19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փառք Աստծո՝ ես եւ ընտանիքս ժամանակին լքեցինք Բաքուն. Henaran.am-ի բացառիկ հարցազրույցը Լյուսիա Մունի հետ

“Եվրատեսիլ-2012″-ի պաշտոնական կայքում հունվարի 18-ին նշվեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն անգամ այս հայտարարությանը նախորդող ամիսների ընթացքում կանխատեսում էին, որ Եվրատեսիլին Հայաստանը կներկայացնի Լյուսիա Մունը՝ շահարկելով այն հանգամանքը, որ հայազգի երգչուհին ծնվել ու մեծացել է Բաքվում եւ իբր իր ունակություններով պարտական է Բաքվի միջավայրին:

Ադրբեջանական ապատեղեկատվությունը կասեցնելու եւ հայ հանդիսատեսին ներկայանալու նպատակով՝ Լյուսիան համաձայնել է պատասխանել Henaran.am-ի հարցերին:

Հայաստանաբնակ հայերը գրեթե ոչինչ չգիտեն Ձեր մասին. համառոտ կներկայացնե՞ք Ձեզ, ինչու՞ հենց  Լյուսիա Մուն:

-Լյուսիա Մունը՝ իմ բեմական անունն է, ես Լյուսիա Բաբայանն եմ, Մուն Լուսին է նշանակում: Քանի որ շատ երգեր ունեմ անգլերենով, թարգմանեցի անունս անգլերեն, արդյունքում ստացվեց՝ Մուն: Իմ ողջ մանկությունն անցկացրել եմ Բաքվում: 1988 թվականին ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան, ապա՝ Մոսկվա, այնուհետեւ՝ ԱՄՆ:

Արդեն 20 տարի է, ինչ բնակվում եմ Միացյալ Նահանգներում, այստեղ ստացել եմ հոգեբանի կրթություն, միաժամանակ զբաղվում եմ արվեստով, երգեր եմ ձայնագրում, մասնակցում համերգներին եւ այլն: Արմատներով Արցախից եմ, բայց ծնողներս ծնվել ու ապրել են Բաքվում:

Լուրեր են պտտվում, որ Դուք արդեն իսկ երգ եք ձայնագրել՝ հատուկ Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու նպատակով եւ ուղարկել եք Հանրային հեռուստաընկերություն: Եթե այս տեղեկությունը հավաստի է, ապա կմանրամասնե՞ք, թե ով է երգի հեղինակը, որտե՞ղ է կատարվել ձայնագրությունը, եւ վերջապես ինչու՞ եք հենց այս տարի որոշում կայացրել՝ Եվրատեսիլին մասնակցելու համար:

-Պտտվող լուրերը մասամբ  են ճիշտ: Ես ուղարկել եմ երգիս demo տարբերակը, որպեսզի իմ պրոդյուսերն ու իմ թիմի անդամները լսեն ու հայտնեն իրենց կարծիքը: Իմ երգը պաշտոնապես դեռեւս չի ներկայացվել Հանրային հեռուստաընկերությանը:

Պրոդյուսերս՝ Դեյվիդ Լոնդեմա (David Londema) կապի մեջ է Հանրայինի հետ, հավանաբար փոխանցել է demo տարբերակը, սակայն մենք սպասում ենք, որ Հանրայինը վերջապես հայտարարի իմ երգն իրենց պաշտոնապես ներկայացնելու բոլոր պայմանները: Տարածված լուրերի համաձայն՝ իմ երգն արժանացել է հավանության, սակայն իրականում հավանության է արժանացել demo տարբերակը:

Ժյուրիին հավուր պատշաճի ներկայանալու համար՝ պետք է ձայնագրեմ երգն ամբողջությամբ, դա դեռեւս չի արվել:

Երգի անվանումն է “Delicious Feeling”, հեղինակը ես եմ: Երգն արաբական կամ արեւելյան մոտիվներ չունի, ավելի շատ եվրոպական-ամերիկյան ոճում է, կա արագ ու դանդաղ տարբերակը: Մեղեդին հեշտ է հիշվում, իսկ բառերն իմաստություն են պարունակում:  Երգը սիրո մասին է, ոչ մի քաղաքականություն չկա, չնայած այն բանի, որ Politics բառն առկա է երգում:

Հենց այս տարի եմ լիովին գիտակցել, որ կարող եմ պիտանի լինել հայրենիքիս: Այն, որ Բաքուն գրում է իմ երաժշտական կրթության, տվյալների, երգ գրելու եւ կատարելու ունակությունների մասին, ես կարող եմ օգտագործել հնարավորությունը  հենց նույն Բաքվում՝ լավագույնս ներկայացնելով իմ Հայաստանը:

Բաքվում մի սերունդ է մեծանում, որը հայի չի տեսել, եւ նրան սովորեցնում են ատել հային, սակայն ես հավատում եմ, որ ոչ մի մարդ ատելու համար չէ ստեղծված, այլ խաղաղության ու սիրո: Բաքվի նոր սերնդի հոգեբանության մեջ խիստ հակասություններ կան, եւ դա կարող է մեզ համար վտանգավոր լինել:

Ես որոշել եմ մասնակցել այս տարի, եւ միայն այս տարի, քանի որ զգում եմ՝ հոգեպես, ինչպես նաեւ տեխնիկական տեսանկյունից լիովին պատրաստ եմ Հայաստանը ներկայացնելու՝ որպես հայուհի արվեստագետ, հուսով եմ, որ մարդկանց մեջ կարթնացնեմ դրական մտքեր ու զգացմունքներ, ոչ թե ատելություն:

Ադրբեջանական մամուլն ամիսներ շարունակ գրում է Ձեր մասին, տեղեկություններ տարածում՝ իբր Դուք Ձեր կրթությամբ եւ շոու-բիզնեսում մեկնարկով պարտական եք հենց Բաքվում անցկացրած տարիներին: Սակայն որքանով որ տեղյակ եմ՝ ականատես եք եղել Բաքվի հայկական ջարդերին, ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ:

-Ես գտնում եմ, որ շնորհակալ լինելը շատ բացառիկ ու գնահատելի գիծ է մարդու բնավորության մեջ: Այսօր ես կարող եմ ասել, որ գոյություն ունի 5 պետություն իմ կյանքում, որոնց ես շնորհակալ եմ տարբեր բաների համար: Այնպես է ստացվել, որ ծնվել եմ, կնքվել եմ, մանկությունս, ապա դպրոցական տարիներս, պատանեկությունս անցկացրել ու կրթություն եմ ստացել տարբեր երկրներում:

Եվ ամենահետաքրքիրն այն  է, որ այս բոլոր 5 պետություններն էլ խնդիրներ ունեն միմյանց հետ, սակայն իրենք իմ մեջ միաձուլվել են՝ համակցված ու ներդաշնակորեն: Բաքուն իմ մանկության քաղաքն է, նաեւ ծնողներիս ծննդյան վայրն է: Սա կարեւոր հանգամանք է, բայց միայն այսքանով է սահմանափակվում Բաքվի դրական դերն իմ կյանքում:

Իմ կրթությամբ եւ անգամ հայերենի իմացությամբ պարտական եմ ԱՄՆ-ին. հայրենիքից հեռու՝ Միացյալ Նահանգներում, ես սովորեցի իմ մայրենի լեզուն: Ինչ վերաբերում է Բաքվի հայկական ջարդերին, ապա փառք Աստծո՝ ես եւ ընտանիքս ժամանակին լքեցինք Բաքուն:

Հայոց Մեծ Եղեռնի պատմությանը քաջատեղյակ լինելով, ապա լսելով Սումգայիթի ջարդերի մասին՝ ծնողներիս հետ կարճ ժամանակով տեղափոխվեցի Հայաստան: 9 տարեկանից սկսած՝ ողջ կյանքս անցկացրել եմ տարբեր քաղաքներում, բազմաթիվ դպրոցներ եմ փոխել, եւ հենց Բաքուն է եղել պատճառը, այս առումով է Բաքուն ավելի շատ դեր խաղացել իմ կյանքում, քան թե կրթության ու արվեստի տեսանկյունից:

 Հայաստանում բնակվող հարազատներ ու մտերիմ ընկերներ ունե՞ք: Հայկական շոու-բիզնեսի ո՞ր ներկայացուցիչների հետ ունեք շփումներ, համագործակցու՞մ եք արդյոք:

-Այո՛, Հայաստանում է բնակվում իմ պրոդյուսերը՝ Դեյվիդ Իոնդեմը, նաեւ մի քանի ընկերներս, արվեստագետներ, երգչուհիներ: Չեմ ցանկանում տալ նրանց անունները, քանի որ բավականին ճանաչված են, իսկ ես չեմ ուզում ինքս ինձ գովազդել՝ օգտագործելով նրանց անունները: Ես իմ ուժերով եմ ցանկանում արժանանալ հայ հանդիսատեսի սիրույն ու հարգանքին՝ առանց իմ շատ սիրելի ու հանրաճանաչ ընկերների աջակցության:

Կա՞ն արվեստագետներ, որոնք այս կամ այն չափով ազդեցություն են ունեցել կամ ներշնչանք են հանդիսացել Ձեզ համար ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում:

-Այո՛, իհարկե կան: Ես տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, կան երգիչներ, որոնք մեծ ազդեցություն ունեն իմ ստեղծագործության վրա: Օրինակ՝ Նոռա Ջոնս, Քրիստինա Ագիլլերա, Պո, Աերոսմիթ, Շառլ Ազնավուր, ես անգամ սիրում եմ ռուսական ռոմանսներ եւ հայ ազգային երաժշտություն՝ Սայաթ-Նովա, Կոմիտաս եւ այլն: Տարբեր բեւեռներ են, սակայն եթե ի նկատի ունենաք, որ իմ մեջ ապրում է 5 երկիր, ապա կհասկանաք իմ երաժշտական նախասիրությունները:

Ձեր մաղթանքները  հայ հանդիսատեսին:

-Ես անչափ շնորհակալ եմ այն լրագրողներին, որոնք ճշտված եւ ստույգ  տեղեկություններ են հաղորդում իմ մասին:  Հայ հանդիսատեսիս շատ եմ սիրում իր ջերմ ու անկեղծ վերաբերմունքի համար: Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում իմ հայրենակիցներից:

Ինձ ոչ այնքան ուրախացնում են հարցազրույցները, եթերները, իմ PR-ի հետ կապված մյուս բաները, որքան ինձ ուղարկված, հայ հանդիսատեսի նամակները. սեր, արցունք, օրհնություն, ազնիվ քննադատություն, մաղթանքներ..

.Ես չգիտեմ՝ արդյոք կլինեմ այն երգչուհին, որը կգնա Բաքու՝ Հայաստանը ներկայացնելու նպատակով, բայց ես գիտեմ, որ նույնիսկ դեռ այնտեղ չհասած՝ իմ առաքելության մի մասը կատարել եմ. աշխարհում բոլոր հայերը միավորվում են մի գաղափարի շուրջ: Դա իսկական ուժ է, սեր է, եւ ոչ ոք չի կարող մեզ վնասել, երբ մենք միասին ենք, կողք կողքի ենք: Շնորհակալություն, Thank you, Спасибо!

Զրուցեց Անի Մարգարյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ