Հայաստանում էլ կլինի՞ սարդերի անձրև
«Եթե զարգանում է տնտեսությունը, այն շատ ջուր է վերցնում, կամ գյուղատնտեսության արտադրության ոլորտում թունաքիմիկատներ ենք օգտագործում, այդ բոլորն ազդում են շրջակա միջավայրի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Աիդա Իսկայոնը՝ հավելելով, որ մշտապես յուրաքանչյուր գործընթաց իրականացնելիս, որն ինչ-որ կերպ կապ ունի բնապահպանության հետ, պետք է բոլոր վտանգները հաշվարկել, ապա գործել:
Ըստ Իսկոյանի՝ մենք մեր պետությունում պետք է բարելավենք այդ վիճակը, ոչ թե սպասենք, թե երբ են այլ պետություններում նման քայլեր անելու, ապա սկսենք մենք էլ անել: «Իրավիճակը շատ տագնապալից է»,-նշեց բնապահպանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ հավելեց, որ աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնում են բնապահպանական ծրագրեր՝ ուղղված այլընտրանքային էներգիայի զարգացմանը, թափոնների կայուն կառավարմանը, կանաչ տարածքների տոկոսի ավելացմանը, այսինքն՝ նպատակ կա, որ սոցիալական ու բնապահպանական խնդիրները միասին լուծվեն: Հայաստանում այդ ծրագրի իրագործման համար ընտրվել է Գորիսը:
Հարցին, թե վերջերս բնության մեջ նկատվել է հետաքրքիր մի երևույթ՝ սարդերի անձրև, արդյոք Հայաստանում էլ կարող է լինել, բնապահպանները պատասխանեց, որ երբ փոթորիկի ժամանակ ավազ է բարձրանում երկինք, սարդերը կուտակվում են մի տեղ, ապա անձրևի տեսքով թափվում են: «Փառք Աստծո, դեռ Հայաստանը բարվոք վիճակում է: Տեսնում ենք՝ ինչ աննորմալ երևույթներ են լինում ողջ աշխարհում: Ի դեպ, մեր բարոյական նկարագրից է կախված մեր ամբողջ իրավիճակը, ես կապը տեսնում եմ տիեզերքի հետ՝ և դրական, և բացասական. անկախ նրանից մեզ ինչպես ենք դրսևորում, տիեզերքի պատասխանը գալիս է»,-եզրափակեց Կարինե Դանիելյանը: