Անհանգստացնող հայտարարություն Մոսկվայից. Ժամանակ
Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից.
ԲՐԻԿՍ երկրների երիտասարդների հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցող իրադարձություններին և հայտարարել, որ այդ իրադարձությունները բացառապես տնտեսական են, սակայն փորձ է արվում քաղաքականացնել դրանք: Լավրովը հայտարարել է, որ շատ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական բաղադրիչին, ազգային օրակարգի ձևավորմանը և այլն: Լավրովը հայտարարել է, թե բոլորին հայտնի է՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները:
Փաստորեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ըստ էության ակնարկել է, որ Հայաստանում գունավոր հեղափոխության մեկնարկային տարրեր են նկատում:
Իհարկե, նախ հարկ է շեշտել, որ, չգիտես ինչու, Ռուսաստանն ինքն էր իր քարոզչամիջոցներով Հայաստանում «Մայդանի» մասին համառ պնդումներ անում, երբ ակնհայտ էր, որ նման բան չկա: Հետո Ռուսաստանը կարծես թե դադարեց նման պնդումներ անել, երբ եղան հայ-ռուսական տնտեսաքաղաքական պայմանավորվածություններ Սերժ Սարգսյանի հետ: Եվ ահա Լավրովը կարծես թե նորից խոսում է գունավոր հեղափոխության մեկնարկի մասին:
Այս հայտարարությունը, իհարկե, արտառոց է նախ և առաջ այն տեսանկյունից, որ Հայաստանում ազգային օրակարգի ձևավորումը փաստորեն Ռուսաստանը իր համար սպառնալիք է դիտում: Սպառնալիք է դիտվում նաև երիտասարդական ակտիվությունը: Սա վկայում է, իհարկե, այն մասին, որ Մոսկվան աշխարհաքաղաքական առումով պարզապես հայտնվել է ծերունական մառազմի մեջ: Սա նորություն չէր՝ իհարկե, սակայն առաջին անգամ է կարծես թե, որ բաց տեքստով ասվում է այդ մասին, բավական թափանցիկ ակնարկով:
Լավրովի այս հայտարարությունը ուղղակի տագնապալի է հնչում, քանի որ սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի իշխանություններին պահանջ ներկայացնել ավելի կոշտ միջոցառումներ ձեռնարկել Բաղրամյան փողոցում հավաքված հանրության հանդեպ: