Սա թերևս ամենախելամիտ ճանապարհն էր
Կարծես թե արդեն ավանդույթ է դարձել Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կառավարության կողմից ոչ աշխատանքային հայտարարելու և տեղափոխելու այն հաջորդ շաբաթ օրը:
Որոշումը ընդունվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի ոչ դիրեկտիվ դրույթի հիման վրա, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Ի՞նչ է խորհրդանշում մեռելոցը: Մեռելոց, կամ ննջեցյալների հիշատակության օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Այդ օրը մարդիկ այցելում են իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել այն:
Սակայն ի՞նչպես է անդրադառնում այն դեռևս ողջ մնացածների վրա: Եթե հաշվի չառնենք այն, որ պարզապես խաթարվում է օրգանիզմի կենսաբանական ռիթմը, ստեղծելով որոշակի անհարմարավետություն, այն լուրջ խոչնդոտներ է ստեղծում գործարար զանգվածի համար, ով ստիպված է լինում հարմարվել պետական մարմինների, բանկերի, դեսպանատների աշխատանքային օրերին, որոնք չեն համընկնում այլ պետությունների պաշտոնապես հաստատված ոչ աշխատանքային օրերի հետ:
Որքանո՞վ է նպատակահարմար ննջած հարազատներին հիշատակելը պետականորեն պարտադրել, և կ՞ա արդյոք մի պաշտոնյա, ով իր ենթակային կմերժի ինքնաբուխ այդ ցանկությունը կատարելու: Եվ այդ ամենը այն դեպքում երբ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից:
Մի գուցե այն իմաստ ունի ավանդական մշակույթի ժառանգորդման տեսանկյունից և հնարավոր է գտնել փոխզիջումային տարբերակ:
Համաձայն ապրիլի 2-ի կատավարության նիստի պաշտոնական տեղեկատվության Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը վարչապետի հանձնարարությամբ լրացուցիչ քննարկվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սա թերևս ամենախելամիտ ճանապարհն էր՝ անցկացնել հանրային քննարկումների՝ հասկանալու, թե առաջնայինը հոգևորն է՞, թե՞ բիզնես շահերը: