Մեքսիկական հեռուստաալիքը ներկայացրել է Ցեղասպանության մասին հայազգի գիտնական Խոսե Սարուխանի հետ հարցազրույցը
Մեքսիկայի հայտնի գիտնականներից մեկը` Խոսե Սարուխանը, հարցազրույց է տվել մեքսիկական 22-րդ հեռուստաալիքին` խոսելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման և ճանաչման կարևորության մասին, տեղեկացնում է armeniangenocide100.org-ը:
Խոսե Սարուխան Կերմեզը հետազոտող կենսաբան է և 1987-1997 թթ. զբաղեցրել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի ռեկտորի պաշտոնը: Նրա որդին` Արտուրո Սարուխանը, հայտնի դիվանագետ է, 2007-2013 թթ. եղել է ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանը:
Խոսեի հայրը հայ գաղթական է եղել, որը կոշկի արտադրությամբ զբաղվող գործարան ուներ: Մահացել է, երբ Խոսեն 7 տարեկան էր: Նրա մորը հրաշքով հաջողվել է փրկվել Ցեղասպանությունից:
«Ցեղասպանության ճանաչումը, ինչպես շատ անգամ նախկինում արդեն նշել եմ, կարևորորվում է նրանով, որ հետագայում հնարավոր լինի խուսափել նման սխալներից: Հարյուր տարի անց մեծ է անտեղյակությունը, անտարբերությունը: Հայերը երկար ժամանակ բնակվել են իրենց պատմական հողերում, իսկ այժմ այդ հողերը հայերինը չեն, քանի որ զավթվել են Օսմանյան կայսրության կողմից», – ընդգծել է Խոսե Սարուխանը: