ՀՀ նախագահը խոսել է ընտրացուցակներից
Այսօր ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ուսանողներից մեկը հետաքրքրվել է ընտրացուցակներով, թե ինչպե՞ս է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը, կարծես, պահպանվում է, բայց ընտրացուցակում առկա մարդկանց թիվն ավելանում է: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, և դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է:
“Ընտրացուցակում ընդգրկվել նաև դեռևս չի նշանակում մասնակցել ընտրություններին: Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել և ընտրություններից հետո տեսնել:
Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում: Հայաստանի Հանրապետության, և ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը: Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին:
Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսին է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել: Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, և ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաև մեծամասնականով ընտրվող թեկնածուներ: Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ: Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի:
Իսկ որ ցուցակները պետք է այդպիսին լինեն՝ գնալով ավելանան, սա միանշանակ է: Եթե մարդիկ ցանկանան գալ և մասնակցել ընտրություններին, նրանց ի՞նչ ասենք, ասենք, քանի որ դուք երկրից բացակայել եք, ձեզ զրկո՞ւմ ենք ընտրության իրավունքից: Մի կողմից ասում ենք այնպես անենք, որ մեր երկրում օրենքները գործեն, մյուս կողմից էլ ասում ենք՝ եկեք գնանք անօրինական քայլերի, որպեսզի բավարարենք ինչ-որ մարդկանց ցանկություններ: Ես կարծում եմ, որ դա սխալ է, մենք պետք է վարվենք օրենքի տառին համապատասխան, ինչպես և վարվում ենք”,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: