Շարունակում է խնդրահարույց մնալ կալանավորման լայնածավալ կիրառումը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս տարի օգոստոսին Եվրոպական Միությունը հրապարակեց «Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության» 2025 թվականի զեկույցը (2025 Human Rights and Democracy in the World), որը բավարար ուշադրության չարժանացավ Հայաստանում։
Ուստի ձեզ եմ ներկայացնում Հայաստանին վերաբերող զեկույցից հատվածներ (ամբողջական զեկույցի հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում):
Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է։ Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք»։
Միաժամանակ ծանոթացեք զեկույցում տեղ գտած այս գնահատականներին և վստահ եղեք, որ Բրյուսելում ամեն ինչ լավ էլ գիտեն, ու իրենց համար պատեհ պահին միանգամից կբացեն կոմպրոմատների տրցակները։
⁃ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մատնանշել են ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված չարաշահումների, մասնավորապես՝ ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննության անարդյունավետությունը, դատական իշխանության անկախության պակասը և քրեական վարույթներում կալանավորման՝ որպես խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։
⁃ Արդարադատության ոլորտում Հայաստանը շարունակել է բարեփոխումները՝ ուղղված բարեվարքության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը, սակայն մտահոգությունները պահպանվում են դատավորների նշանակման գործընթացի թափանցիկության և բարեվարքության մեխանիզմների գործնական կիրառման առնչությամբ։
⁃ Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ բարձրաձայնել են քրեական արդարադատության համակարգի գործիքայնացման վերաբերյալ պնդումներ, ինչը վտանգում է այլախոհության պատժումը և խաթարում խոսքի ազատությունը, այդ թվում՝ խուլիգանության վերաբերյալ քրեաիրավական դրույթների հնարավոր չարաշահման միջոցով։
⁃ Նույն համատեքստում մտահոգիչ են մնում հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը (SLAPPs), որոնք թիրախավորում են լրագրողներին, բնապահպան ակտիվիստներին և իրավապաշտպաններին։
⁃ Շարունակում է խնդրահարույց մնալ կալանավորման լայնածավալ կիրառումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերը՝ չնայած ազատությունից զրկված անձանց բժշկական երաշխիքների ամրապնդմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին։
⁃ Մտահոգություններ են պահպանվել նաև զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի և ծառայության պայմանների, մասնավորապես՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ, թեպետ դրանց ընդհանուր թիվը նվազել է։
⁃ Հակակոռուպցիոն հինգերորդ ազգային ռազմավարությունը (2023–2026թթ․) ապահովում է համապարփակ շրջանակ, սակայն այն դեռևս բավարար չափով հիմնված չէ ռիսկերի գնահատման վրա և չի նախատեսում թիրախային միջոցառումներ կոռուպցիոն բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտների, հատկապես՝ պետական գնումների համար։
Ազատությո’ւն բոլոր քաղբանտարկյալներին»։











































