28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

‘Ազատ դեմոկրատներ’-ի համագումարի բանաձեւը

Այսօր կայացած երկրորդ համագումարում  ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցությունն ընդունել է բանաձեւ.

‘  Ազատ դեմոկրատներ’ կուսակցությունը հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին եւ նպատակներին` արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ հնարավոր ուղղությունը Եվրոպական տիպի ժամանակակից ժողովրդավարական սոցիալական պետության կերտումն է: Նման պետությունն արտացոլում է քաղաքացիական հասարակության շահերը, վերահսկվում է նրա կողմից եւ ապահովում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Հայաստանն այսօր վերստին գտնվում է բախտորոշ փոփոխությունների շեմին:
Հասարակության կյանքում ավելի են ուժգնանում զարգացումն արգելակող, կործանարար միտումները, որոնք նպաստում են երկրի աստիճանական անկմանը: Աճում է անկառավարելիությունը, երկիրը համակված է կոռուպցիայով, իշխանությունն ի վիճակի չէ լուծելու ամենակենսական` քաղաքացիների կենսապահովման եւ անվտանգության խնդիրները:
Բարեփոխումների հակաժողովրդավարական խեղաթյուրումները, քաղաքական համակարգի ձեւախեղումը հանգեցրել են հասարակության ապաարդիականացմանը, ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսության փոխարեն Հայաստանում ձեւավորվել է օլիգարխիային սպասարկող հետամնաց գավառական կապիտալիզմ: Նման համակարգում իշխանությունը չի կարող որեւէ լուրջ խնդիր լուծել ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական ոլորտներում:
Ուստի երկիրը չի զարգանում, տնտեսությունը լճանում է, քաղաքացիների եկամուտները բաշխվում են ծայրաստիճան անհամաչափ, եւ բնակչության մեծ մասն ապրում է քրոնիկ  աղքատության սահմանագծում:
Քայքայվում են կրթությունը, մշակույթը, գիտությունը, առողջապահությունը, սոցիալական պաշտպանությունը, օր օրի ահագնանում է արտագաղթը:
Լուծում չեն ստանում եւ ավելի են խորանում բնապահպանական հիմնախնդիրները:
Կրթության համակարգի հետեւողական քայքայումը տանում է երիտասարդության մտավոր եւ բարոյական մակարդակի անկման, մինչդեռ այսօրվա երիտասարդության ակտիվությունից եւ հասարակական-քաղաքական որակներից ուղղակիորեն կախված են լինելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումները մոտակա տասնամյակներում:
Օլիգարխիկ ռեժիմը մշտապես խորացնում է իշխանության եւ հասարակության միջեւ առկա խզումը, զրկում է քաղաքացիներին ոչ միայն իշխանության ձեւավորման վրա ազդելու հնարավորությունից, այլեւ սահմանափակում է քաղաքացիների հիմնական ազատությունները:
Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր հիմնահարցն օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության բացակայությունն է: Օրենքի առջեւ բոլորի հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական իրավական պետության հիմնարար տարրն է եւ ունի կենսական նշանակություն:

Առանց իրավական պետության ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ:
Իրավական պետության բացակայությունը Հայաստանի զարգացումն արգելակող համակարգային պատճառն է:

Հայաստանում տեղի է ունեցել գիտակցված հրաժարում իշխանությունների իրական տարանջատման` ժամանակակից պետության կարեւորագույն սկզբունքից: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչները իրենք իրենց նույնացնում են պետության հետ եւ ներկայացնում են ոչ թե հասարակությունը, այլ մի փակ կորպորացիա, որը գործում է որպես մենաշնորհային եւ չվերահսկվող բիզնես- ընկերություն:
Գործադիր իշխանությունը չի վերահսկվում ոչ խորհրդարանի, ոչ դատական կամ դատախազության կառույցների, ոչ էլ` հասարակության կողմից:
Կեղծված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը ոչ թե ներկայացնում է հասարակությանը, այլ սպասարկում է նույն կառավարական կորպորացիային` ընդունելով մերձիշխանական խմբերի համար բարենպաստ պայմաններ ապահովող օրենսդրական ակտեր:
Արդյունքում` հասարակական շահերը պաշտպանող իրավական նորմերը հետեւողականորեն դուրս են մղվում օրենքներից` փոխարինվելով այնպիսի նորմերով, որոնք պաշտպանում են իշխող ռեժիմի խմբային շահերը:
Անհնարին է ունենալ ժամանակակից պետություն եւ իշխանությունների տարանջատում` առանց ազնիվ, թափանցիկ եւ արդար ընտրությունների: Սակայն հասարակությունն այդպես էլ չի դարձել  իշխանության ձեւավորման սուբյեկտ եւ ընտրությունները չի ընկալում որպես իշխանության ձեւավորման միակ լեգիտիմ մեխանիզմ:  Չինովնիկական ապարատն ամբողջությամբ տիրապետել է ընտրությունների մեխանիզմը եւ այն ծառայեցնում է իշխանության վերարտադրությանը:
Անկախության տարիներին Հայաստանին այդպես էլ չհաջողվեց ձեւավորել լիարժեք միջին խավ, իսկ դրա համար անհրաժեշտ ռեսուրսներն ուղղվեցին միանգամայն այլ սոցիալական խմբի` օլիգարխիայի (իշխանության հետ օրգանապես կապված գերխոշոր սեփականատերերի), ստեղծմանը: Պետության կառավարման կարեւորագույն լծակներն այսօր էլ մնում են օլիգարխիկ խմբերի ձեռքերում: Օլիգարխիան` «քչերի իշխանությունը», կարիք չունի, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ, ընդհակառակը` նրան անհավասարություն է պետք: Այդ իսկ պատճառով ընդունվում են որոշումներ, որոնք արգելակում են ժամանակակից միջին խավի՝ որպես իրական ժողովրդավարության եւ արդիականացման մեջ շահագրգիռ գլխավոր սոցիալական ուժի ձեւավորումը:
‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի հասարակությունն ունի արդիականացման ներուժ եւ ի զորու է պատմականորեն կարճ ժամանակահատվածում կերտել ժամանակակից պետություն:
Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի փոխակերպման կարեւորագույն ուղղություններն են.

Անձի անվտանգության եւ անձեռնմխելիության անվերապահ ապահովում: Իրավապահ եւ դատական համակարգերի պատվիրովի եւ նպատակային օգտագործման, բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների եւ խոշտանգումների բացառման երաշխիքների ապահովում:

Օրենքի առջեւ քաղաքացիների հավասարության ապահովում, դատական համակարգի ամրապնդում, դրա անկախության  ապահովում:

Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատում: Իշխանությունը բիզնեսից տարանջատելու գործնականում խիստ եւ անզիջում քաղաքականության իրականացում:

Ընտրական օրենսդրության արմատական վերանայում, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրում: Ընտրակեղծարարության համար քրեական պատասխանատվության կոնկրետացում եւ մանրամասնում:

Եկամուտների աստիճանական վերաբաշխում` հօգուտ մարզերի, տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ապահովում, ռեգիոնալ եւ մունիցիպալ քաղաքականության սոցիալականացում: Սահմանամերձ շրջանների զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակում եւ իրականացում:

Համակարգային հակազդեցություն կոռուպցիային, ներառյալ` օրենսդրության մասշտաբային հակակոռուպցիոն շտկում: Պետական ապարատի հակակոռուպցիոն զտման իրականացում:

Սեփականության իրավունքի եւ դրա անձեռնմխելիության ամրապնդում: Տնտեսության եւ սեփականության կառուցվածքի աստիճանական, բայց անշեղ դիվերսիֆիկացում, իրավական մեթոդներով սեփականության համակենտրոնացման նվազեցում` օլիգարխիայից դեպի միջին եւ մանր սեփականատերերը ազգային ռեսուրսների հանդեպ հսկողության վերաբաշխման նպատակով:

Օլիգարխիկ տնտեսության փոխարեն` ժամանակակից սոցիալական շուկայական տնտեսություն ստեղծում:

Եկամուտների քաղաքականության շրջադարձ օլիգարխներից դեպի քաղաքացիներ, միջին եւ մանր բիզնես: Առաջիկա 15 տարիների համար բացառիկ բարենպաստ հարկային ռեժիմի սահմանում մանր եւ միջին բիզնեսի համար:

Լիակատար պետական աջակցություն ժամանակակից միջին խավի ձեւավորմանը: Մանր եւ միջին սեփականատերերի իրավազրկության  վերացում:

Սոցիալական պաշտպանության եւ բնակչության սոցիալական ապահովության գործուն համակարգի ձեւավորում:

Պետական քաղաքականության էկոլոգիզացիա:

Քաղաքացիական հասարակության ազատագրում, դրա զարգացմանը խոչընդոտող վերջին տարիներին հաստատված բոլոր սահմանափակումների վերացում, քաղաքացիական ոչ առեւտրային կազմակերպությունների, ազատ արհմիությունների  զարգացման օրենսդրական արգելքների վերացում, քաղաքացիների` հավաքների, ցույցերի, երթերի, գործադուլների եւ բողոքի այլ միջոցառումների ազատության Սահմանադրական իրավունքի իրագործում:

Քաղաքական, հասարակական, մասնագիտական ոլորտներում նոր, տաղանդավոր, արհեստավարժ, անկախ մարդկանց մասնակցության աստիճանական, բայց նպատակամետ աճ, որոնք կոչված կլինեն փոխարինելու գորշ, ամեն ինչի հետ համակերպվող ‘լճացման էլիտային’: Պետական ծառայողների նոր սերնդի ձեւավորում:

Հասարակության եւ պետության ապախորհրդայնացում: Ամբողջատիրական անցյալի հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ` անհրաժեշտ է հասարակական գիտակցությունից դուրս մղել ստրկացնող բարդույթները, սովորությունները եւ կարծրատիպերը:

Սրանք են այն սկզբնական քայլերը, որ պետք է իրականացվեն Հայաստանի արդիականացման եւ ժամանակակից ժողովրդավարության ամուր հիմք ստեղծելու համար:

Արտաքին քաղաքականության ոլորտում` հակամարտությունների խաղաղ կարգավորում, մրցունակ, ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ դեր, միջազգային կառույցներին ինտեգրված եւ բարձր հեղինակություն ունեցող պետության կայացում` հետեւյալ գերակայություններով.

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու գրավականը ԼՂՀ իշխանությունների մասնակցությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում: Կուսակցությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավական ամրագրման օգտին: Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ապահով սահման Հայաստանի Հանրապետության հետ, պետք է ինքնուրույն մշակի եւ իրականացնի իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ ինքնուրույն մասնակցի Հարավային Կովկասի ընդհանուր անվտանգության համակարգերին:

Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ: Այս համատեքստում անհրաժեշտ է վերանայել 2009թ. օգոստոսի 31-ին Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված Հայ-Թուրքական արձանագրությունները: Թուրքիան պետք է դադարեցնի իր կողմից իրականացվող թշնամական գործողությունը` բացելով սահմանը եւ վերացնելով Հայաստանի շրջափակումը: Կողմերը պետք է առանց նախապայմանների ստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն, ինչը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համապարփակ զարգացման համար:

Հասնել տարածաշրջանային զարգացումներում Հայաստանի գործուն ներգրավմանը, համագործակցության ու անվտանգության նախաձեռնությունների կենսագործմանը, քաղաքական, տնտեսական եւ հաղորդակցական ծրագրերին մասնակցությանը:

Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը:

Նշված մարտահրավերներին դիմակայելու վճռականությամբ  ‘Ազատ Դեմոկրատներ’ կուսակցությունը որոշում է` մասնակցել 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ