24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկեղեցին պետք է գտնի աստվածային էությունը՝ սատանայի դեմ պայքարում հաջողելու համար. Հրապարակ

Վերջերս լսում էի Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը՝ մի խումբ ընդդիմադիր գործիչների հետ հանդիպման ժամանակ: Սրբազանի խոսքը շատ խորն էր, անկեղծ եւ համարձակ: Նա խոսում էր Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին, եւ այդ հարցում նրա հետ հնարավոր չէ չհամաձայնել, նրա բերած բոլոր հիմնավորումներն այն մասին, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը տանում է կործանման կամ արդեն իսկ կործանել է, բացարձակ ճշմարտություն են: Նա խոսում էր այն մասին, որ կա իշխանափոխության երեք ճանապարհ, բայց այդ երեքն էլ դատապարտված են ձախողման` ընտրություններ, հեղափոխություն եւ ապստամբություն: Սրբազանը հեղափոխությունն առանձնացրել էր ապստամբությունից՝ նկատի ունենալով, որ հեղափոխությունը կարող է լինել եւ առանց բռնության, այնպես, ինչպես 2018 թվականին, ինչն իրականում ոչ թե հեղափոխություն էր, այլ հակասահմանադրական հեղաշրջում` շատ հմուտ բեմականացված: Բայց խոսքը դրա մասին չէ, այլ թե ինչու Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, եւ ինչու են դրա բոլոր հնարավորությունները դատապարտված ձախողման:

Հայաստանում չկա հավատ, չկա հավատ իշխանության, ընդդիմության, ընդհանրապես՝ մարդկանց եւ, որ ամենավատն է՝ ապագայի նկատմամբ, կամ որ նույնն է` չկա հավատ Աստծո նկատմամբ, որովհետեւ իմ ընկալմամբ ապագան Աստվածն է, իսկ հավատը կամ շարժումը դեպի ապագա՝ շարժում է դեպի Աստված: Մեր ընթացքը դեպի ապագա, դեպի Աստված դադարել է, մենք կանգնել ենք ու մնացել ինչ-որ մի կետում, հնարավոր է՝ նույնիսկ հետ ենք գնում: Ամենայն հարգանք տածելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքի նկատմամբ, համաձայն լինելով նրա բոլոր մտքերի ու եզրահանգումների հետ, ուզում եմ ասել, որ երբ լսում եմ նրան, ինձ մոտ զգացողություն չկա, որ լսում եմ Աստծո խոսքը. մեր ընկալմամբ՝ եկեղեցին միջնորդն է մեր եւ Աստծո միջեւ, ինձ մոտ տպավորություն է, որ խոսում է որեւէ շատ համարձակ եւ ճշմարտախոս ընդդիմադիր գործիչ:

Իմ ընկալմամբ` հայ ազգը, հայ մարդը կորցրել է հավատը ապագայի եւ Աստծո նկատմամբ, որովհետեւ Հայ առաքելական եկեղեցին է կորցրել կապն Աստծո հետ, մեր եկեղեցին դարձել է աշխարհիկ կառույց, որն այսօր թեեւ արտահայտում է մեր ժողովրդի մտահոգություններն ու տագնապները, զգում է մեր ազգին ու պետությանը սպառնացող վերահաս վտանգի չափը, բայց չի կարողանում առաջնորդել ժողովրդին: Բոլորից ու ամեն ինչից հուսահատված մարդկանց ու գործիչների մի շրջանակ մերթ ընդ մերթ իր հայացքն ուղղում է դեպի եկեղեցին՝ հուսալով, որ եկեղեցին կարող է առաջնորդել մեր փրկության եւ վերածննդի շարժումը, բայց եկեղեցին հրաժարվում է այդ դերից, որովհետեւ օբյեկտիվորեն չի կարող իր վրա վերցնել առաջնորդի դերը եւ տանել հասարակությանը, պետությանը փրկության:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է, որ բուժվելու համար առաջին հերթին պետք է ախտորոշել հիվանդությունը, առերեսվել այդ հիվանդության հետ: Իսկ ո՞րն է հիվանդության ախտորոշումը: Արդյո՞ք մեր եկեղեցին ախտորոշել է իր հիվանդությունը եւ սկսել է բուժվել, որովհետեւ առանց հոգեւոր առողջության հնարավոր չէ մարմնական առողջություն: Ցանկացած բժիշկ ձեզ կասի, որ մարմնական հիվանդությունների մեծ մասի պատճառը հոգեւոր խնդիրներն են: Մեր հոգեւոր առողջությունն անմիջական կապ ունի եկեղեցու առողջացման հետ, հասարակությունը պետք է հավատա, որ Ամենայն հայոց կաթողիկոսը, մեր արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները սովորական, շարքային մարդիկ չեն, նրանք իսկապես ունեն աստվածային էություն, նրանց խոսքը ոչ թե Աստվածաշնչից անգիր արված տեքստերն են, այլ Աստծո խոսքը, նրանց բերանով մեզ հետ խոսում է Աստված, որին չի կարելի չհավատալ եւ չհետեւել:

Չգիտեմ, թե երբ է մեր եկեղեցին կորցրել կապն Աստծո հետ: Իմ ընկալմամբ՝ դա տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի մահից հետո, նրա մեջ մեր ազգը որպես հավաքականություն եւ նրա առանձին անդամները տեսնում էին աստվածայինը, հավատում էին նրա աստվածային էությանը: Ես հիշում են, որ կոմունիստական Հայաստանում յուրաքանչյուրի տանը դրված էր Վազգեն Առաջին կաթողիկոսի լուսանկարը, նույնիսկ կուսակցական պաշտոնյաների բնակարաններում: Նրան սրբացնում էին՝ նրա նկարը հավասարեցնելով սրբապատկերի:
Կարող են ասել, որ եկեղեցու եւ Աստծո կապը չի կարող կորչել, որ այն հավերժական է, ու նման ստանդարտ մտքեր, որ իմ ասածը կեղծ թեզ է, մեր եկեղեցուն արատավորելու հերթական դրսեւորումը: Բայց եթե եկեղեցին կորցրած չլիներ կապն Աստծո հետ, հայ ազգն այս վիճակում չէր լինի, եթե եկեղեցին կորցրած չլիներ կապն Աստծո հետ, մեր երկրում չէր կարող լինել սատանայի իշխանություն:

Ինչպես մեր ազգային օրգանիզմը, այնպես էլ այդ օրգանիզմի ամենակարեւոր բաղադիչը` մեր ազգային եկեղեցին, հիվանդ են, եւ հնարավոր չէ բուժել այդ օրգանիզմը, առանց հիվանդության ճշմարիտ ախտորոշման: Իսկ մեր եկեղեցու բուժման միակ հնարավորությունը նրան իր աստվածային էությանը վերադարձնելն է, կապը եկեղեցու եւ Աստծո միջեւ վերականգնելը: Նորից եմ ուզում ասել, որ հիմա եկեղեցու առաջնորդների խոսքն ընկալվում է որպես որեւէ քաղաքական կամ հասարակական գործչի խոսք: Դրա համար երբ նրանք Փաշինյանից պահանջում են նրա հրաժարականը կամ հեռացումը, Փաշինյանը դրան հակադարձում է` եթե ուզում եք քաղաքականությամբ զբաղվել, կուսակցություն գրանցեք: Համոզված եղեք, հենց եկեղեցին վերականգնի կապն Աստծո հետ, նրա խոսքը Փաշինյանի դեմ կընկալվի ոչ թե որպես քաղաքական քննադատություն, այլ ճշմարտության պայքար կեղծիքի, Աստծո պայքար` սատանայի դեմ: Միայն այդ դեպքում մենք փրկության հույս կունենանք:

Ավետիս Բաբաջանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/343f71facb39a89b9190332ec2743b39?fbclid=IwAR06n8zwMPSCuXvZ2mN6dKQiR7SfFUu0Ll-4IuUNAVvum2GcAPluk7UxIP4

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ