Facebook-ի վերջը եկել է. նոր սոցկայքը կկիսվի օգտատերերի հետ
Ընդամենը մի քանի օր է, ինչ թողարկվել է նոր սոցիալական կայք՝ tsu.co, որը, սակայն, խոստանում է դառնալ արդեն հայտնի սոցիալական կայքերի այլընտրանքն ու կործանիչը: Ի՞նչ է իրենից ներկայացնում tsu-ն: Այն գրեթե նույն ոճով է պատրաստված, ինչ բոլորիս հայտնի կայքերը, որոշ առումով անգամ զիջում է ֆունկցիոնալությամբ, բայց սա դեռ սկիզբն է, գրում է pahooo.blogspot.com-ը:
Իրականում այն հավակնում է դառնալ արդեն հայտնի առաջատարների գլխավոր ախոյանը: Իսկ ինչպե՞ս: Մենք գիտենք, որ մի քանի հայտնի կայքեր (facebook, vkontajte, ok) մի ամբողջ կարողություն են դիզել, ամենասովորական օգտատերերի հաշվին:
Եթե չլինեն օգտատերերն ու իրենց հազարավոր գրառումներն ու նկարները, կայքերը ոչ մի կոպեկ էլ չեն աշխատի: Իսկ tsu-ի հիմնադիրները որոշել են իրենց շահույթով կիսվել իրենց «աշխատողների»՝ օգտատերերի հետ 10-90% հարաբերակցությամբ: Այսինքն` գովազդներից ու տարբեր ծրագրերից եկած շահույթի 90%-ը հավասարապես կիսվելու է ակտիվ օգտատերերի միջև: Այսպես հավաստիացնում են հիմնադիրները:
Որոշ փորձագետներ արդեն տեսնում են Facebook-ի դարաշրջանի ավարտը: Ընդամենը 2 օրվա ընթացքում tsu-ն հավաքել է ռեկորդային թվով օգտատերեր: Սակայն կա մի խնդիր. այս կայքում հենց այնպես հնարավոր չէ գրանցվել: Ձեզ պիտի հրավիրի արդեն գրանցված մեկ այլ օգտատեր: Այսպես է պահանջում կանոնադրությունը: