24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոսկվան իր ձեռքով հզորացնում է իր ապագա ախոյանին.վտանգավոր իրավիճակ՝ ոչ միայն Հայաստանի համար. Փաստ

Աշխարհաքաղաքական նոր զարգացումների պայմաններում վտանգավոր աստիճանի սկսում է կարևորություն ստանալ Թուրքիայի դերակատարությունը, որը պայմանավորված է ինչպես այդ երկրի աճող ներուժով, այնպես էլ կարևոր աշխարհագրական դիրքով, որը ջրբաժան է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև։ Ընդ որում, վտանգավոր՝ ոչ միայն Հայաստանի համար, այլև Ռուսաստանի ու, որքան էլ տարօրինակ հնչի, Արևմուտքի համար: Ու սա՝ բոլոր կողմերի հետ հարաբերությունների պահպանման առերևույթ «պատկերի» ֆոնին:

Ընդ որում, ամբիցիոզ պանթուրքական ծրագրերի իրականացման մարմաջով Թուրքիան իր ինքնուրույն խաղն է փորձում առաջ տանել ու փորձում միաժամանակ համագործակցել այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնք Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ դիմակայության կամ մրցակցության մեջ են։ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակից Չինաստանի հետ՝ նպատակ հետապնդելով, որ չինական ընկերությունները տարբեր ծրագրեր իրականացնեն ու գումարներ ներդնեն Թուրքիայի տնտեսության մեջ։ Բայց Արևմուտքի համար հիմնական խնդիրը ոչ այնքան Անկարայի ու Պեկինի համագործակցությունն է, որքան Անկարայի ու Մոսկվայի։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, իրեն թույլ տվեց Ռուսաստանից գնել Ս400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչի արդյունքում ԱՄՆ-ը ռազմական ոլորտի վրա որոշ ուղղություններով Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ է սահմանել։

Արդյունքում Թուրքիան դուրս եկավ նաև հինգերորդ սերնդի F35 կործանիչների ծրագրից։ Բայց Թուրքիայի համար Ռուսաստանը մեծ կարևորություն է ձեռք բերել ոչ միայն նրա համար, որ էներգակիրների խոշոր արտահանող է, այլև հենց ՌԴ-ի միջոցով են թուրքերը կառուցում «Ակկույու» ատոմակայանը, որը էլեկտրաէներգիայի արտադրության մեծ հզորություն է ապահովելու։ Նախատեսվում է մեկ այլ ատոմակայան ևս կառուցել։ Փաստացի դրանով Թուրքիան դառնում է ատոմային տերություն։ Միաժամանակ, Թուրքիան Ռուսաստանից այնպիսի տեխնոլոգիաներ է ձեռք բերում, որոնք Արևմուտքը չի տրամադրում։ Իսկ ինչո՞ւ չի տրամադրում, թերևս պարզ է։ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ցանկանում, որ Թուրքիան տեխնոլոգիապես շատ զարգանա, քանի որ դրա արդյունքում դուրս կգա Արևմուտքի ազդեցության ուղեծրից։

Ուստի, Թուրքիան էլ իր հերթին ամեն անգամ շանտաժի է ենթարկում Արևմուտքին, որ եթե իրեն համապատասխան զինամթերք ու տեխնոլոգիաներ չտրամադրեն, ինքը դրանց շուրջ կսկսի համագործակցել Ռուսաստանի հետ։ Բայց իրականում պարզ է, որ Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարողանա շատ խորացնել իրենց համագործակցությունը, քանի որ ռազմավարական առումով իրենց շահերը հակակշռում են միմյանց, իսկ այդ երկրները տարբեր ռազմաքաղաքական միավորումների են անդամակցում։
Բայց ռուսական տեխնոլոգիաները ստանալով հանդերձ, մի շարք հարցերում Անկարայի շանտաժը որոշակի արդյունք է տալիս։ Օրինակ՝ տևական ժամանակ Անկարան սպառնում էր արգելափակել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց ինչ-որ մի պահի երկու երկրի համար էլ կանաչ լույս վառեց։ Ու հատկապես Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալուց հետո Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերություններում էական ջերմացում է նկատվում։

Վաշինգտոնի կողմից արդեն ընթացքի մեջ է F16 կործանիչների տրամադրման հարցի դիտարկումը։ Կանադան վերացրել է Թուրքիայի նկատմամբ ռազմական տեխնիկայի և ռազմական կոմպոնենտների վաճառքի այն արգելքը, որը հաստատվել էր Արցախյան պատերազմից հետո։ Ավելին, Ս400 ռուսական համակարգերից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը խոստանում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F35 վերջին սերնդի կործանիչների ծրագրին։ Այդ մասին կոնկրետ հայտարարել էր Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։
Մյուս կողմից էլ՝ Թուրքիային Արևմուտքը ավելի շատ է պետք թուրքական տնտեսությունը կայունացնելու համար, քանի որ լիրան մեկը մյուսի հետևից արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Իրավիճակն այնքան մռայլ է, որ հերթական անգամ փոխվեց Թուրքիայի ԿԲ նախագահը։ Եվ որպեսզի Անկարան Արևմուտքից որոշակի ֆինանսատնտեսական աջակցություն ստանա լիրայի փոխարժեքը կայունացնելու համար, թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները։

Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե Թուրքիան ընտրություն կատարելու լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջիվերջո վերջինիս կողմն է անցնելու։ Այլ հարց է, որ Ռուսաստանն, իր տեխնոլոգիաները տրամադրելով, զարգացնում է Թուրքիային, որը հետևողականորեն փորձում է հաստատվել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանին դուրս մղելու ակնկալիքով։ Մոսկվան իր ձեռքով հզորացնում է իր ապագա ախոյանին։ Անկարան իր ոտքը շատ է պնդացրել Ադրբեջանում, սակայն Թուրքիային կանգնեցնելու ճանապարհը անցնում է միայն Հայաստանով։ Եթե Հայաստանի պատնեշը վերացավ, ապա Թուրքիայի ճանապարհը բացվելու է Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից Ռուսաստանին դուրս մղելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ