Հենց այդ պատճառով էլ Բիշքեքում երկաթուղու թեման, իմ կարծիքով, շատ ավելի մեծ նշանակություն ուներ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բիշքեքում Պուտին–Փաշինյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը, իմ կարծիքով, ոչ միայն ՀՀ-ում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի թեման էր, որն այդքան քննարկվեց ու վերլուծվեց, այլև տարածաշրջանի համար ոչ պակաս կարևոր ու առանցքային՝ երկաթուղու հարցը։
Թերևս քչերը գիտեն, թե երկաթուղի հասկացությունը որքան անկյունաքարային նշանակություն ունի ռուսական պետական ու ռազմավարական մտածողության մեջ։
Ռուսական կայսրության համար երկաթուղին երբեք միայն տնտեսական ենթակառուցվածք չի եղել։ Դեռևս Ալեքսանդր III-ի օրոք ձևավորվեց ռազմավարական երկաթուղային ցանցի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում․ երկաթուղին դիտարկվում էր որպես տարածքը կապելու, սահմանային շրջաններում զորքերի ու ռեսուրսների շարժն արագացնելու, կայսրության ծայրամասերի նկատմամբ վերահսկողությունն ամրացնելու և արտաքին սահմաններին ուժի արագ կենտրոնացում ապահովելու գործիք։ Կովկասն այս տրամաբանության մեջ առանձնահատուկ տեղ ուներ։
Եվ այստեղ արդեն գալիս ենք շատ կարևոր դրվագի։
1899 թվականին ռուսական կայսրության կողմից ավարտվեց Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղային գիծը։ Կարսը Ռուսաստանի համար ռազմավարական հենակետ էր Օսմանյան կայսրության սահմանին, իսկ երկաթուղին ապահովում էր այդ ուղղության արագ կապը կայսրության կովկասյան կենտրոնների հետ։ 1902-ին Ալեքսանդրապոլից երկաթուղին հասավ նաև Երևան, իսկ հետագայում ցանցը շարունակվեց դեպի Ջուլֆա և Իրանի սահման։
Այսինքն՝ խոսքը մեկ դարից ավելի պատմություն ունեցող ենթակառուցվածքների մասին է, որոնք սկզբնապես ձևավորվել են կայսերական ռազմական, քաղաքական և տնտեսական տրամաբանության շրջանակում։
Հենց այդ պատճառով էլ Բիշքեքում երկաթուղու թեման, իմ կարծիքով, շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան կարող էր առաջին հայացքից թվալ։ Երբ խոսում ենք Հայաստանի տարածքով տարածաշրջանային հաղորդակցությունների, երկաթուղային կապերի և դրանց կառավարման մասին, գործ ունենք ոչ միայն նոր ճանապարհ կառուցելու կամ հին ճանապարհը վերագործարկելու խնդրի հետ։ Այստեղ մտնում են Ռուսաստանի համար պատմականորեն ձևավորված ռազմավարական հաղորդակցության ուղիները։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի «դուրսբերման» թեմային, ապա ակնհայտ էր, որ դա հատուկ գծված սցենարի մաս էր՝ հայկական հանրային շրջանում տրամադրությունները շոշափելու նպատակով։
Հատկանշական էր նաև այդ հարցի հնչեցման պահը։ «Ինտերֆաքսի» լրագրողը, որը Պուտինին հարցրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին, հարցը ձևակերպելիս ակնհայտորեն շփոթվեց, մի պահ կանգ առավ և միայն Պուտինի հորդորից հետո շարունակեց ու ավարտին հասցրեց ձևակերպումը։
Թերևս այս կերպ փորձ է արվում հասկանալ՝ որքան է փոխվել Հայաստանի հասարակության վերաբերմունքը ռուսական ներկայության նկատմամբ և ինչ արձագանք կարող է առաջացնել ռուսական ռազմաբազայի հնարավոր «դուրսբերման» մասին հրապարակային խոսակցությունը։
Եվ այս տեսանկյունից երկաթուղու թեման, գուցե, հանդիպման ամենաքիչ քննարկված, բայց ամենակարևոր շերտերից մեկն էր։ Որովհետև երկաթուղին այստեղ պարզապես ճանապարհ չէ․ այն տարածաշրջանում ազդեցության, հաղորդակցության և ռազմավարական ներկայության հարց է։ Իսկ այդպիսի հարցերում Ռուսաստանը սովորաբար չի մտածում մեկ հանդիպման կամ մեկ պայմանավորվածության ժամանակային շրջանակում։
Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները։ Իսկ դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»։










































