, մենք սփյուռքում էլ ենք ապրում, օտար երկրում էլ ենք ապրում, բայց մենք ուզում ենք, որ այս երկրում ապրենք իբրև տեր, իբրև իշխան, իբրև ազատ քաղաքացի, հպա՛րտ, ինչպես ասում են, արժանապատիվ։

– Սրբազա՛ն, եկեղեցու, հոգևորականների հանդեպ իշխանությունների սկսած այս արշավը ինչի՞ հետևանք է, վախի՞:

– Իհարկե վախի, որովհետև նա նույնիսկ գյուղական քահանայի մակարդակի ո՛չ գիտություն, ո՛չ իմաստություն, ո՛չ կարողություն չունի։ Գյուղական ցանկացած քահանա իր մտածելակերպով, կենսագրությամբ, հայրենասիրությամբ բարձր է իրենց յուրաքանչյուր նախարարից ու պատգամավորից, բա ինչի՛ց վախենան։ Գիտեք, չէ՞, միջակությունն ինչից է վախենում։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ