Մեծ տատիս մայրը և երկու եղբայրը հիվանդացել են տիֆով և մահացել

Ալմաստ Հովհաննիսյանի պատմությունը
Վան
Հովհաննես Խուրշուդյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի մոր՝ Ալմաստ Հովհաննիսյանի պատմությունը: 4 տարեկանում վերապրելով Ցեղասպանությունը՝Ալմաստը կորցրել է ծնողներին ու հայտնվել որբանոցում:
«Եղեռնից մազապուրծ փրկվածներից է իմ մեծ տատը՝ պապիս մայրը՝ Ալմաստ Հովհաննիսյանը: Պապս պատմում է, որ իր մակվեցի Հովհաննես պապը եղել է վաճառական, ով եկել էր Արևմտյան Հայաստան, ամուսնացել և արմատներ ձգել Վանում: Ապրիլյան այդ արյունալի օրերին գնացել է իր խանութի գործերով՝ չզգալով մոտալուտ վտանգը: Երբ սկսել են կոտորել ժողովրդին, կնոջը և երեք երեխային Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան են անցկացրել հոր ազգությամբ թուրք ընկերները: Ալմաստ տատիկն այդ ժամանակ եղել է չորս տարեկան և շատ բաներ չի կարողացել մտաբերել:
Էջմիածին,եկեղեցու բակ, որբեր, սով, համաճարակ…
Մայրը և երկու եղբայրը հիվանդացել են տիֆով և մահացել: Ալմաստին տեղափոխել են Գյումրու Ամերիկյան որբանոց, որտեղ էլ հանդիպել է բախտի բերմամբ իր մորաքրոջը՝ Շուշիկին: Շուշիկը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ և որոշում է քրոջ միակ զավակին էլ իր հետ տանել, բայց պարզվում է, որ որբանոցից երեխային կարող է վերցնել միայն մայրը կամ հայրը: Ալմաստը երկրորդ անգամ է որբանոցում հայտնվում՝ մորաքրոջը ճանապարհելուց հետո: Այդ օրվանից էլ ոչ մի լուր չի ստանում Շուշիկ մորաքրոջից: Երևանից մի բարի ու հոգատար ընտանիք որդեգրում է Ալմաստին»:
Աղբյուր` ArmenianGenocide100.org