Մարտի 30-ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Առաջիկա երեք ամիսները՝ ապրիլը, մայիսը և հունիսը տեղումնառատ կլինեն, տեղումների քանակը նորմայից բարձր կլինի: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ մարտի 30-ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ընդհանուր առմամբ՝ 5-7 աստիճանով, հանրապետության տարածք միջերկրական ծովից կներթափանցեն ցիկլոններ, ինչի արդյունքում էլ հանրապետության տարածքում հորդառատ տեղումներ կլինեն:
Բանախոսը նշեց, որ չնայած ջերմաստիճանի նվազմանը՝ ցրտահարություններ առաջիկայում չեն սպասվում:
«Արարատյան դաշտում ցրտահարության ռիսկեր չունենք, բայց ցրտահարության ռսիկը պահպանվում է մինչև ապրիլի 20-ը, քանի որ եղանակն անկանխատեսելի է, և եղել են դեպքեր, որ ապրիլի վերջին էլ ցրտահարություն է եղել»,- ասաց նա՝ նշելով, որ տեղումները գյուղատնտեսության համար բարենպաստ կլինեն:
Ապրիլի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:
Ասուլիսին ներկա ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանն էլ ասաց, որ տեղումների նորմայից ավել լինելու պարագայում ջրամբարներն առատ ջրով կլցվեն: