Անժելա Սարգսյան, ‘Կյանքի խոսք’ եւ միասեռականներ` Արեւմուտք-Ռուսաստան
Իր ֆեյսբուքյան էջում ‘Ժառանգության’ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը վերլուծել է երեք սկանդալ` կապված Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների, ‘Կյանքի խոսք’ աղանդի եւ վերջին օրերին աղմկահարույց միասեռականության խնդիրների հետ:
‘Գնալով իմ մոտ համոզմունք է ձեւավորվում, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական-հասարակական զարգացումները բացարձակապես տեղավորվում են Արեմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում: Վերհիշենք դրանք ըստ հերթականության.
1. Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների սկանդալը: Սրա հետ կապված առավելապես ուշագրավ էին ոչ թե լուսանկարները, այլ Անժելա Սարգսյանի անձնական կյանքի շուրջ ծավալված քննարկումները: Հայտնված տեսակետները դասակարգելի էին երկու խմբերում. ա/. անձնական կյանքը անձեռնամխելի է եւ ոչ մեկ իրավունք չունի միջամտել դրան, եւ բ./ հանրային/ավանդական բարոյականությունը գերակա է անձնականի նկատմամբ, ուստի հանրային միջամտությունը “նորմայից” շեղված անձնական կյանքին պարտադիր է: Դժվար չէ նկատել, որ առաջին տեսակետը եվրոպական աշխարհընկալման շրջանակներում է, իսկ երկրորդը` հակաեվրոպական /սովետական/:
2. ‘Կյանքի խոսք’ եւ այլ կրոնական ուղղությունների վերաբերյալ աժիոտաժը: Կրկին տեսակետները հարում էին երկու խմբի. ա./ բոլոր կրոնական հարանվանությունները գոյության իրավունք ունեն, իսկ խղճի ու դավանանքի ազատությունը սահմանադրական արժեք է, բ./ այն ինչ հակադիր է Առաքելական եկեղեցուն, աղանդ է ու մերժելի: Վերստին մոտեցումներից մեկը եվրոպական աշխարհընկալման շրջանակում է, մյուսը` հակաեվրոպական:
3. Միասեռականության ու բազմազանության խնդրի շուրջ ներկայիս բախումը: Մոտեցումները կրկին երկու խմբի շրջանակում են. ա./ յուրաքանաչյուրի իրավունքն է այս կամ այն փոքրամասնական խմբին պատկանելը, բ/մեր վզին չի կարելի փաթաթել եվրոպական արժեքները եւ բազմազանությունը /այդ թվում` միասեռականությունը/ պետք է մերժվեն: Վերստին` առաջին մոտեցումը եվրոպական աշխարհընկալման շրջանակում է, երկրորդը` հակաեվրոպական:
Եթե այս ամենին էլ գումարում ենք քաղաքական դաշտի վերադասավորումը Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության առանցքի նկատմամբ, որի բավականին շատ էլէմենտներ արդեն իսկ տեսանելի էին խորհրդարանական “ընտրությունների” ժամանակ, եւ այդ գործխընթացը շարունակվում է նաեւ այժմ, ապա ակնհայտ է դառնում Արեւմուտք-Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ բազմամակարդակ դիմակայությունը, որը դիտվում է Հայաստանում:
Այս համատեքստում երկրորդական են դառնում աղանդների ու միասեռականների խնդիրները,, եւ առաջին պլան է գալիս Հայաստանի եվրոպականացման դեմ բարձրացող ալիքը: Էական է դառնում եվրոպական արժեքների վարկաբեկման պորցեսը, քանի որ եվրոպան նույնացվում է հենց պոռնկաբարո կյանքի, միասեռականության կամ աղանդավորության հետ: Եթե սրան էլ գումարենք խայտառակ խորհրդարանական ընտրությունները ու, ցավալիորեն եվրոպացիների կողմից դրանց տրված անընդունելի գնահատականը, ապա կարելի է ասել, որ ոչ թե կամ ոչ այնքան ընտրական ինստիտուտն ու հայ հասարակությունն են ճգնաժամի մեջ /ինչի համար շատերը մեղադրում են “ձայնը ծախած” ժողովրդին/, այլե եվրոպական ու ժողովրդավարական արժեքները: Եւ ճգնաժամի մեջ են հենց նաեւ ովրապոացիների մեղքով: Ավելի ստույգ, այդ արժեքները բավականին ճարպկորեն ճգնաժամի մեջ են դրվել` Հայաստանի եվրոպական ուղին կասեցնելու համար: Իսկ թե Հայաստանի ու տարածաշրջանի եվրոպականացմամբ ո՞վ է անհանգստացած, գուշակելը բարդ բան չէ` Ռուսաստանը:
Ուստի, ներկայիս հասարակական-քաղաքական ճգնաժամերի արմատները պետք է ավելի խորը փնտրել: Այն վաղուց հեռու է միասեռականության, աղանդավորության կամ անառակաբարո բարքերի տիրույթից: Այն, ինչպես կարելի է կռահել, նախեւառաջ հատուկ ծառայությունների դաշտում է, որոնց անտեսանելի ձեռքերով բորբոքվում է հրդեհը: Այսքանով իսկ այս ամենը չափազանց մտահոգիչ է եւ գիտակից քաղաքական ու հասարակական շրջանակներից պահանջում է չափազանց կշռադատված միջամտություն` հաշվի առնելով բոլոր զգայունակությունները: