ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից ադրբեջանցիների պատճառով
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաեւ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ /ԲՄՊԽ/ մայոր Վիտալի Բելոկոնը /Ռուսաստան/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/: Դիտարկման խմբի կազմում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/, ինչպես նաեւ ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: