Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ Ֆեյսբուքն առաջատար սոցցանցը չէ. մեդիափորձագետ
Tsu.cօ սոցիալական ցանցը վերջերս է ի հայտ եկել եւ վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում: Կայքում, ըստ տարածված լուրերի, հնարավոր է գումար աշխատել: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս սոցիալական կայքում արդեն 10 հազար հայաստանցի օգտատեր կա: Թեեւ սա մեծ թիվ չէ, բայց հաշվի առնելով, թե որքան քիչ օրերի ընթացքում է այդքան մարդ գրանցվել, սա, ըստ բանախոսի, լուրջ ցուցանիշ է:
«Իհարկե, մարդկանց հիմնական մասին գրավել է գումար աշխատելու հնարավորությունը, քանի որ ինչպես գիտեք ակտիվությունը այստեղ գումար աշխատելու հնարավորություն է տալիս: Բայց գումարը հաշվվում է ցենտներով, իսկ հաշվիցդ այն կարող ես հանել միայն 100 դոլար ունենալու դեպքում»,- ասաց նա:
Խոսելով կայքի անվտանգությունից` մեդիափորձագետը նշեց, որ որ այն միացված չէ HTTPS համակարգին, ինչը նշանակում է, որ երրորդ մարդը հեշտությամբ կարող է ներթափանցել օգտատիրոջ էջ եւ մանրամասներ իմանալ:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանն այսօր այն եզակի երկրներից է, որտեղ առաջատար սոցիալական կայքը Ֆեյսբուքը չէ: Մեզ մոտ ամենաակտիվը շարունակում է մնալ odnoklassniki.ru-ն, Հայաստանից օրական 1 միլիոն մարդ մուտք է գործում այս կայք: