23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ժամանակն է, որ իմանանք, թե ինչ է ցանկանում Տերը մեզանից

«Չեմ դադարում գոհություն հայտնել ձեզ համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ Հայրը փառքի, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի իրեն ճանաչելու համար» (Եփես. 1:16-18): Պողոս առաքյալն, իր խոսքն ուղղելով թե՛ եփեսացիներին և թե՛ բոլոր ժամանակների ու ազգերի քրիստոնյաներին, կարևորում է այն հանգամանքը, որ կատարելության ձգտող քրիստոնյան նախ պետք է կրթի և զարգացնի իր հոգին ու սիրտը: Ճշմարտապես կրթվում է այն անձը, որը միաժամանակ կրթում է թե՛ իր միտքը, թե՛ կամքը և թե՛ սիրտը:

Շատ հաճախ մտքի զարգացման ձգտող անձն իր առջև փակում է սրտի ու կամքի հոգևոր զարգացումն ու աճը: Կարծես մարդու մեջ արժեք ունի միայն միտքը, մնացածն անարժեք են և կարիք չունեն զարգացման: Հասարակության մի ստվար հատված, կրթության մեջ առավել կարևորելով գիտությունը, հետին պլան են մղել հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Որոշ ծնողներ կարծում են, որ հոգևոր դաշտում իրենց երեխաներին պետք է ազատություն տալ, կարծես նրանց կամքը պետք չէ ուղղորդել դեպի բարին ու ճշմարիտը: Ըստ նրանց՝ միտքն այն ուժն է, որ իրենց զավակների առջև բաց է անում գիտության դուռը, ուղղորդում բարձրագույն կրթության և աշխարհճանաչման, պատվավոր պաշտոնի, փառքի և սերունդների մեջ անմահ հիշատակի: Մարդկային մտքի գործունեությունը, իրապես, բազմապտուղ կլիներ, եթե իր հիմքում ունենար քրիստոնեական հավատը և Աստծու խոսքը, այս դեպքում մարդիկ հարուստ կլինեին ոչ միայն գիտելիքներով, այլ նաև առաքինություններով: Գիտության լույսը ողողել է մարդկանց, բայց չի ջերմացրել, հրահրել է ջանասեր և տքնաջան աշխատանքի, բայց չի ջերմացրել մարդու սիրտը Արարչի հանդեպ կենարար սիրով, մերձավորի հանդեպ կարեկցանքով և անկեղծ ընկերությամբ:

Մի՞թե գովելի է նա, որ թեև զարգացած միտք ունի, գիտակ է, տիրապետում է բազմաթիվ լեզունների, բայց անազնիվ է, անբարո և իր պահվածքի պատճառով արժանի չէ վստահության ու հարգանքի: Մի՞թե գովելի է նա, որ թեև խելացի է, բայց անխիղճ է և անգութ՝ պատրաստ ամեն չարիք գործելու իր մերձավորին: Մարդկանցից ո՞վ տեղյակ չէ, որ խաղաղ և երջանիկ հասարակական կյանքը կառուցվում է նախ և առաջ անկեղծ, խոնարհ, բարի և մաքուր սիրտ ունեցող մարդկանց սիրո ջանքերի շնորհիվ:

Այս պատմությունը վկայում է վերը նշվածը: Մի դպրոցի տնօրեն յուրաքանչյուր նոր ընդունված ուսուցչի նամակ էր հանձնում, որի մեջ գրված էր. «Հարգելի՛ ուսուցիչ, ես տեսել եմ, թե ինչ է համակենտրոնացման ճամբարը, վերապրել եմ այն, ինչ չպետք է տեսնի ոչ մի մարդ: Ես տեսել եմ, թե ինչպես են պրոֆեսիոնալ ինժեներները կառուցում գազով բանտախցեր, ինչպես են բարձրակարգ բժիշկները թունավորում երեխաներին, ինչպես են փորձառու բուժքույրերը խեղդում նորածիններին, ինչպես են բարձրագույն կրթություն ունեցողները կրակում կանանց և երեխաների վրա: Այդ պատճառով չեմ վստահում կրթությանը: Ես խնդրում եմ ձեզ, օգնեք երեխաներին մարդ դառնալ: Ձեր կրթած սերունդը չպետք է լինի կրթված հրեշ, անգիր արած հոգեկան հիվանդներ, կրթված մարդասպաններ: Խնդրում եմ, օգնեք մեր երեխաներին ավելի մարդկային լինել»:
Ինչո՞ւ է մարդ աշխարհ գալիս և ի՞նչ է սպասվում նրան մահից հետո: Մի՞թե մարդ ծնվել է երկրային կյանքի համար և երկրի վրա է մնալու հավիտենապես: Այժմյան կյանքը ոչ այլ ինչ է, քան ուղի, որով ընթանում ենք դեպի հավիտենություն: Մարդ ծնվում է ո՛չ հանուն հարստության և փառքի, ո՛չ հանուն համեղ սննդի և գեղեցիկ հագուստի, ո՛չ գեղեցիկ առանձնատան և այլ բաների համար, քանի որ այդ ամենը նա թողնելու է մահվան ժամանակ, այլ աշխարհ է գալիս, որպեսզի աստվածահաճո կյանքով ապրելով՝ հավիտենական երանության արժանանա: Հայրաբանությունը հորդորում է ծնողներին և ուսուցիչներին երեխաներին ուսացանել ոչ միայն գրագիտություն, այլ ազնիվ կյանք և Աստծու հադեպ երկյուղ, քանի որ գրագիտությունն առանց Աստծու երկյուղի, նույնն է, ինչ սուրն անմիտի ձեռքին:

Սուրբ Գիրքն ասում է՝ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է (Սաղմ. 110:10), երեխայի սրտում անհրաժեշտ է Աստծու երկյուղը սերմանել, քանի որ մարդու բնությունը մանկուց հակված է չարին: Ինչպես չարը, այնպես էլ բարին պատանի հասակում արմատանում է երեխայի սրտում և ինչին, որ սովորում է, այնպիսին էլ մնում է չափահաս տարիքում, ինչպես երիտասարդ ծառը, որ կողմ թեքես, այնպես էլ մինչև վերջ կմնա: Երեխայի սրտում Աստծու երկյուղը սերմանելու համար, պետք է նրան հաճախակի հիշեցնել, որ Աստված ամենուր է, և տեսնում ու լսում է յուրաքանչյուրի մտածումը, խոսքն ու գործը:

Երեխայի կրթության մեջ, ինչպես նշում է երանելի Հովհան Կրոնշտադտացին, հարկավոր է ամեն ինչ անել, որ երեխայի «սրտի աչքերը լուսավորվեն» (Եփես. 1:18). «Չե՞ք նկատել, որ սիրտը մեր կյանքի առաջին գործիչն է, այն տեսնում է ակնթարթորեն, ամբողջական և իր տեսածի բացառիկ գործողությունը փոխանցում է մտքին, որտեղ կատարվում է վերլուծություն: Կրթության մեջ չափազանց վտանգավոր է զարգացնել միայն բանականությունն ու միտքը՝ անուշադրության մատնելով սիրտը: Կյանքի այս աղբյուրը՝ սիրտը, անհրաժեշտ է մաքրել և նրանում միշտ վառ պահել կյանքի հուրը, որպեսզի այն այրվի ու չհանգչի՝ ուղղություն տալով մտքին, ցանկություններին և ձգտումներին»:

Երանելին ծնողներին և դաստիարակներին հորդորում է տեղի չտալ երեխաների քմահաճություններին, հակառակ դեպքում նրանք կմոռանան իրենց սիրո արժեքը, նրանց սիրտը կվարակվի չարությամբ և վաղ կկորցնեն սուրբ, անկեղծ և ջերմ սերը, իսկ չափահասության տարիքում կտրտնջան, որ մանկության տարիքում շատ են իրենց փայփայել և քմահաճությունները կատարել. «Քմահաճությունը սրտի այլասերման սաղմն է, սրտի ժանգն է և չարության սերմը: Մի՛ թողեք ձեր երեխաներին առանց ուշադրության, արմատախիլ արեք նրանց սրտից մեղքերի որոմները, պիղծ, խորամանկ և հայհոյալից մտքերը, մեղսալից սովորությունները, հակումներն ու կրքերը, քանի որ բոլոր մեղքերի սերմերը կան նաև երեխաների սրտում: Երեխաներին ներկայացրեք բոլոր մեղքերի վտանգները, մի՛ թաքցրեք նրանցից մեղքերը, որպեսզի նրանք անգիտության պատճառով չամրանան մեղսալից ունակությունների և կրքերի մեջ, որ աճում են և պտուղ բերում արդեն չափահասության տարիքում»:

Ասում են, որ մարդն ազատ է և չի կարելի նրան հարկադրել ո՛չ հավատի և ո՛չ ուսման մեջ: Երանելի Հովհան Կրոնշտադտացին այս կարծիքը համարում է դիվային. «Եթե մարդուն չհարկադրեն բարուն, այլ ապրի այնպես, ինչպես կարգադրում է իր ախտավոր սիրտը, հպարտ, կույր և անհեռատես բանականությունը, ապա ինչպիսին կլինի մարդը: Ասա՛ ինձ, ինչ վիճակում կհայտնվի մարդ, եթե իրեն չստիպի որևէ բանի, չեմ ասում բարուն, այլ անհրաժեշտին և օգտակարին: Հասարակությունը բարոյազրկվել է քրիստոնեական դաստիարակության պակասից: Ժամանակն է, որ քրիստոնյան իմանա, թե ինչ է ցանկանում Տերն իրենից. «Երանի սրտով մաքուրներին»,- ասում է Քրիստոս (Մատթ. 5:8)»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ