26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարցը դրել են Փաշինյանի առաջ. Ժողովուրդ

ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը. իշխանականներն այս հարցը նաեւ Փաշինյանի առջեւ են դրել:

Օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ քննարկվում է, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա: Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց մնացել են անպատիժ: «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքը՝ Freenews TV-ն, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Freenews TV ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ: Եւ անգամ հրապարակումներից հետո չեն վճարել պետության պարտքերը՝ օգտվելով իշխանական իրենց կարգավիճակից:

Օրեր առաջ էլ կալանավորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել. իրավապահ համակարգի ձեւակերպմամբ՝ նա մեղադրվում է պաշտոնատար անձանց օժանդակելու համար պաշտոնական դիրքի չարաշահման հարցում։ ՔՊ-ում ասում են՝ պետք է վերջ դրվի Ալեն Սիմոնյանի շուրջ ձեւավորված այս ամենաթողության մթնոլորտին, քանի որ դա թիմի վարկանիշին է հարվածում: Որոշ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը դրել են նաեւ Նիկոլ Փաշինյանի առաջ: Իրենց այս քայլն իշխանականները բացատրում են այսպես. Ալեն Սիմոնյանը դեռ նախորդ տարի՝ ապրիլին, Երեւանի կենտրոնում թքեց քաղաքացու վրա, մնաց անպատիժ՝ չնայած հանրության շրջանում ձեւավորված խիստ դժգոհություններին: Իսկ հիմա, երբ հարցը հասել է կոռուպցիային, Ալեն Սիմոնյանը պետք է գոնե հիմա պատժվի: Բանն այն է, որ Փաշինյանն իր թիմակիցներին բազմիցս զգուշացրել է, որ կոռուպցիոն գործընթացներում ներգրավվելը չի ներվելու ոչ մեկին, իսկ հիմա Ալեն Սիմոնյանը ներվում է: Ահա այս իրավիճակը խիստ վրդովեցրել է ՔՊ-ականներին, ու Փաշինյանից պահանջել են հեռացնել Սիմոնյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա վերջին աղմկահարույց իրադարձությունների մասով, օրինական համարում է արդյոք իրավապահների գործողությունները: «Որեւէ մեկնաբանություն չունենք այս պահին. եթե ԱԺ նախագահը ցանկանա դիրքորոշում հայտնել, ապա դա կարվի»,- ասաց նա: Այսինքն՝ ասելիք չկա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ