Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են․ Հրապարակ
Պատրաստվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կատարել տարիներ առաջ տված հրապարակային խոստումը, որ երբ հրապարակը` ժողովուրդը, պահանջի, ինքը կհեռանա,- երեկ հարցրել են նրան, սակայն Փաշինյանն իրեն բնորոշ աճպարարությամբ ասել է, թե ինքը նման հայտարարություն չի արել, եւ առաջարկել է հարց տվող լրագրողին՝ գտնել իր խոսքերը, անգամ թայմեր է դրել` 2 րոպե: Մեր լրագրողն էլ Փաշինյանին հիշեցրել է, որ ինքը խոստանում էր, թե ընդդիմության դեմ փռվող փշալարերը, իր իշխանության գալուն պես, «ժանգոտվելու են»` չեն կիրառվելու, հիմա ԱԺ-ի մոտ փշալարեր են քաշում:
Փաշինյանն ասել է, թե չի հիշում. «Ահագին ժամանակ է անցել, ես շատ հայտարարություններ եմ արել: Մեջբերում արեք, ինձ էլ թեգ կանեք, ես կտեսնեմ»: Հիմա մեջբերենք Փաշինյանի` 2018-ին վարչապետ դառնալու 100 օրվա կապակցությամբ ասածը. «Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ, ուրեմն, դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ միակ իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվ համարում: