26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանը խոսեց “շախմատային” լեզվով

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  բացառիկ հարցազրույց է տվել  Մեդիամաքս-ին, որը ներկայացնում ենք ստորեւ.

Կարելի՞ է համարել, որ քարոզչության նախավերջին օրը հարցազրույց տալու Ձեր համաձայնությունը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ ցանկացաք ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալ նախընտրական արշավին:

– Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել եւ չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող):

Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով ինձ հետ կապված այնքան շատ հրապարակումներ եղան, որ ես չեմ կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց: Կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության:

Այս պահի ամենաարդիական եւ ամենաքննարկվող հարցը. ի՞նչ կապ ունեք “Բարգավաճ Հայաստանի” հետ: Ընդունված է համարել, որ այն Ձեր կուսակցությունն է, հատկապես եթե հաշվի առնենք Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը:

– Ես սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի եւ քաղաքական մրցակցության երաշխավորի դերում:

ԲՀԿ-ն հենց այն կուսակցություններից մեկն է, որի հետ համագործակցել եմ այդ ձեւաչափով: Եթե այն իմը լիներ, ապա 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երեւի թե այնտեղ, այլ ոչ թե ՀՀԿ-ում կհայտնվեին նախարարների եւ մարզպետների մեծամասնությունը:

Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Մի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին եւ չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ: Ի դեպ, եթե ԲՀԿ «պատկանելությունը» որոշվում է ցուցակում ինձ հետ երկար տարիներ աշխատած մեկ նախարարի ներկայությամբ, ապա կառաջարկեմ նայել ՀՀԿ ցուցակին:

Իսկ ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է եւ ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա:

Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող իշխանության հետ: Խոսվում է այն մասին, որ Դուք ինչ-ինչ ստվերային եւ ապագայում բացահայտվելիք պայմանավորվածություններ ունեք իշխանության հետ:

– Որեւէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ ես չունեմ եւ չէի էլ կարող ունենալ: Իշխանությունը ուղիղ եւ հրապարակային պատասխանատվություն է կրում իր գործունեության արդյունքների համար, ու երկրի կառավարմանը մասնակցելու նպատակով ձեռք բերված ցանկացած ստվերային պայմանավորվածություն պարզապես վնասակար է, քանի որ խեղաթյուրում է իշխանության եւ պատասխանատվության միջեւ առկա ուղղակի կապը: Եվ անհատների ով լինելն այստեղ որեւէ նշանակություն չունի:

Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական: Ի դեպ, այդ մասին ես ուղիղ ասել եմ նաեւ նախագահին:

Ինձ ընդդիմություն չեմ համարում եւ հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ: Պաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն եւ դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին:

Արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, եւ ինձ համար այդ գործը հետաքրքիր է: Ուշադիր հետեւում եմ հայաստանյան անցուդարձին (ապրում եմ այստեղ, թեեւ հաճախ ճանապարհորդում եմ): Փորձում եմ չներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ:

Դուք ասում եք, որ դժգոհ եք իշխանության գործունեության տնտեսական արդյունքներից: Բայց անցած մի քանի ամիսների ու հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում տնտեսության պատասխանատուները բազմիցս խոսել են այն մասին, որ մարդկանց ապրուստը առանձնապես չի վատացել եւ որ մեր տնտեսությունը այնքան էլ վատ վիճակում չէ: Ավելին, այս համատեքստում բազմիցս ներկայացվել են կառավարության տնտեսական հաջողությունները:

– Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստը ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Ի վերջո, դա վերածվում է անտարբերության եւ հասարակական համընդհանուր անվստահության: Իսկ դրանք ամենեւին էլ մեծ գործեր անելու տրամադրություններ չեն:

Երկրի տնտեսական եւ քաղաքական առողջության “ձայնաազդանշանային համակարգը” արտագաղթն է: Դրա սպառնացող չափերը` ֆունդամենտալ խնդիրների գոյության ամենաճշգրիտ ցուցիչն են: Մարդիկ լավից չեն փախչում:

Ի՞նչ եք կարծում, առկա են արդյո՞ք այսօր այն նախապայմանները, որոնց մասին խոսել եք մեր գործակալությանը տված վերջին հարցազրույցում: Եվ եթե` այո, ապա կարելի է արդյո՞ք ասել, որ Դուք այժմ կամ ապագայում հնարավոր է վերադառնաք մեծ քաղաքականություն:

– Հայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ:

Ի՞նչ են նշանակում Ձեր պարբերական հանդիպումները Վլադիմիր Պուտինի հետ:

– Վլադիմիր Պուտինի հետ մենք արդյունավետ համագործակցել ենք 8 տարի` առանձնահատուկ անձնական փոխըմբռնմամբ: Վերլուծեք այդ տարիները եւ կտեսնեք, որ ոչ թե խոսքերով, այլ գործերով երկկողմ հարաբերությունների ամուր հիմքեր են դրվել, հատկապես` տնտեսական դաշտում:

Տարօրինակ չէ՞ր լինի արդյո՞ք, եթե այդ հարաբերությունները շարունակական չլինեին: Հուսով եմ` չեք կարծում, թե նախագահները միայն պաշտոնական հարաբերությունների վրա կենտրոնացած ռոբոտներ են:

Մեկ–երկու տարի առաջ մեր քաղաքական եւ քաղաքագիտական բառապաշարը հարստացավ շախմատից փոխառված բազմաթիվ տերմիններով եւ համեմատություններով: Եթե դիտարկենք այդ համատեքստում, ապա ի՞նչ խաղ է այժմ ընթանում եւ ինչպիսի դերակատարություն ունեք այդ խաղում Դուք:

– Ընդհանրապես, քաղաքականության հետ շախմատի համեմատությունը չափազանց անհաջող է երկու պատճառով.

1. Երկիրը կառավարելիս չպիտի ամենեւին խնդիր դնես` հաղթել ինչ-որ մեկին: Նման խնդիր կա միայն իշխանությունը պահելու պարագայում: Իսկ “հաղթել” պետք է կարողանաս արտագաղթին, գործազրկությանը եւ կոռուպցիային:

2. Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի “գլուխը”: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ “թագավորության” կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգեւորել որեւէ մեկին (բացի թագավորից):

Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, եւ լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ