Օսկանյանը “Ազատ դեմոկրատների” համար ընդդիմություն է` ԲՀԿ-ից դուրս
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության նիստերի դահլիճում կայանալիք “Ազատ դեմոկրատներ” կուսակցության համագումարին ներկա են նաեւ խորհրդարանական ընդդիմության ՀՅԴ եւ “Ժառանգության” ներկայացուցիչները, մասնավորապես Արմեն Ռուստամյանը, “Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը:
Henaran.am-ի թղթակցին “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն ասել է, որ իրենք հրավիրել են միայն ընդդիմության ներկայացուցիչներին, կոալիցիոն ուժերին չեն հրավիրել: “Այդ դեպքում ինչո՞ւ է համագումարին մասնակցում ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը”, հարցին Արզումանյանը պատասխանել է, որ Օսկանյանին հրավիրել են որպես անհատ, այլ ոչ թե կուսակցական:
Henaran.am-ի թղթակիցը Վարդան Օսկանյանից հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ն այն փաստին, որ կուսակցությունը համագումարին հրավիրված չէ, բայց վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Վարդան Օսկանյանին հրավեր է ուղարկվել, նախկին արտգործնախարարը պատասխանել է. “Նորմալ, ի՞նչ խնդիր կա”:
Վարդան Օսկանյանը մեր այլ հարցերին, մասնավորապես ԲՀԿ ցուցակում իր տեղի մասին հարցին հրաժարվել է պատասխանել` նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի ԲՀԿ համագումարից հետո:
Կառավարության նիստերի դահլիճում ՀԱԿ-ից ներկա են “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, “Ժողովրդավարական հայրենիք”-ի նախագահ Պետրոս Մակեյանը, “Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ՀԱԿ եւ ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: Այստեղ է նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Համագումարն արդեն մեկնարկել է: