24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կձեւավորվի ոստիկանության գվարդիա

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «ԵԽ ներգրաված փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՆԳ նախարարը հաստատել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, ինչին հաջորդել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ նախապատրաստելը։

Նախագծերի փաթեթը առանձին հանդիպումներով քննարկվել է օրենսդիր մարմնի, պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նախագծի համաձայն՝ Ոստիկանության գվարդիան հանդիսանալու է զուտ ոստիկանական ստորաբաժանում, ինչը նշանակում է, որ դրա հենասյուներից մեկը՝ Ոստիկանության զորքերը, դուրս է բերվելու «Այլ զորքերի» կազմից, և որի վրա այլևս չեն տարածվելու Զինված ուժերի կանոնագրքերը և այլ ռազմաիրավական ակտերը: Այդուհանդերձ, նոր ծառայությունը շարունակելու է մնալ ՀՀ համապարփակ անվտանգության ներքին կարևոր բաղադրիչ։

Նոր ձևավորվող ծառայության գործունեության ուղղություններն են լինելու հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական շենքերի, կարևորագույն օբյեկտների անվտանգության ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը, ռազմական և արտակարգ դրությունների իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:

Ոստիկանության գվարդիայի հիմքում լինելու են Ոստիկանության զորքերը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, Պետական պահպանության գլխավոր վարչությունը, Հատուկ նշանակության ստորաբաժանումները և Քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումը: Նախատեսվում է Ոստիկանության գվարդիայի տարածքային ստորաբաժանումներ ձևավորել ՀՀ առնվազն երեք մարզերում:

Նախագիծը ներառում է նաև վերլուծություններ՝ Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային և ինստիտուցիոնալ լուծումների միջազգային փորձի, ինչպես նաև միջազգային չափանիշների և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո հավաքների ազատության իրավունքի պատշաճ երաշխավորման վերաբերյալ:

«Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքով որոշակիացվելու են նաև Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից հարկադրանքի և ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն կիրառելու դեպքերը, հիմքերը և իրավաչափության պայմանները: Միջազգային գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել նաև Ոստիկանության գվարդիայի սպառազինության և հատուկ միջոցների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ցանկի մշակման ուղղությամբ։

Այս պահին նախագծերի փաթեթն արտաքին շրջանառության կարծիքների ամփոփման փուլում է, ինչի արդյունքում, ըստ ժամանակացույցի, ՆԳՆ ոստիկանության կազմում ձևավորվելու է Ոստիկանության գվարդիան։

Ոստիկանության գվարդիայի մեկնարկը կտրվի ծառայության կազմակերպման ոլորտային սկզբունքով, իսկ ծառայության կայացմանը զուգահեռ անցում կկատարվի ծառայության կազմակերպման ունիվերսալ մոդելի»,- ասվում է հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ