Անհրաժեշտ է ադրբեջանական գերությունից անհապաղ ազատել Արցախի նախկին ղեկավարներին. Լուիս Մորենո Օկամպո
Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ռուսաստանը, տարբեր պատճառներով անտեսել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար ցեղասպանության լուրջ ռիսկի մասին ճշգրիտ և մատչելի տեղեկատվությունը, գրում է 168.am-ը՝ հղում անելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին։
«Փոխարենը, մեծամասնությունը ցանկանում էր նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության ձեռքբերմանը՝ նոր ռազմական գործողություններից խուսափելու և կոնկրետ տնտեսական և աշխարհաքաղաքական ազգային շահերին հասնելու համար: Իսրայելը, օրինակ, շահել է Ադրբեջանին զենքի զգալի վաճառքից: Կոնվենցիայի մասնակից պետությունները չպետք է օգուտ քաղեն ցեղասպանությունից:
Ցեղասպանությունը կանխելու նրանց հանձնառությունը պահանջում է շարունակել գնահատել Հայաստանի վրա հարձակվելու նախագահ Ալիևի ցեղասպանական մտադրությունը, փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղում իրենց կյանքն ու ունեցվածքը կորցրածներին, երաշխավորել էթնիկ խմբի իրավունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց նախնիների հողը և ազատ արձակել «հայ բանտարկյալներին», – նշել է ՄՔԴ նախկին դատախազը։
Ըստ Օկամպոյի՝ սա ցեղասպանության կանխարգելման ամենահրատապ ասպեկտն է՝ վերջ դնել ցեղասպանության ավելի քան քսան զոհերի «լուրջ ֆիզիկական և հոգեկան վնասին» (Ցեղասպանության կոնվենցիայի հոդված II բ), այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահները և հինգ այլ հասարակական գործիչներ, որոնք բանտարկված են Ադրբեջանի կողմից։
«Նրանց գերությունը ցեղասպանության մի մաս է և ուղերձ` իրենց համայնքին. եթե վերադառնաս Լեռնային Ղարաբաղ, քեզ սովամահ կանեն, կբանտարկեն կամ կսպանեն: Նրանք պատանդ են դարձել։
Որպես Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 19-ի հարձակումից առաջ և հետո հետապնդվել է ադրբեջանական ուժերի կողմից։ Սակայն, ի տարբերություն մյուսների շատերի, նա կարողացել է փախչել դժվարին հանգամանքներում՝ չնայած վատ տեսողությանը։ Նրա ցուցմունքը՝ կից այս փաստաթղթին, մատնանշում է ողջ էթնիկ խմբին հասցված լուրջ հոգեկան վնաս, ինչպես սահմանված է Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի բ) կետով:
2023 թվականի դեկտեմբերի 12-ին ավելի քան 100 համաշխարհային գործիչներ, այդ թվում՝ նախկին պետությունների ղեկավարներ, Նոբելյան մրցանակակիրներ, բիզնեսի և մարդասիրական ոլորտի առաջնորդներ, պահանջել են անհապաղ և անվերապահ ազատ արձակել «հայ բանտարկյալներին»։ Ճանաչումը, որ ցեղասպանություն է իրականացվել, կխթանի մասնակից պետությունների պարտավորությունների իրականացմանը՝ կանխելու դա և օգնելու ապահովել նրանց ազատ արձակումը», – ընդգծել է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազն իր զեկույցում: