‘Սուր գարուն է սկսվել էդ ախմախի մոտ’. Սյունիքի մարզպետը` Հմայակ Հովհաննիսյանին
‘’Հմայակ Հովհաննիսյանը սուր գարուն է տանում’’,- այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` մեկնաբանելով իր հասցեին ուղղված ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մեղադրանքները:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրեն ուզում են դուրս հանել “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտի շենքից` այստեղ տեղակայված է իր ղեկավարած ՀՔՄ-ն: Իսկ այս գործընթացի հետեւում ըստ ՀՔՄ նախագահի` Սյունիքի մարզպետն է:
Նրա խոսքով` տարածքը օտարվել է մի անձնավորության` Չեխիայում բնակվող գործարար, ծագումով գորիսեցի Սենիկ Ջուլհակյանին, ում հետեւում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է:
Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դեռ հունվար ամսին Քաղաքագետների միության շենքի վերին հարկերը “ձեռք գցած, իբր թե բարերար, ծագումով գորիսցի” Սենիկ Ջուլհակյանը, որը “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտ ՓԲԸ-ի բաժնետերն է, դիմել է իրեն` առաջարկելով վաճառել միության զբաղեցրած տարածքը: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ինքը հրաժարվել է այդ առաջարկից:
‘’Լավ ճանաչում եմ Սենիկ Ջուլհակյանին, բայց էտ մարդը իրա գործին, ես` իմ գործին, ես ի՞նչ կարող եմ անել’’,- տարակուսանք հայտնեց Սյունիքի մարզպետը: Նա ավելացրեց, որ իր անձնական կարծիքով` այդ մարդը լավ գործ է անում, քանի որ նա Չեխիայում գործունեություն ծավալած գործարար է, որը նպատակ ունի հայրենիքում ամբողջովին վերականգնել այդ ‘’քանդված ինստիտուտը’’, իսկ Հմայակ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզպետի համոզմամբ` պետք է ընդամենը գոհ լինի, եթե նա իսկապես այս երկրի համար սրտացավ քաղաքացի է:
‘’Այդ ինստիտուտի գիտնականները, որ տարիներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, այսօր 300-350 հազար դրամ աշխատավարձ են ստանում , եւ հետաքրքիրն այն է, որ այդ ամեն ինչը Հմայակ Հովհաննիսյանի աչքի առաջ է, եւ նա լավ գիտի այդ ամենի մասին’’,- ասաց Սուրեն Խաչատրյանը` հավելելով.’’Հմայակ Հովհաննիսյանը այդ տարածքից բռնագրաված մաս ունի, եւ այդ մասը Սենիկ Ջուլհակյանը հետ է ուզում վերցնել, ահա ինչու նման վայնասուն է բարձրացրել: Ես չեմ հասկանում ` ես ի՞նչ կապ ունեմ այդ պատմության հետ, դրա համար էլ մտածում եմ, երեւի սուր գարուն է սկսվել էտ ախմախի մոտ, դրան բոլորս էլ ճանաչում ենք, թե ով է’’: