Գյումրիում 27-ամյա առաքիչին ինքնասպանության են հասցրել. հարուցվել է Քր. գործ
Այսօր` մայիսի 31-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ կայանված «Ֆոլկսվագեն»-ում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի:
Երիտասարդի կողքին եղել է ատրճանակ, որից, ենթադրաբար, նա սպանվել է: Ըստ նախնական վարկածի՝ չի բացառվում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, սակայն ավելի հստակ պատասխան կտան իրավապահները՝ համապատասխան փորձաքննություններ կատարելուց հետո միայն:
Գյումրիում մայիսի 31-ին մեքենայի մեջ մահացած հայտնաբերված Վլադիմիր Ավետիսյանի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով:
Նշենք, որ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասն ինքնասպանության հասցնելն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ին Գյումրիի Մուշ 2 թաղամասում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել: Դիակի վրա հրազենային վնասվածքներ կան: Մեքենայի մեջ եղել է զենք եւ բանկային փաստաթղթեր: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Գյումրիի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Ավետիսյանն է: Նա առաքիչ էր, բնակվում էր հոր հետ: