Կարմիր վանք
Կարմիր վանքը Հադրութի շրջանի Տումի գյուղի միջնադարյան փառահեղ հուշարձաններից է:
Գտնվում է գյուղի հարավային կողմում՝ Եղցու խութ անվամբ հայտնի հնավայրում:
Ցավոք, եկեղեցու ստույգ անվանումը մոռացության է մատնված, իսկ նրա վերաբերյալ մատենագրական վկայությունները սուղ են:
Մակար եպիսկոպոսի հաղորդմամբ ‹‹ Գւղիս հարաւային կողմում՝ ձորակի աջ սեռի վերայ, շինուած է հասարակ քարով:
Ամբողջապէս փլած է եկեղեցուս հարաւային պատն և թաղն կամարներով միասին:
Ունեցած է երկու դուռն հարավային և արևմտեան կողմերից:
Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ››:
Մեզ հայտնի հաջորդ հիշատակությունները վերաբերում է 1911-1912 թ. սկզբին:
Եկեղեցու կառուցման մասին տեղեկությունները քաղում ենք շինարարական արձանագրությունից, ըստ որի՝ այն շուրջ տասնմեկդարյա կառույց է:
Ի ՆԽԹ (1000) թվին Հ այոց եւ ի թագաւորութեանս տեառնն Գագիկայ՝ որդւոյ Մուսէի, ես՝ Սոփի, դուստր Մուսէի, շինեցի տուն Աստուծոյ ի փրկութիւն հոգւոյ իմոյ եւ ծնողաց իմոց:
Վիմագրում հիշատակված Գագիկ թագավորը Գորոզուի թագավորական տիտղոս կրող տիրակալն էր՝ Մուսեի (Մովսես) որդին:
Ի դեպ, նրա անվան հիշատակությամբ իշխանաց իշխան տիտղոսով մեկ այլ արձանագրություն էլ (997թ.) փորագրված էր ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի Ջոխտ Պռվածառ վանքի խաչքարերից մեկի վրա:
Շինարարական արձանագրությունը կրող երկատված այս քարը Սերգեյ Ամիրջանյանի շնորհիվ 1965թ. փոխադրվել է նախ Տումիի դպրոցի թանգարան, ապա հանգրվան է գտել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում:
Եկեղեցին ունի միանավ բազիլիկ հորինվածք, արևելյան կողմում կիսաշրջան խորանն է, որի անկյունային հատվածները չեն պահպանվել, իսկ ավելի ուշ շրջանում կատարված նորոգության հետևանքով թեքադիր շարված պատերը սրահի և խորանի կոր պատի անմիջական շարունակությունն են դարձել:
Կառուցված է հիմնականում համակ կոպտատաշ շարվածքով, կրաշաղախի համակցությամբ: Խորանի գմբեթարդը և կենտրոնում բացված լուսամուտի կամարն աղյուսաշար են:
1960-ական թթ. եկեղեցու ծածկը և հարավային պատը պահպանված չէին, իսկ 2001թ. մնացել էին միայն խորանը և հյուսիսային պատի արևելյան կեսը, որտեղ բացված է ուղղանկյուն փոքր երկու խորշ: Խորանի մեջ գտնվում է տեղահանված գեղազարդ մի խաչքար:
Կարմիր վանքի մոտ, Եղցու խութ տեղամասում է գտնվում հին գերեզմանոցը, որտեղ առկա են միջնադարից պահպանված սակավաթիվ խաչքարեր և բազմաքանակ տապանաքարեր:
Տապանաքարերի մեջ ճնշող մեծամասնությունը անարձանագիր են, սակայն հիմնականում 17-19-րդ դարերին վերաբերվող արձանագրությունները լույս են սփռում Տումի գյուղի պատմության վրա։
Օկուպացված է Ադրբեջանի կողմից։