Ֆրանսիացի դերասանը վերածվել է ղրիմյան գինեգործի
Ժերար Դեպարդյեն ղրիմյան խաղողի այգիների սեփականատեր է դարձել: Ներկա պահին հայտնի դերասանը գինու արտադրություն է սկսում Բախչիսարայի շրջանում:
Դեռեւս 2005-ին Դեպարդյեն մտադիր էր գնել Ղրիմի հարավում գտնվող ագարակներից մեկը: Սակայն պետական ձեռնարկությունները մերժեցին նրան` փոխարենն առաջարկելով այն վարձակալել, ինչն էլ ձեռնտու չէր դերասանին: Արդյունքում Դեպարդյեն ձեռք բերեց խաղողի այգիները եւ ներկա պահին վերականգնում է տեղի գինու գործարանը:
Խաղողի այգիների նախկին տիրոջ, գործարքի արժողության եւ տարածքի չափսերի մասին տեղեկություն չի հաղորդվում: Բախչիսարայի տարածքի խաղողներն ավելի շատ օգտագործվում են շամպայնի եւ սեղանի գինիների համար:
Նախկինում Դեպարդյեն մի քանի անգամ ժամանել է Ուկրաինա, այդ թվում եւ Ղրիմ, եւ հայտնել գինեգործությամբ զբաղվելու իր ցանկության մասին: Դերասանը նույնիսկ ընկերական հարաբերությունների մեջ էր երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոյի հետ: Լուրեր էին պտտվում, որ Դեպարդյեն կնկարահանվի “Տարաս Բուլբա” ֆիլմում: